Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ

Դեկտեմբեր 09,2004 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱԼ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հիմնավորում է հայաստանյան զորամիավորումը Իրաք ուղարկելու որոշումը Շուտով խորհրդարան կբերվի Իրաք հայկական զորամիավորում ուղարկելու մասին պայմանագիրը, որի մասին երեկ Սահմանադրական դատարանը դրական որոշում է կայացրել: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այն կարծիքին է, որ՝ «Մեր խորհրդարանի ճնշող մեծամասնությունը պետության շահերը հետապնդող մարդիկ են, եւ վստահ եմ, որ որեւէ հուզական որոշում չեն կայացնի»: Մենք նկատեցինք, որ այժմ այնպիսի իրավիճակ է, երբ մի շարք այլ երկրներ մտածում են իրենց զորքերը Իրաքից դուրս բերելու մասին, տպավորություն կա, որ փոշմանել են, որքանո՞վ է ճիշտ այս պահին հայկական զորամիավորումների՝ Իրաք ուղարկման մասին որոշում կայացնելը: Սերժ Սարգսյանը հակադարձեց. «Ի՞նչ գիտեք, որ փոշմանել են, արդյո՞ք դուք լիազորված եք ուրիշ երկրների կողմից հայտարարություններ անել: Իսկ երբ այդ երկրները զորամիավորումներ էին ուղարկում Իրաք, այնտեղ իրավիճակը ավելի լարված չէր, քան այսօր: Այսինքն՝ պատճառը ամենեւին էլ Իրաքում իրավիճակը չէ: Իսկ եթե պատճառը իրավիճակը չէ, ապա մենք բոլորովին իրավունք չունենք ղեկավարվելու ուրիշների շահերով: Աշխարհի 94 երկիր տարբեր ձեւերով մասնակցում են Իրաքի վերականգնման աշխատանքներին: 66 երկիր կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչներ ունեն, 32 երկիր զորք ունի այնտեղ, այսինքն՝ այս կամ այն ձեւով մասնակցում են Իրաքի վերականգնման աշխատանքներին, մենք իրավունք չունենք այդ գործընթացից դուրս մնալ»: Պաշտպանության նախարարը նկատեց, որ հարցը ԱԺ-ում շատ ավելի մանրամասն կքննարկվի: Հուշագրին միանալու հայտարարության մեջ Հայաստանը նշելու է բոլոր այն վերապահումները, որ պետք է կիրառվեն մեր զորամիավորման համար: Մեր զինծառայողները կարող են մասնակցել միայն պաշտպանական, մարդասիրական գործողությունների, նրանք չեն կարող ադրբեջանական զորամիավորումների հետ մասնակցել գործողությունների եւ այլն: «Առավոտը» փոխանցելով որոշ պատգամավորների կարծիքը՝ Իրաք հայկական զորամիավորումներ ուղարկելու մասին, ասաց, որ շատերն այն կարծիքին են, թե այսպիսով Հայաստանը շեշտում է իր արեւմտյան ուղղվածությունը եւ մի կողմ է քաշվում Ռուսաստանից: Եվ քանի դեռ Հայաստանը չի հստակեցրել իր աշխարհաքաղաքական դիրքորոշումը, չի կարելի նման քայլի գնալ: Պաշտպանության նախարարի կարծիքով՝ ամենեւին էլ այդպես չէ. «Կարծում եմ՝ այդպես մտածողներն այն մարդիկ են, որոնք բավարար չափով չեն տիրապետում աշխարհում տեղի ունեցող գործընթացներին եւ փորձում են իրենց տնայնագործական կարծիքը փաթաթել ուրիշի վզին: Եվ եթե այդ մարդիկ իրենց մի փոքր նեղություն տային, ապա շատ հանգիստ կարող էին ծանոթանալ երկրների այն ցուցակին, որը հայտնի է, եւ կտեսնեին, որ այդ ցուցակում Ռուսաստանն էլ կա: Այսինքն՝ ինչո՞ւ անպայման որեւէ քայլ ինչ-որ մարդիկ փորձում են հակադրել ՌԴ-ին կամ Միացյալ Նահանգներին: Ես համոզված եմ, որ այդպիսի մոտեցումները մեր երկրին օգուտ չեն տալիս»: Սակայն ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նույնպես մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Իրաք զորամիավորում ուղարկելու հարցում հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել, քանի որ դա անմիջական վտանգավոր ազդեցություն է ունենալու արաբական երկրներում հայ համայնքի վրա: Այսինքն՝ լուրջ վտանգներ է տեսնում նաեւ իշխանություն ներկայացնող քաղաքական ուժը: «Իսկ ո՞վ է ասել, որ չկան այդ վտանգները: Ճիշտ է ասում Արմեն Ռուստամյանը, որ խնդրին պետք է շատ լուրջ մոտենալ: Մենք այդ պատճառով էլ շատ լուրջ ենք մոտեցել: Սակայն արդյո՞ք մեր՝ զորամիավորում չուղարկելը երաշխիք է, որ մեր համայնքին շատ ավելի լավ կվերաբերվեն: Բոլորին հայտնի է, որ Իրաքում պայթեցված առաջին եկեղեցին հայկական եկեղեցի էր: Եվ դա եղել է այն ժամանակ, երբ Հայաստանում ընդհանրապես խոսք անգամ չկար մասնակցության մասին»,- հակադարձեց պաշտպանության նախարարը: Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ չկա այնպիսի որոշում, որը կարելի է գնահատել որպես հարյուր տոկոսանոց օգտակար, իսկ եթե Հայաստանը դուրս մնա այն պրոցեսներից, որոնց մասնակցում են աշխարհի 94 երկրներ, ուղղակի անհասկանալի կլինի նույն աշխարհի կողմից: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել