Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանուն մեր երկրի՝ չեք քշի

Դեկտեմբեր 10,2004 00:00

Պարզվում
է՝ հանրապետության տրակտորիստները անկախացումից հետո մինչ այսօր սխալ են «քշել» իրենց
տրակտորները, գյուղատնտեսությանը հասցնելով մեծ վնաս: Կառավարությունը
երեկ հաստատած «Գյուղմեքենաների շահագործման մասին» օրինագծով որոշել է նրանց կրթել,
մեքենաներն էլ ենթարկել ամենամյա տեխզննման: Իհարկե՝ ի հաշիվ գյուղացիների: Իսկ դրանից
առաջ տրակտորիստները պետք է որպես սեփականություն ձեւակերպեն իրենց գույքը, ընդ որում,
մուծելով 5000 դրամ՝ գրանցման, տարեկան 1800 դրամ էլ տեխզննման համար, բնապահպանական
վճարները (25-ից 33 հազար դրամ) չհաշված: «Մեր երկրում ունենք պրոֆտեխնիկական ուսումնարաններ
ու տեխնիկումներ, այնտեղ եռամսյա կուրսեր կբացենք, թող վարորդները ագրոտեխնիկա սովորեն,
քննություն տան ու վկայական ստանան»,- երեկ լրագրողներին ասաց օրինագիծը ներկայացնող
գյուղնախարարության գյուղտեխնիկայի տեսչության պետ Վարդան Ղուշչյանը: Բա որ քննությունից
կտրվեցի՞ն: «Ուրեմն նրա սեփական տրակտորը կվարի ուրիշ մեքենավար»,- «Առավոտի» անհանգստությունը
փարատեց բանախոսը: Ուսման վարձի չափը դեռ հայտնի չէ: Փոխարենը հայտնի է, որ շուրջ
17500 մեքենաների 90%-ը տասնամյակների մաշվածություն ունի: Լիովին հնարավոր է, որ
ձեռնաշեն սարքերով թարմացված տրակտորների մի մասը տեխզննման քննությունը չբռնի եւ
առանց այդ էլ գյուղացիների կարիքը չբավարարող մեքենաների քանակը էլի պակասի: Պարզվեց՝
մեր այդ մտահոգությունն էլ տեղին չէր. պարոն Ղուշչյանը վստահեցրեց, որ իրենք շատ
մեղմ չափորոշիչներ կսահմանեն. «Մենք էլ ենք հասկանում, որ նոր տրակտորները թանկ են
եւ շարքային գյուղացու գրպանի բանը չեն, պետք է հներով յոլա գնան: Չնայած կարող են
կոլեկտիվ միանալ ու գնել, այդ դեպքում խնդիրը կվերանա»: Տեխզննման համար ոչ թե մեքենաները
կգնան ստուգողների մոտ, այլ ընդհակառակը: Իսկ եթե Պետավտոտեսչությունը ճանապարհներին
հայտնաբերեց օրենքի որեւէ խախտում, ապա վարորդին կզրկի վարողի իրավունքից, առանց
տուգանային հրապարակ տանելու, որովհետեւ այդպիսին գյուղմեքենաների համար չկա: Վկայական
չունենալու պարագայում էլ վարորդներն ուղղակի կտուգանվեն «ընդհանուր կարգով»: Այսպիսով,
գյուղտեխնիկայի տեսչությունը, իր մի քանի աշխատողներով, մտադիր է ամեն տարի գյուղ
առ գյուղ «սանրել» հանրապետության ողջ տարածքը: Ովքե՞ր են ստուգելու նրանց աշխատանքի
թափանցիկությունն ու օրինականությունը՝ գյուղնախարարությունում նման կառույց չկա:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել