Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են էական հարցեր

Դեկտեմբեր 09,2004 00:00

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում
է, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ կայացել
է գործկոմի նիստ, որում քննարկվել է Հայաստանի ֆուտբոլային կյանքին վերաբերող 12
կարեւոր հարց: Գործկոմի անդամներն առաջինն անդրադարձել են «Շիրակ» ակումբի
դիմումին: Հաշվի առնելով, որ «Շիրակը» մշտապես իրեն լավագույն կողմերով է դրսեւորել
Հայաստանի բոլոր առաջնություններում, միշտ գրավել է մրցանակային տեղեր, եւ այն, որ
թիմը մարզի եւ Գյումրիի միակ ներկայացուցիչն է բարձրագույն խմբում, ունի ֆուտբոլային
հարուստ ավանդույթներ, գործկոմը որոշել է եկող մրցաշրջանում մեկով ավելացնել բարձրագույն
խմբի թիմերի քանակը, որպեսզի թիմը շարունակի պայքարել հանրապետությունում ուժեղագույնների
շարքում, առավել եւս, որ դա բխում է նաեւ Հայաստանում մարզաձեւի զարգացման անհրաժեշտությունից:
Այնուհետեւ քննարկման առարկա է դարձել Է. Գրիգորյանի անվան մասնագիտացված
մարզադպրոցի հետագա կարգավիճակի հարցը: ՀՖՖ նախագահը ներկայացրել է ՄԴ-ի՝ ֆեդերացիայի
կազմում շահագործման ֆինանսական աննպատակահարմարությունը եւ առաջարկել այն 30 տարի
վարձակալությամբ տալ «Բանանց» ակումբին: Դրա համար առկա են բավարար եւ ծանրակշիռ
հիմքեր: Նախ, մարզադպրոցներ շահագործելը ազգային ֆեդերացիաների իրավասությունից դուրս
է: Դա հիմնականում ակումբների, պետական կառույցների նախապատվությունն է: Իսկ մեր
ֆեդերացիան մինչեւ հիմա վերոնշյալ ՄԴ-ի սեփականատեր է եղել՝ ելնելով ՖԻՖԱ-ի «Գոլ»
ծրագրի պահանջներից միայն: Ապա «Բանանց» ակումբը պարտավորվել է կառույցն օգտագործել
նպատակային նշանակությանը համապատասխան, պահպանել վարձատուի հսկողության իրավունքը,
անհրաժեշտության դեպքում բազան իր ենթակառուցվածքներով անվճար տրամադրել միջազգային
մրցաշարեր, հավաքական թիմերի մարզումներ, այլ մրցախաղեր եւ միջոցառումներ անցկացնելու
համար: Բացի այդ, «Բանանցը» հավատ է ներշնչում իր կայունությամբ, միակ ակումբն է,
որ ունի զարգացման կոնկրետ ծրագիր, պատրաստ է առաջիկա տարիներին ֆինանսական լուրջ
ներդրումներ կատարել, ընդլայնել մարզադպրոցի ենթակառուցվածքները: Այս հարցը քննարկվել
է նաեւ ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի համապատասխան կառույցների հետ: Լսելով այս բոլոր մեկնաբանությունները՝
գործկոմը որոշել է մարզադպրոցը վարձակալությամբ տրամադրել «Բանանց» ակումբին: Նկատի
ունենալով, որ առաջնությունների կազմակերպման համար ֆեդերացիայի ծախսած տարեկան գումարները
$64 հազարով գերազանցում են մուտքավճարներից գոյացող գումարները, իսկ դա նշանակում
է, թե ակումբներն ըստ էության դոտացիոն կարգավիճակում են, որոշվել է բարձրագույն
եւ առաջին խմբերում բարձրացնել ակումբների չափերը համապատասխանաբար հասցնելով 3,5
եւ 1,5 մլն դրամի: Սա ըստ էության չի ազդի ակումբների հնարավորությունների վրա, բայց
դրա փոխարեն ֆեդերացիան լրացուցիչ այդ միջոցները կտրամադրի մանկապատանեկան ֆուտբոլի
զարգացմանը: ՀՖՖ գործկոմը հաստատել է նաեւ ֆուտբոլի զարգացման բարեգործական
հիմնադրամ ստեղծելու առաջարկը: Ռ. Հայրապետյանը գործկոմին է ներկայացրել երկու
խնդիր, որոնք ստվեր են գցել հայկական ֆուտբոլի հեղինակության վրա: Մեկը «Փյունիկ»
ակումբի մանկապատանեկան մարզիչ Յու. Մուրադյանի արատավոր վարքագիծն է, որը պատանի
ֆուտբոլիստների մեջ սերմանում է անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, մյուսը «Բաց
զվարճալի ֆուտբոլ» ծրագրի ղեկավար Անդերս Լեւինսենի՝ ՀՖՖ-ին հղած նամակում Գյումրիի
ֆուտբոլի դպրոցի տնօրեն Գ. Ալեքսանյանի՝ ՈՒԵՖԱ-ի ծրագրի շրջանակներում Դանիա՝ սեմինարների
մեկնած ժամանակ այդ երկրի խանութներից մեկում անվայել պահվածքը, որն արատավորել է
հայկական պատվիրակությանը: Գործկոմը համակողմանիորեն քննարկելով երկու հարցերն էլ՝
որոշել է այդ երկու անձանց ճանաչել ֆուտբոլում անցանկալի անձ: Քննարկված
մյուս հարցերից, թերեւս, կարելի է առանձնացնել նաեւ Հայաստանի 2004թ. առաջնության
բարձրագույն խմբի ռմբարկուի որոշման կարգի մասին հարցը: Ռ. Հայրապետյանը, նշելով,
որ այս տարի ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ այդ կոչմանը հավակնում են երկու
շնորհալի երիտասարդ ֆուտբոլիստներ, իսկ կանոնակարգով միայն մեկ ռմբարկուի համար է
դրամական մրցանակ նախատեսված, առաջարկել է համապատասխան փոփոխություն կատարել եւ
կրկնապատկել մրցանակային ֆոնդը: Այդ առաջարկը նույնպես գործկոմի անդամներն ընդունել
են հավանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել