Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ՝ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Դեկտեմբեր 10,2004 00:00

«ԱրմենՏելի»
գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը ՀՀ կառավարության հետ բանակցություններից
հետո եւ հուլիսին այս պաշտոնում նշանակվելուց ի վեր առաջին անգամ ներկայացավ հանրությանը:
Երեկ նա մամուլի ասուլիս էր հրավիրել, որից, ինչպես նաեւ նրա այս մի քանի
ամսվա պաշտոնավարումից պարզ դարձավ, որ Հունաստանում խորհրդարանական ընտրությունների
արդյունքում «ԱրմենՏելի» մենեջմենթում փոփոխություններ էին կանխատեսում: «Առավոտը»
դրա մասին առիթ էր ունեցել գրելու: Ընկերության կառավարման վերաբերյալ պարոն Ֆետսիսի
պատկերացումները միանգամայն տարբերվում են իր նախորդներից: Դրա ամենատարրական դրսեւորումն
այն էր, որ նա բջջային հեռախոսի բաժանորդ դառնալու համար գոյացած մեծ հերթերի համար
հայցեց հասարակության ներողամտությունը: Նա խոստացավ, որ հաջորդ տարվա ընթացքում
ընկերությունը կբավարարի ողջ պահանջարկը: Իսկ «իզի» քարտերի հերթական խմբաքանակը
կթողարկվի 2005 թվականի առաջին եռամսյակում: «ԱրմենՏելն» այժմ գիտակցում է,
որ «շատ մարդիկ ցանկանում են բիզնես վարել եւ շահույթ ստանալ հիմնվելով այս ցանցի
(հեռահաղորդակցության- Ա. Ու.) վրա»: Նոր գլխավոր գործադիր տնօրենն իր ընկերության
գերխնդիրը համարում է «հեռահաղորդակցության ենթակառուցվածքի զարգացումը» եւ ըստ նրա
«պետք է գտնվի մի հավասարակշռված լուծում», ինչը եւ գտնվել է բանակցությունների միջոցով:
Բանակցությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարը համոզմունք
էր հայտնել, որ ստացանք ավելին, քան ամենալավատեսական սցենարով հնարավոր էր ստանալ
արբիտրաժում: Հետեւաբար, կարելի է ենթադրել՝ «ԱրմենՏելը» զիջել է ավելին, քան պարտադրված
կլիներ արբիտրաժից հետո: «Առավոտի» այս դիտարկմանը պարոն Ֆետսիսը չհամաձայնեց, նշելով,
որ «Հայաստանի հասարակության եւ բնակչության շահերը պաշտպանող կառավարությունը եւ
«ԱրմենՏելը» տարբեր կողմերում չեն: Երկուսի միջեւ գոյություն ունի ընդհանուր շահ:
Ի՞նչ կարող էր անել կառավարությունը «ԱրմենՏելի» դեմ, եւ եթե մենք միշտ տարաձայնեինք,
ո՞վ էր լինելու զոհը: Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը»: Բանակցությունների արդյունքները
գնահատելով՝ Վ. Ֆետսիսը որպես դրական համարեց եւ IP մենաշնորհի վերահաստատումը, եւ
բջջային կապի մենաշնորհից զրկվելը: Գլխավոր գործադիր տնօրենի տրամաբանությունը հետեւյալն
է. «արդեն ժամանակն է, որ ընկերության աշխատակիցներն ավելի լավ, ավելի շահագրգռված
աշխատեն»: Բացի այդ, ըստ Վ. Ֆետսիսի, սա լավ նախապատրաստություն կլինի աշխատակիցների
համար՝ հետագայում ֆիքսված հեռախոսակապի մենաշնորհից եւս զրկվելու համար: Վասիլիս
Ֆետսիսը ուշագրավ մի հայտարարություն էլ արեց. այսինքն՝ նա ասաց այն, ինչի վերաբերյալ
ժամանակ առ ժամանակ վեճեր էին լինում. «Ինչ-որ մեկը պետք է վճարի, որպեսզի «ԱրմենՏելը»
կարողանա գումարներ ունենալ ներդրումների համար: Բաժնետերերը՝ Հայաստանի կառավարությունը
եւ հիմնական բաժնետերը պատրաստ չեն գումարներ տրամադրել, որպեսզի հեռահաղորդակցության
ոլորտը զարգանա Հայաստանում: Դա պետք է տեղի ունենա ինչ-որ սակագնային սխեմայի միջոցով»:
Պարոն Ֆետսիսը գտնում է, որ այդ սխեման հասանելի եւ մատչելի լինի հիմնական բնակչության
համար, «բայց գործարար եւ ֆինանսապես ապահովված մասը պետք է վճարի ծառայությունների
դիմաց եւ այդպես պետք է ծածկի «ԱրմենՏելի» ինքնարժեքը եւ կոնկրետ ինչ-որ ողջամիտ
գումար ապահովի ներդրումների համար: Դա նախկինում տեղի չի ունեցել»: Գլխավոր գործադիր
տնօրենը չանդրադարձավ այն նուրբ հանգամանքին, թե ինչու OTE-ն իր սեփական միջոցները
չի ներդնում, այլ ներդրումների հարցը լուծում է իր բաժանորդներից հավաքած գումարների
հաշվին: Նա չպատասխանեց նաեւ այն հարցին, թե արդյոք «ԱրմենՏելի» հիմնական
բաժնետեր OTE-ն առաջվա նման մտադի՞ր է վաճառել իր բաժնեմասը, ինչպես հայտարարում
է ժամանակ առ ժամանակ: Հիշեցնենք, վերախմբագրված լիցենզիայով եթե ՀՀ կառավարությունը
նպատակահարմար չգտնի որեւէ ընկերության մուտքը Հայաստանի հեռահաղորդակցության շուկա,
կարող է թույլ չտալ բաժնետոմսերի վաճառքը: Չմեկնաբանեց «ԱրմենՏելից» կաշառք ուզելու
Արշակ Սադոյանի հայտարարությունները եւս: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել