Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքը վերցրեցին՝ ներդրում չկատարեցին

Դեկտեմբեր 09,2004 00:00

Տարածքը վերցրեցին՝ ներդրում չկատարեցին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը երեկ կառավարությանը ուղղված հարց ուներ, որը վերաբերում էր «Ձորաղբյուրի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի 30 հեկտար հողատարածքը «Սիրկապ Արմենիա» ընկերությանը հանձնելու խնդրին եւ չկատարված ներդրումներին։ 2002 թվականի հոկտեմբերի 24֊ին «Արարատ» ֆուտբոլային ակումբի եւ «Ձորաղբյուրի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ֊ի միջեւ կնքվել է «Ներդրումների իրականացման պայմանով կնքված անշարժ գույքի՝ հողի, նրա վրա գտնվող շենքերի եւ շինությունների վարձակալության» պայմանագիր: Այդ պայմանագրով վարձակալը, տվյալ պարագայում՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբը, պարտավորվել է օբյեկտն օգտագործել պայմանագրի պայմաններին եւ դրա նշանակությանը համապատասխան, ժամանակին եւ պատշաճ կերպով կատարել սահմանված ներդրումային պարտավորությունները եւ այլն։ Վարձակալը պարտավորվել է երեք տարվա ընթացքում օբյեկտի կառուցապատման, շենքերի, շինությունների վերանորոգման եւ ներքին հարդարման, սանիտարական եւ շրջակա միջավայրի կանաչապատման աշխատանքների իրականացման նպատակով ներդնել ոչ պակաս, քան 1.500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Ընդ որում, հստակ նշված է, թե 2003 թվականից սկսած ինչպիսի ներդրումներ պիտի արվեին յուրաքանչյուր տարի: 2003 թվականի դեկտեմբերի 10-ին Պետական գույքի օտարման պայմանագրով, որը կնքվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության եւ «Սիրկապ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջեւ, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Ձորաղբյուրի գլխավոր մարզահամալիր» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված 8026 քմ ընդհանուր մակերեսով շենքերն ու 431,25 քմ ընդհանուր մակերեսով շինությունները՝ քանդման պայմանով, ուղղակի վաճառքի ձեւով 25 միլիոն 243 հազար դրամով վաճառվել է հիշյալ ընկերությանը։ Այս պայմանագրով «Սիրկապ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվել է մարզահամալիրի կառուցման եւ տարածքի բարեկարգման նպատակով մինչեւ 2007 թվականը կատարել 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Տվյալ դեպքում նույնպես սահմանված է 2004-ից սկսած ներդրումների «ժամանակացույցը»: Սակայն հայտնի է, որ առայսօր չեն կատարավել ներդրումային պարտավորությունները, եւ ավելին՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, որը, ըստ պատգամավորի, «կայացվել է տարօրինակ իրավիճակում, առանց պետական կառույցի ներկայացուցչի մասնակցության», «Ձորաղբյուրի գլխավոր մարզահամալիր» ընկերության 30 հեկտար հողատարածքը ճանաչվել է «Սիրկապ Արմենիա» ընկերության սեփականությունը: Կառավարությունը խոստացավ հարցը քննել եւ պատասխանել: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել