Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես խուսափել հեղափոխություններից

Դեկտեմբեր 10,2004 00:00

Որոնց հիմնական պատճառը իշխանությունների՝
իրականության զգացումը կորցնելն է Հեղափոխությունը (անարյուն եւ, առավել
եւս, արյունալի) վատ բան է: Էյֆորիայի մեջ վառվող աչքերը, հրապարակներում վառվող
խարույկները, էկզալտացված մարդկանց համաձուլումը զանգվածի մեջ եւ զանգվածի ոչ ադեկվատ
վարքը որեւէ լավ բանի չեն բերում: Կյանքի հերոսական եւ ռոմանտիկ ընկալումը միշտ ժամանակավոր
է լինում: Հեղափոխություններն ու պատերազմները ծնում են հերոսներ, որոնք այնուհետեւ
դառնում են կամ խիղճը կորցրած օլիգարխներ, կամ բոմժեր: Բայց ավելի շատ դրանք ծնում
են տականքներ (ասենք՝ Նաիրի Հունանյանի նման), որոնք իրենց հերոս են երեւակայում:
Ժողովուրդների ինքնապաշտպանության բնազդը միշտ մղում է նրանց խուսափել հեղափոխություններից:
Եվ միայն հղպացած իշխանությունների ամբարտավան եւ ինքնասիրահարված վարքն է, որ կարող
է հանգեցնել այդ քաոսին: Սերբիայում, Վրաստանում եւ Ուկրաինայում Արեւմուտքն
իր ֆինանսական միջոցներով եւ իր էմիսարների միջամտությամբ իրականացրել է հեղափոխություններ:
(Ի դեպ, Հայաստանում 1996 թվականի սեպտեմբերին Արեւմուտքն այդպիսի փորձ արդեն արել
է: Թե ինչն էր ԱԺ գրոհի իրական կազմակերպիչներին հետ պահել վճռական քայլերից, դժվար
է ասել: Գուցե Վազգեն Մանուկյանի ալյանսը՝ Դաշնակցության հետ): Բոլոր թվարկված դեպքերում
որպես պատրվակ Արեւմուտքն օգտագործում է ընտրությունները, երբ հետխորհրդային ավտորիտար
եւ կրիմինալ բյուրոկրատիան (առաջին հերթին՝ ուժային), չկարողանալով ստանալ հասարակության
քվեն, դիմում է զանգվածային ընտրակեղծիքների: Այդ պատրվակը միշտ էլ կա եւ
կլինի, քանի որ 90-ականների կեսերից ոչ մի հետխորհրդային երկրում որեւէ արդար ընտրություն
չի անցկացվել: Սակայն բացի պատրվակից՝ պետք է նաեւ պատճառ եւ նախապայման: Պատճառը
հասկանալի է՝ Ռուսաստանի խամաճիկին փոխարինել սեփական խամաճիկով: Սակայն որքան էլ
Արեւմուտքը պատրվակ եւ պատճառ ունենա, որքան էլ ֆինանսավորի ընդդիմությանը եւ հայտարարի,
որ ընտրությունները կեղծված են, նա չի կարող հեղափոխություն հրահրել, եթե չկա նախադրյալների
մի ամբողջ համալիր. այդ թվում՝ ա/ ժողովրդի սոցիալական ծայրաստիճան դժգոհությունը,
բ/ իշխանության ծայրահեղ կոռումպացվածությունը, բութ ինքնահավանությունը եւ անպատժելիությունը,
գ/ հասարակություն-իշխանություն երկխոսության բոլոր կանալների շրջափակումը՝ իշխանության
կողմից: Ո՞վ կարող է ասել, որ այդ երեք նախադրյալները Հայաստանում չկան: Գուցե միայն
Գառնիկ Իսագուլյանը: Ա/ եւ Բ/ կետերի մասին խոսվում է ամեն օր՝ դրանք կարծես
թե հավելյալ մեկնաբանության կարիք չունեն: Գ/ կետով նույնպես իշխանությունը ամեն
ինչ անում է, որպեսզի ստեղծվեն հեղափոխության նախադրյալներ: Նման անհաշվենկատ քայլերից
էր ամբողջ հեռուստաեթերը կոշտ ձեւով սեփական փառաբանմանը ծառայեցնելը: Երբ, ասենք,
«Հայլուրի» մեկնաբանները զբաղվում են Քոչարյանի ապոլոգիայով եւ փնովում են բոլոր
ընդդիմադիրներին, նրանք, հավանաբար, կարծում են, որ նախագահին մեծ լավություն են
անում: (Այդպես է, ըստ երեւույթին, կարծում նաեւ ինքը՝ նախագահը): Իրականում կյանքից
հեռու բաների մասին խոսելով՝ նման ապոլոգետները միայն զայրացնում են մարդկանց, տաքացնում
են հեղափոխական տրամադրությունները: Հասարակության «ձայնը կտրելու» մարտավարությունը
միանգամայն արդարացված կլիներ, եթե մենք ապրեինք ամբողջատիրական հասարակարգում (իր
«Վրեմյայով», կոմկուսով եւ համակենտրոնացման ճամբարներով): Սակայն մեկ, առանձին վերցրած
փոքրիկ Հայաստանում, այն էլ՝ 21-րդ դարում, ամբողջատիրական ռեժիմ հաստատելը իրատեսական
չէ: Հետեւություն. եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, ապա շատ հնարավոր
է, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները իշխանական կրիմինալի
կողմից հերթական անգամ կեղծելուց հետո Արեւմուտքը հեղափոխություն անի եւ դեմ տա իր,
այսինքն՝ ընդդիմադիր թեկնածուին: Հակված եմ ենթադրել, որ նա ոչ ՀՀՇ-ից, ոչ էլ «Արդարություն»
դաշինքից կլինի: Բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել