Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԼԻՆԻ՞ ՆՈՐ ՖՈՐՄԱՏ

Դեկտեմբեր 10,2004 00:00

Նոր երկունքի ցավեր ընդդիմադիր դաշտում

Այս պահին նոր միավորման ստեղծման մասին լուրերը խիստ չափազանցված են, երեկ մեզ հետ զրույցում ասաց միավորման ստեղծման նախապատրաստական աշխատանքներին մասնակցող քաղաքական ուժերից մեկի ղեկավարը։ Սակայն հաստատեց, որ ակտիվ բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ։ Առայժմ պարզ չէ, թե ինչպես է կոչվելու քաղաքական նոր կառույցը, պարզ չէ նաեւ, թե ո՞ր ուժն է լինելու լոկոմոտիվը եւ ո՞վ է լինելու լիդերը։ Բայց որ մի բան ստեղծվելու է, դա՝ հաստատ։ ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ մի շարք ուժերի հետ ակտիվ բանակցություններ են վարվում եւ, հավանաբար, նոր միավորման ստեղծումը երկար չի սպասեցնի. «Առաջին անգամ չեմ ասում, որ ես կողմնակիցը եւ ջատագովն եմ նոր ընդդիմադիր ֆորմատի ստեղծման։ Այ, այս իրավիճակում հարկավոր է նոր ընդդիմադիր ֆորմատ, որը ամբողջ պատասխանատվությունը կվերցնի իր ձեռքը։ Եվ այս գաղափարի շուրջ քաղաքական դաշտում բանակցություններ են ընթանում ընդդիմադիր մի քանի կուսակցությունների հետ»։ Պարոն Հովհաննիսյանը չուզեց կոնկրետացնել, թե որ կուսակցությունների հետ են բանակցում, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ խոսքը «Հանրապետություն», ՀԺԿ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցության մասին է։ Հովհաննես Հովհաննիսյանը այն կարծիքին է, որ «Արդարություն» դաշինքի խնդիրը 2003-ի նախագահական ընտրություններից հետո խորհրդարանական մեծամասնություն վերցնելն էր, եւ այն խորհրդարանական միավորում է։ Պարոն Հովհաննիսյանը գտնում է, որ դաշինքները երկար կյանք չեն ունենում, իսկ նորը չի լինելու դաշինք, այլ մի բան, որը դեռ անուն չունի, բայց, ըստ մեր զրուցակցի, օդի եւ ջրի պես պակասում է Հայաստանի քաղաքական դաշտին։ «Դա կլինի համագործակցության մի նոր ձեւաչափ, որը 100-97 տոկոս հարցերի նկատմամբ կունենա ընդհանուր տեսակետ։ Եթե հիմքում սա չդրվի, ապա ցանկացած միավորում ուղղակի դատապարտված է»։ Իսկ նպատակը լինելու է. «Ժողովրդավարության վերականգնումը, մեր պետության առջեւ ծառացած բոլոր հիմնախնդիրների լուծման պատասխանատվությունը վերցնելը, իսկ վերջնական նպատակը՝ իշխանափոխության իրագործումը»։ Ըստ մեր զրուցակցի, Հայաստանում չեն լինելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն նախագահականը լինելու է միայն արտահերթ. «Երկիրը այս իրավիճակից հանելու, լուրջ բարեփոխումներ անելու հնարավորությունը իշխանությունները բաց թողեցին։ Խնդիրն այսօր այն չէ, թե ով ում ինչքան է սիրում կամ չի սիրում, խնդիրն այն է, որ մենք ունենք երկիր, որի ապագայի մասին հարկավոր է մտածել եւ գործել հանուն այդ ապագայի»։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը եւս հաստատեց բանակցությունների մասին լուրերը. «Ասենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համագործակցում ենք վաղուց, նախագահականի օրերից, Հովհաննես Հովհաննիսյանի հետ համագործակցությունն ավելի ակտիվացավ, երբ ինքը կուսակցություն ստեղծեց եւ սկսեց ընդդիմադիր տեսակետներ արտահայտել։ Անհեթեթ կլինի, եթե ես այսօր ասեմ, թե նրանց հետ որեւէ դաշինքի ձեւավորումն անհնարին եմ համարում։ Բայց նույնչափ էլ անհեթեթ կլինի, եթե հայտարարեմ, որ այսօր արդեն թղթեր են նախապատրաստված, քննարկված է, թե ովքեր են դաշինքի մեջ մտնելու եւ այլն։ Այս խնդիրը գործընթացի մեջ է. գաղտնիք չէ, որ մենք մի քանի անգամ քառյակով (Ա. Սարգսյան. Ս. Դեմիրճյան, Ր. Հովհաննիսյան, Հ. Հովհաննիսյան- Մ. Ե.) հանդիպել ենք։ Շատ տեսակետներ համընկնում են եւ, հավանաբար, հասարակության մեջ նորի ցանկություն կա, այս ամենը տեղիք է տալիս մեկնաբանությունների»։ Բանակցությունների հիմքում նույն նպատակն է՝ «Երկրռւմ վերականգնել սահմանադրական կարգը, բոլոր շահագրգիռ ուժերի, հասարակության միջոցով կերտել մեր հայրենիքի ապագան, աշխարհաքաղաքական նոր իրավիճակում հստակեցնել եւ հաստատել մեր տեղն ու դերը»։ Իսկ «Արդարությո՞ւնը», արդյո՞ք այն դադարում է գոյությունը։ Արամ Սարգսյանը հավաստիացրեց, որ նման բան չկա, եւ դաշինքը շարունակում է գործել։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նկատեց, որ բանակցությունները առայժմ ընկերական խոսակցություններից այն կողմ չեն անցել. «Եթե կան մարդիկ, ովքեր ուզում են դրա մեջ տեսնել ինչ-որ նոր, շատ ավելի ուժեղ, շատ ավելի ամուր եւ կայացած բան՝ լավ է։ Կարծում եմ, դրան որեւէ մեկը դեմ չի լինի, թե՛ Ստեփան Դեմիրճյանը, թե՛ Հովհ. Հովհաննիսյանը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Բայց այսօր մենք դեռ այս փուլում ենք, եւ ոչինչ կոնկրետ չէ»։ ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ նոր ֆորմատների մասին խոսելը ժամանակավրեպ է. «Եվ իրավաբանորեն, եւ քաղաքականապես ոչ մի հիմք չկա նոր դաշինքի համար, թեպետ ՀԺԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր կիսում են մեր նպատակները եւ գաղափարակից են մեզ։ Իսկ «Արդարություն» դաշինքը արդյունավետ գործող եւ կենսունակ քաղաքական միավոր է, որը կատարում է իր առջեւ դրված խնդիրները։ ՀԺԿ նախագահը մեկ անգամ չէ, որ այս հարցի հետ կապված արտահայտել է իր դիրքորոշումը, եւ կարծում եմ, խոսակցությունները նոր դաշինքի մասին ավելորդ են»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել