«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ՈՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է» Հիշեցնում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը – Վերջին շրջանում միջազգային կառույցներում առավել սրվել է Արցախի հարցի նկատմամբ ուշադրությունը: Որքանո՞վ է հնարավոր իրավիճակի ոչ հայանպաստ զարգացումը: – Մեկ այլ առիթով ես արդեն ասել եմ, որ այս իրավիճակը ինձ հիշեցնում է 1992 թվականը, այսինքն` երբ հերթական անգամ ավելորդ աղմուկ էր բարձրացվել: Եթե հիշում եք, այն ժամանակ էլ բոլորը աղմկում էին, որ իբր արդեն Ղարաբաղը ծախել են, Ղարաբաղը տվել են, մենք պարտվել ենք եւ այլն: Բայց, ինչպես տեսաք, այդպես չեղավ: Այսօրվա աղմուկը նույնի կրկնությունն է: Բոլորովին անհիմն աղմուկ է: Հանրապետության նախագահը մի քանի անգամ հայտարարել է, նույնը հայտարարել եմ նաեւ ես, որ Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել հայտնի երեք պայմանների առկայության պայմաններում միայն (բացառել Ղարաբաղի ենթակայությունը Ադրբեջանին, բացառել Ղարաբաղի անկլավային վիճակը, ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը.- խմբ): Սա է իրականությունը, իսկ մնացածը պարզապես չհիմնավորված աղմուկ է: – Ուրեմն ինչո՞վ եք բացատրում միջազգային կառույցների ակտիվացումը: – Իսկ ե՞րբ միջազգային կառույցները ակտիվ չեն եղել, ե՞րբ են ասել, որ հարցը լուծված է, կամ՝ ե՞րբ են անտարբեր եղել հարցի նկատմամբ: Պայքար է, եւ պայքարը շարունակվում է: Որեւէ մեկը դեռեւս չի հայտարարել, որ պայքարն ավարտվել է, մենք հաղթել ենք եւ կեցցե Հայաստանին միացած կամ անկախ Ղարաբաղը: – Պարոն նախարար, ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի՝ խրամատներում կոմուֆլյաժով հայտնվելը տարաբնույթ եզրակացությունների տեղիք տվեց: Կարծիքներ եղան, որ դուք խրամատներից դեռ դուրս չեք եկել եւ դրանով ուզեցիք ցույց տալ, որ պատրաստ եք պատերազմի: – Ոչ հանրապետության նախագահը, ոչ էլ ես, ժողովրդական լեզվով ասած՝ խամ չենք խրամատներին եւ տարվա մեջ մեկ անգամ չէ, որ լինում ենք դիրքերում: Այստեղ որեւէ այլ ենթատեքստ փնտրել հարկավոր չէ, բացի նրանից, որ հանրապետության նախագահը ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ուզում էր սեփական աչքերով տեսնել իրավիճակն առաջին գծում: Սա է իրականությունը: Իսկ որ 2004 թվականին այնտեղ հսկայածավալ աշխատանք է կատարվել, կարծում եմ` նաեւ դուք եք դա տեսել, որովհետեւ եղել եք այնտեղ: – Ինչո՞ւ է պաշտպանության նախարարը հետաքրքրվում «Ընտրական օրենսգրքի» ճակատագրով եւ անձամբ միջամտում, գալով խորհրդարան՝ խորհրդակցելու կամ համոզելու քաղաքական ուժերին: – Եկել էի խորհրդակցելու, իմանալու մեծամասնական ընտրատարածքներից ընտրված պատգամավորների կարծիքը: Ուղղակի ինձ համար հետաքրքիր էր, թե նրանք ինչպես են մտածում, ինչ տեսակետ ունեն: Եվ, կարծում եմ, մարդկանց անհանգստությունը տեղին էր: Որովհետեւ դա այն փաստաթուղթն է, որը պետք է ընդունվի եթե ոչ բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ, գոնե քաղաքական ուժերի մեծ մասի համաձայնության պայմաններում: Որեւէ ճնշում կամ որեւէ այլ նպատակ չկար, ինչպես փորձում էին ներկայացնել ոմանք: Ինչպես գիտեք, հարցը հետաձգվել է մինչեւ փետրվար, եւ դա ճիշտ քայլ էր: Այս հարցում շ տապողականությունը որեւէ օգուտ չէր տալու: Անհրաժեշտ է, որպեսզի եվրոպական կազմակերպությունները ուսումնասիրեն այդ փաստաթուղթը, իրենց դիտողությունները կամ խորհուրդները ներկայացնեն եւ ասեն՝ այն համապատասխանո՞ւմ է եվրոպական չափանիշներին, թե՞ ոչ: – Այնուամենայնիվ, տարօրինակ չէ՞, որ երկրի պաշտպանության նախարարը հետաքրքրվում է նման հարցով: – Ես որեւէ տարօրինակություն այստեղ չեմ տեսնում: Այս փաստաթուղթը հետաքրքրում է բոլոր նախարարներին, կառավարության բոլոր անդամներին: Եվ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է, եթե ունի հնարավորություն եւ ի վիճակի է, դրական ազդեցություն ունենալ այս փաստաթղթի ընդունման գործում: Նույնիսկ սովորական քաղաքացիներն են պարտավոր իրենց վերաբերմունքը ցույց տալ այս հարցում: – Հնարավո՞ր է, որ «Ընտրական օրենսգիրքը» դառնա կոալիցիայի պառակտման փորձաքար: Եվ ինչպիսի՞ իրավիճակ կլինի կոալիցիայի քանդվելուց հետո: – Չեմ կարծում, որ «Ընտրական օրենսգիրքը» կարող է կոալիցիայի քանդվելու հիմք դառնալ: Որովհետեւ զուտ մեկ հարցի շուրջ անհամաձայնությունը չի կարող քանդել կոալիցիան: Սակայն միանշանակ է, որ կոալիցիայի քանդվելու դեպքում իրավիճակը երկրում կտրուկ կփոխվի: Այս պահին դա ցանկալի չէ, որովհետեւ տնտեսական ցուցանիշները նորմալ են, 12-13 տոկոս աճը փոքր ցուցանիշ չէ: Ճիշտ է, գուցե դա դեռեւս այնքան ազդեցություն չի թողնում սովորական քաղաքացիների կենսակերպի վրա, կամ՝ եթե ազդեցություն թողնում է, նրանց կողմից առայժմ չի նկատվում, սակայն շատ շուտով այդ ազդեցությունը զգալի է լինելու: Եվ հետո, վերցրեք եւ համեմատեք այս տարվա եւ նախորդ տարվա բյուջեն: Ակնհայտ է, որ տարեցտարի բյուջեն մեծանում է: Իսկ քաղաքական իրավիճակի փոփոխությունը կարող է այլ հետեւանքների հանգեցնել: – Հիմա խոսվում է նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին. որքանո՞վ է այս կարծիքը իրատեսական: – Ես այն մարդկանցից եմ, ովքեր կարող են մեծ դերակատարություն ունենալ այդ պրոցեսում: Այդպիսի բան չեմ լսել: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ