Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՄԵՌ

Դեկտեմբեր 09,2004 00:00

ՁՄԵՌ ՊԱՊՆ ԻՐ ԷՈՒԹՅԱՄԲ ՔՐԻՍՏՈՆՅԱ Է Ըստ հայ հոգեւորականի, դա նույն ինքը սուրբ Նիկողայոսն է Եթե մեծահասակներն իրենց երազների իրականացման համար դիմում են Աստծուն, ապա երեխաների ցանկությունը իրականացնողը ամենազոր Ձմեռ պապն է: Պատահական չէ, որ փոքրիկներին սաստելու համար ծնողները խոստանում են գանգատվել Ձմեռ պապին ու զրկել նրանց հնարավոր նվերներից: Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանի բնորոշմամբ՝ Ձմեռ կամ Կաղանդ պապը իր բնույթով քրիստոնեական է ամբողջությամբ: Ըստ նրա՝ Ձմեռ պապը նույն ինքը սուրբ Նիկողայոսն է: «Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջում էր տնետուն եւ չքավոր ընտանիքների պատուհաններին գումար կամ նվերներ դնում: Ձմեռ պապի կերպարը ծագել է հենց այստեղից: «Սանտա Կլաուս» թարգմանաբար սուրբ Նիկողայոս է նշանակում: Այնպես որ, Ձմեռ պապի նվերները մանուկներն իրենց անմեղությամբ ընդունում են որպես պարգեւ Աստծուց»,- ասում է հոգեւորականը: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանում կաթոլիկների պես դեկտեմբերի 25-ին Ծննդյան տոները նշելու դեպքերին ու այդ նպատակով տպագրվող ու տարածվող բացիկներին ու գրականությանը: «Ես պիտի դատապարտեմ, երբ հայ մարդը փորձում է նմանվել կաթոլիկներին եւ նրանց հետ միասին ցանկանում է նշել Սուրբ Ծնունդը: Մենք Սուրբ Ծնունդը նշում ենք հունվարի 6-ին, կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մեզ մոտ Ծննդյան տոները միայն հունվարի 6-ով չեն սկսվում: Դրանք մեկնարկում են դեկտեմբերի 30-ին՝ Ծննդյան պահքով: Հետեւաբար մենք դեկտեմբերի վերջից սկսած պատրաստվում ենք այդ տոներին՝ Ծննդյան պահքով եւ ծոմապահությամբ»,- տեղեկացրեց քահանան: Նա պարզաբանեց, որ մեր եւ կաթոլիկների Ծննդյան տոների 9 օրվա տարբերությունը կապված է Նոր կտակարանի որոշակի դրվագների հետ: Նույն տարբերությունը առկա է նաեւ Մարիամ Աստվածածնի ավետման տոնի պարագայում: Մենք տոնը նշում ենք ապրիլի 7-ին, կաթոլիկները՝ 9 օր շուտ՝ մարտի 26-28-ին: «Կաթոլիկների Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին նշելու մյուս պատճառն այն է, որ նրանք հեթանոսությունից եկած Արեւի աստծո տոնը փորձել են մոռացնել՝ զուգորդելով այն Ծննդյան տոների հետ: Բացի այդ, Երուսաղեմում մինչեւ օրս պահպանված սովորության համաձայն, ցանկացած տոն նշում են այնտեղ, որտեղ դրա հետ կապված պատմական իրադարձություն է կատարվել: Օրինակ, Սուրբ Ծնունդը տոնում են այնտեղ, որտեղ Հիսուսն է ծնվել, Հարությունն այն վայրում, որտեղ Հիսուսը հարություն է առել, իսկ Մկրտությունը՝ Հորդանան գետի մոտ: Սա նշանակում է, որ 1 օրվա մեջ Սուրբ Ծնունդ եւ Մկրտություն նշելն անհնար էր: Դրա համար էլ կաթոլիկ եկեղեցին դեկտեմբերի 25-ին նշում էր Սուրբ Ծնունդը, հունվարի 6-ին՝ Աստվածհայտնությունը»,- պարզաբանեեց տեր Եսային: Իսկ հայ առաքելական եկեղեցին Աստվածհայտնությունը նշում է Սուրբ Ծննդյան հետ միասին՝ հունվարի 6-ին, որովհետեւ «Քրիստոսի ծննդյամբ արդեն իսկ Աստված հայտնվեց, իսկ մկրտությամբ վկայվեց, որ սա է իմ սիրելի որդին եւ ունի իմ ամբողջ բարեհաճությունը»: Ինչ վերաբերում է կաղանդ բառին, ապա այն նշանակում է որեւէ տոն նշելու կոչ, հրավեր: Հետագայում կաղանդը Հայաստանում ստացել է ամսագլուխ կամ տարեմուտ իմաստը: Հայերը Ամանորը նշում էին Նավասարդին, որը համապատասխանում է օգոստոս ամսին: Իսկ Ամանորը հունվարի 1-ին տոնելու սովորույթը գալիս է Հուլիոս Կեսարի ժամանակներից, երբ նրա հրամանով Հռոմում հունվարի 1-ը տոնվեց որպես Նոր տարի: 1317 թվականից Հայաստանը պաշտոնապես ընդունեց Հուլյան տոմարը եւ Ամանորը հունվարի 1-ին տոնելու օրենքը: 1582թ. ընդունվեց նաեւ Գրիգորյան տոմարը, որովհետեւ Հուլյան տոմարը ուներ թերություններ: Այստեղից էլ 13 օրվա տարբերությունը հին ու նոր տոմարների միջեւ: 1920թ. Հայաստանում կրկին պաշտոնապես ընդունվեց հունվարի 1-ը նշել որպես Նոր տարի: Առաջին հայացքից հունվարի 1-ը կապ չունի քրիստոնեության հետ: Սակայն ըստ տեր Եսայու՝ «Մենք նշում ենք նոր տարվա սկիզբը ճիշտ տոմարով արձանագրված եւ հաստատագրված»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել