Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԱՆԽԵԼ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԸՆԹԱՑՔԸ»

Դեկտեմբեր 10,2004 00:00

Այդպիսի
ձեւակերպում կա ՀՀՇ 14-րդ համագումարի բանաձեւում Երեկ ՀՀՇ հերթական համագումարին
չէին մասնակցում այդ կուսակցության հայտնի գործիչները՝ Բաբկեն Արարքցյանը, Արա Սահակյանը,
Ալեքսանդր Արզումանյանն ու Կարապետ Ռուբինյանը: Իսկ համագումարի ամբիոնից ամենահաճախ
հնչած արտահայտությունները դահլիճում ներկա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝
քաղաքականություն վերադառնալու նուրբ ակնարկներն էին, երբեմն ուղղակի կոչերը: Ելույթ
ունեցող 70-ամյա Մարո Այվազյանը դիմելով ՀՀ առաջին նախագահին՝ ասաց. «Դուք սպասում
եք, որ գարին դառնա քանց մասուր: Առանց ձեզ չի դառնա»: Բացի շատ զգացական
ելույթներից, հնչեցին նաեւ քաղաքական գնահատականներ ՀՀ ներկա իշխանությունների ներքին
եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը
մասնավորապես ասաց, թե ՀՀ-ում իշխանությունն արդեն վեց տարի բռնազավթված է: Նրա գնահատմամբ,
Քոչարյանն ու նրան սպասարկող ուժերը մոռացության են մատնել այն, ինչի մասին թմբկահարում
էին՝ հասնել ԼՂ անկախությանը՝ 8 հազար քառակուսի կմ տարածքով: Դրան հակառակ՝ դեռ
99-ին Ռ. Քոչարյանը Ստամբուլում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը.
«Այն, որ այսօր Հայաստանը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, այլեւս չի մտահոգում
վարչախմբին, իսկ հասարակությանն այլեւս չի զարմացնում, որ կարճվում է «Հոկտեմբերի
27»-ի գործի անջատված մասը»: ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը հատկապես
շեշտեց, թե ներկա իշխանությունների քաղաքականությունը սեփական ժողովրդին զոմբիացնելն
է, ինչը կատարվում է ղարաբաղյան շարժման ողջ պատմությունը կեղծելու միջոցով: «Դա
ամրագրվում է ոչ միայն առանձին հաղորդումներով, այլեւ ֆիլմերով եւ դասագրքերով: Մենք
այս տարիների ընթացքում կորցրել ենք պատմության անաչառ մատուցման հնարավորությունը:
Կարծում եմ՝ դա դավաճանություն է մեր անկախության նկատմամբ»,- հայտարարեց պրն Մանուկյանը՝
հավելելով, թե այդպիսի քաղաքականությամբ իշխանություններն իրենք իրենց զրկում են
ներվելու հնարավորությունից: Եղան նաեւ ինքնաքննադատական ելույթներ, որտեղ
կարծիք էր հնչում, թե ՀՀՇ-ն պասիվ է հասարակության հետ անմիջական շփումների առումով,
ինչը պարարտ հող է ստեղծում նրա նկատմամբ թյուր կարծիք ստեղծելու համար: Սխալների
թվին դասվեց նաեւ այն, որ ՀՀՇ-ի օրոք եղած մեծ ձեռքբերումները բավարար չափով ժամանակին
չեն մատուցվել հասարակությանը, որը հիմա այդ տարիները հիշում է ոչ թե որպես հաղթանակների
եւ մեծագույն ձեռքբերումների, այլ՝ «մթի ու ցրտի» ժամանակաշրջան: Իսկ ի՞նչ
է ուզում այսօր ՀՀՇ-ն: Այս իմաստով ծրագրային էր Ա. Զուրաբյանի ելույթը: Անդրադառնալով
արտաքին քաղաքականությանը՝ նա հայտարարեց. «ՀՀՇ-ն հակառուսական տրամադրություններ
չունի, սակայն մենք անկախ պետություն ենք, եւ վասալային հարաբերությունները մեզ համար
լիովին անընդունելի են: Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա ՀՀՇ-ն հետեւողականորեն
շարունակելու է իր քայլերը՝ եվրոպական արժեքներին ինտեգրվելու, հետագայում Եվրամիության
մաս կազմելու համար»: Ա. Զուրաբյանի կարծիքով, սա ընտրություն է առաջադիմության եւ
հետադիմության միջեւ, եւ այդ այլընտրանքում ՀՀՇ-ն կատարել է իր ընտրությունը. «Մենք
հետեւողականորեն աշխատելու ենք ջնջել Հարավային Կովկասում առկա բաժանարար գծերը:
Գտնում ենք, որ տարածաշրջանային երկրները հետաքրքրություն կարող են ներկայացնել քաղաքակիրթ
աշխարհի համար միայն որպես մեկ միասնական միավոր, որը ձգտում է ինտեգրացիայի: Մենք
գտնում ենք, որ պետք է ընդգրկվենք անվտանգության մեկ դաշինքում՝ ՆԱՏՕ-ում, եւ պետք
է բնականոն հարաբերություններ հաստատենք անխտիր մեր բոլոր հարեւանների հետ»: Անդրադառնալով
ներքաղաքական իրավիճակին՝ ՀՀՇ վարչության նախագահն ասաց, թե առաջիկայում իրենք լուրջ
անելիքներ ունեն. «ՀՀՇ-ն իր առջեւ խնդիր է դրել, ինչպես երկու տարի առաջ, պայքարել
ապօրինի վարչակարգի՝ Սահմանադրության նկատմամբ ոտնձգություն իրականացնելու դեմ եւ
աստիճանաբար, բայց հետեւողականորեն ակտիվացնելու է իր գործունեությունը: Ինչ վերաբերում
է ընդդիմության հետ համագործակցությանը, ապա՝ ՀՀՇ-ն երկրում սահմանադրական կարգը
վերականգնելու համար պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, եթե նրանց
հետ չկան լուրջ գաղափարական տարաձայնություններ»: Իր ընդունած մի քանի էջանոց
բանաձեւում ՀՀՇ-ն արձանագրեց. «ՀՀ-ի եւ ԼՂ-ի համար ստեղծվել է ծայրահեղ վիճակ. ՀՀ-ն
ոչ միայն կորցրել է տարածաշրջանում «ժողովրդավարության կղզու» իր երբեմնի վարկը,
այլեւ միջազգային ատյաններում եւ փաստաթղթերում շրջանառվում են նրան վերաբերող «տարածքների
բռնազավթում», «ապօրինի օգտագործում», «էթնիկական զտումներ» եւ վտանգաշատ այլ ձեւակերպումներ,
խոսվում է ՄԱԿ-ի «փաստահավաք խմբի ստեղծման», «իրավական լուծման» մասին: ՀՀ-ն կանգնած
է անհեռանկար պատերազմի եւ անիմաստ կորուստների առջեւ: Այս ամենի պատասխանատվությունն
ընկնում է վարչախմբի, նրա մաս կազմող ուժերի եւ նույն գաղափարները դավանող նրա ձեռնասուն
ընդդիմության վրա»: Արդյունքում՝ «կործանարար այս ընթացքը կանխելու ելքը», համաձայն
համագումարում ընդունված բանաձեւի, ապօրինի վարչախմբի հեռացումն է եւ օրինական իշխանության
հաստատումը, սահմանադրական կարգի վերականգնումը, ժողովրդավարության ապահովումը: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Հ. Գ. Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀՇ
վարչության նախագահ է վերընտրվել Արարատ Զուրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել