Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել

Դեկտեմբեր 09,2004 00:00

Քննարկվել են էական հարցեր ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ կայացել է գործկոմի նիստ, որում քննարկվել է Հայաստանի ֆուտբոլային կյանքին վերաբերող 12 կարեւոր հարց: Գործկոմի անդամներն առաջինն անդրադարձել են «Շիրակ» ակումբի դիմումին: Հաշվի առնելով, որ «Շիրակը» մշտապես իրեն լավագույն կողմերով է դրսեւորել Հայաստանի բոլոր առաջնություններում, միշտ գրավել է մրցանակային տեղեր, եւ այն, որ թիմը մարզի եւ Գյումրիի միակ ներկայացուցիչն է բարձրագույն խմբում, ունի ֆուտբոլային հարուստ ավանդույթներ, գործկոմը որոշել է եկող մրցաշրջանում մեկով ավելացնել բարձրագույն խմբի թիմերի քանակը, որպեսզի թիմը շարունակի պայքարել հանրապետությունում ուժեղագույնների շարքում, առավել եւս, որ դա բխում է նաեւ Հայաստանում մարզաձեւի զարգացման անհրաժեշտությունից: Այնուհետեւ քննարկման առարկա է դարձել Է. Գրիգորյանի անվան մասնագիտացված մարզադպրոցի հետագա կարգավիճակի հարցը: ՀՖՖ նախագահը ներկայացրել է ՄԴ-ի՝ ֆեդերացիայի կազմում շահագործման ֆինանսական աննպատակահարմարությունը եւ առաջարկել այն 30 տարի վարձակալությամբ տալ «Բանանց» ակումբին: Դրա համար առկա են բավարար եւ ծանրակշիռ հիմքեր: Նախ, մարզադպրոցներ շահագործելը ազգային ֆեդերացիաների իրավասությունից դուրս է: Դա հիմնականում ակումբների, պետական կառույցների նախապատվությունն է: Իսկ մեր ֆեդերացիան մինչեւ հիմա վերոնշյալ ՄԴ-ի սեփականատեր է եղել՝ ելնելով ՖԻՖԱ-ի «Գոլ» ծրագրի պահանջներից միայն: Ապա «Բանանց» ակումբը պարտավորվել է կառույցն օգտագործել նպատակային նշանակությանը համապատասխան, պահպանել վարձատուի հսկողության իրավունքը, անհրաժեշտության դեպքում բազան իր ենթակառուցվածքներով անվճար տրամադրել միջազգային մրցաշարեր, հավաքական թիմերի մարզումներ, այլ մրցախաղեր եւ միջոցառումներ անցկացնելու համար: Բացի այդ, «Բանանցը» հավատ է ներշնչում իր կայունությամբ, միակ ակումբն է, որ ունի զարգացման կոնկրետ ծրագիր, պատրաստ է առաջիկա տարիներին ֆինանսական լուրջ ներդրումներ կատարել, ընդլայնել մարզադպրոցի ենթակառուցվածքները: Այս հարցը քննարկվել է նաեւ ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի համապատասխան կառույցների հետ: Լսելով այս բոլոր մեկնաբանությունները՝ գործկոմը որոշել է մարզադպրոցը վարձակալությամբ տրամադրել «Բանանց» ակումբին: Նկատի ունենալով, որ առաջնությունների կազմակերպման համար ֆեդերացիայի ծախսած տարեկան գումարները $64 հազարով գերազանցում են մուտքավճարներից գոյացող գումարները, իսկ դա նշանակում է, թե ակումբներն ըստ էության դոտացիոն կարգավիճակում են, որոշվել է բարձրագույն եւ առաջին խմբերում բարձրացնել ակումբների չափերը համապատասխանաբար հասցնելով 3,5 եւ 1,5 մլն դրամի: Սա ըստ էության չի ազդի ակումբների հնարավորությունների վրա, բայց դրա փոխարեն ֆեդերացիան լրացուցիչ այդ միջոցները կտրամադրի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: ՀՖՖ գործկոմը հաստատել է նաեւ ֆուտբոլի զարգացման բարեգործական հիմնադրամ ստեղծելու առաջարկը: Ռ. Հայրապետյանը գործկոմին է ներկայացրել երկու խնդիր, որոնք ստվեր են գցել հայկական ֆուտբոլի հեղինակության վրա: Մեկը «Փյունիկ» ակումբի մանկապատանեկան մարզիչ Յու. Մուրադյանի արատավոր վարքագիծն է, որը պատանի ֆուտբոլիստների մեջ սերմանում է անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, մյուսը «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի ղեկավար Անդերս Լեւինսենի՝ ՀՖՖ-ին հղած նամակում Գյումրիի ֆուտբոլի դպրոցի տնօրեն Գ. Ալեքսանյանի՝ ՈՒԵՖԱ-ի ծրագրի շրջանակներում Դանիա՝ սեմինարների մեկնած ժամանակ այդ երկրի խանութներից մեկում անվայել պահվածքը, որն արատավորել է հայկական պատվիրակությանը: Գործկոմը համակողմանիորեն քննարկելով երկու հարցերն էլ՝ որոշել է այդ երկու անձանց ճանաչել ֆուտբոլում անցանկալի անձ: Քննարկված մյուս հարցերից, թերեւս, կարելի է առանձնացնել նաեւ Հայաստանի 2004թ. առաջնության բարձրագույն խմբի ռմբարկուի որոշման կարգի մասին հարցը: Ռ. Հայրապետյանը, նշելով, որ այս տարի ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ այդ կոչմանը հավակնում են երկու շնորհալի երիտասարդ ֆուտբոլիստներ, իսկ կանոնակարգով միայն մեկ ռմբարկուի համար է դրամական մրցանակ նախատեսված, առաջարկել է համապատասխան փոփոխություն կատարել եւ կրկնապատկել մրցանակային ֆոնդը: Այդ առաջարկը նույնպես գործկոմի անդամներն ընդունել են հավանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել