Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ

Դեկտեմբեր 09,2004 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ՉԻ՞ ԼԻՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՐԿԻՐ 2005-ի վերաբերյալ նման կանխատեսում հնչեց երեկ ԱԺ վերջին եռօրյայում բյուջեի քննարկման ժամանակ, որը կշարունակվի արդեն արտահերթ նստաշրջանում: Մշտական հանձնաժողովներում քննարկումների ժամանակ 2005-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հետաքրքրում էր առավելագույնը 10-15 պատգամավորի՝ 131-ից: Երեկ էլ լիագումար նիստում բյուջեի քննարկմանը ներկա էին հազիվ 30 պատգամավորներ: Մի-երկուսը ՀՅԴ-ից էին, եւս 2-3-ը՝ ՄԱԿ-ից եւ ամբողջ կազմով բացակայում էր «Ժողպատգամավոր» խումբը (մի պահ դահլիճում հայտնվեց միայն խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանը): Փոխարենը՝ պատգամավորներն արդեն իսկ 460 առաջարկ են ներկայացրել բյուջեի վերաբերյալ: «Առավոտի» ենթադրությանը, թե դրանց մեծամասնությունը հիմնականում իրենց ընտրատարածքներին առնչվող այս կամ այն խնդրի ֆինանսավորմանն է վերաբերում՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը պատասխանեց հաստատաբար. «Միանշանա՛կ»: Վարդան Խաչատրյանը երեկ ԱԺ-ում կրկնեց իր այն հավաստիացումը, թե 2005-ին մեզ հաջողվելու է հասնել 1989-ի ՀՆԱ-ի աճի մակարդակին: Եվ արձագանքելով մամուլի՝ այս առնչությամբ հեգնալից հարցադրումներին, թե արդյոք հաջորդ տարի նո՞ւյն կերպ ենք ապրելու, ինչ 1989-ին՝ ասաց. «Նույն ձեւի՝ հավասար չենք ապրելու: Կա բեւեռացում, որի արդյունքում տարբեր է եկամուտների բաշխումը: Ուստի 2005-ի ՀՆԱ-ի այդ աճի արդյունքներն, իհարկե, այնպես հավասարաչափ չեն բաշխվի, ինչպես բաշխվում էր 1989-ին»: Սակայն երեկ Վարդան Խաչատրյանն ավելի ուշագրավ պնդում արեց, քան 1989-ի աճին հասնելու եւ անցնելու մասին հայտարարությունն էր: «2005-ի ավարտին գոնե տնտեսության մեջ իսպառ կվերանա «անցումային տնտեսությամբ պետություն» հասկացությունը,- ԱԺ ամբիոնից խոստացավ նախարարը:- Անցումը խնդիր ուներ սեփականության մի ձեւից ու կառավարման համակարգից անցնելու մեկ այլ համակարգի: Իսկ մեր ՀՆԱ-ի 80 տոկոսից ավելին այժմ տալիս է մասնավոր հատվածը, որից 35-38 տոկոսը՝ փոքր եւ միջին ձեռներեցները: Այսինքն՝ այս առումով անցումը սեփականության մի ձեւից մյուսին ավարտված է»: Վարդան Խաչատրյանը նաեւ նշեց, որ երբ «անցում» բառն այլեւս չի բնութագրի մեր երկրի զարգացման միտումները՝ «կարելի կլինի փոխել անունը՝ զարգացող երկիր կամ աղքատ երկիր»: Անգամ ԱԺ պատգամավոր Վազգեն Խաչիկյանը հրապարակավ տարակուսեց, թե այսինքն՝ մինչեւ հիմա մենք ի՞նչ պետություն էինք: Նույն հարցը հետո մենք կրկնեցինք եւ պրն Խաչատրյանից ստացանք՝ «զարգացող պետություն» պատասխանը: Ուշագրավ է, թե ինչ հարցադրումներ երեկ հասցրին ուղղել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին պատգամավորները: Վազգեն Խաչիկյանին, ասենք, հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է 2 անգամ ավելացել սպորտի ֆինանսավորումը՝ արդյոք պայմանավորված է օլիմպիադայում հաջողություններո՞վ: Պարզվեց, որ ավելացումը նպատակաուղղվելու է դպրոցներում ֆիզկուլտուրային: Սուքիաս Ավետիսյանը դժգոհեց, թե ինչո՞ւ բյուջեում տող չկա երկրաշարժի գոտում բնակշինարարության վերաբերյալ: Նախարարը վստահեցրեց, թե կառավարությունը շարունակելու է գումարներ հատկացնել աղետի գոտուն. «Անկախ նրանից, թե ով է քաղաքապետը եւ ինչպես է մտածում (օրերս Գյումրիի քաղաքապետը հեռուստատեսությամբ սաստիկ քննադատել էր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին.- Ա. Ի.)՝ պետությունը Գյումրիի համար անելու է ամեն ինչ, ինչպես արել է մինչեւ հիմա»: Ռաֆիկ Պետրոսյանը հիշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը դժգոհում էր իր աշխատակազմին հատկացված գումարներից եւ հետաքրքրվեց, թե հավելյալ գումարներ հատկացվելո՞ւ են: Վարդան Խաչատրյանը պատասխանեց, թե լուծվել են հիմնական պահանջները: Եվ վերջապես՝ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն էլ հետաքրքրվեց, թե քանի որ բյուջեում 16 մլրդ դրամի ավելցուկ կա՝ հնարավո՞ր է դրա մի մասը, ասենք՝ 6 միլիոն դոլարին համարժեք գումար հատկացնել ավանդների փոխհատուցմանը: Հետեւեց ավանդական «ո՛չ» պատասխանը: «Մենք աշխատելու ենք ձեռնպահ մնալ այդպիսի գումարներ դնել բյուջեում,- ասաց նախարարը՝ նշելով, թե բյուջեում առանց նախագծային հիմնավորման գումար սահմանելը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր:- Ցանկություններով բյուջե չենք կարող կազմել: Բայց եթե քաղաքական որոշում լինի, որոշվեն չափերը՝ կառավարությունը պարտավոր կլինի կատարել օրենքը»: Մենք էլ հետաքրքրվեցինք, թե քանի որ ուժայինները դժգոհ էին իրենց ֆինանսավորումից՝ ավելացվելո՞ւ են մասնավորապես պաշտպանությանը նպատակաուղղված հատկացումները: Վարդան Խաչատրյանը վստահեցրեց, թե այդ համակարգին հատկացվելիք գումարներն ավելացվելու են՝ կազմելով 2,6 տոկոսի փոխարեն ՀՆԱ-ի 2,7 տոկոսը, ինչպես անցյալ տարիներին էր: Այսինքն՝ պարզվում է, որ այս ամբողջ աղմուկը 0,1 տոկոսի համար էր: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել