Օպտիմալացված
ուսուցիչներին հոգեբանական ծառայություններ կմատուցեն «Կրթության որակի եւ
համապատասխանեցման» ծրագիրը, որ կրթական համակարգում իրականացվում է Համաշխարհային
բանկի ֆինանսավորմամբ, ունի «Դպրոցական աշխատակազմի օպտիմալացման եւ սոցիալական աջակցության»
ենթածրագիրը: Դրա նպատակները երեկ ներկայացրեց «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալությունը:
Վերջինս էլ հենց իրականացնում է ենթածրագիրը, որի համար նախատեսված է 1 մլն 170 հազար
դոլար: Ծրագիրը նախ ենթադրում է խորհրդատվական եւ հոգեբանական ծառայությունների
մատուցում՝ օպտիմալացման արդյունքում կրճատված ուսուցիչներին: Նախատեսվում է անցկացնել
վերաորակավորման եւ վերապատրաստման դասընթացներ՝ տարբեր մասնագիտությունների գծով:
Մինչեւ անգամ՝ գործարարությամբ զբաղվելու նախասիրություններ ունեցող ուսուցիչների
համար նախատեսվում են փոքր բիզնեսի աջակցության ծառայություններ: Այդ ամենի ընտրությունը
կատարելու են հենց ուսուցիչները: Իսկ թոշակի տարիքի ուսուցիչները միայն կստանան
ֆինանսական աջակցություն, եթե տան միակ կերակրողը չեն: Առ այսօր, ըստ գործակալության
պետ Սոնա Հարությունյանի, կրճատված ուսուցիչներից տարածքային կենտրոններ դիմել եւ
հաշվառվել են 1500-ից ավելին, եւ նրանցից 1200-ը ստացել են գործազուրկի կարգավիճակ:
Ըստ Ս. Հարությունյանի, 2003-ի հունվարի մեկից մինչ այսօր իրենք հաշվառել են 6000
կրճատված ուսուցիչ: ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, սակայն, «օպտիմալացվածների» ընդհանուր
թիվ չցանկացավ հրապարակել, քանի որ, ըստ նրա, «կրճատված ուսուցիչները ցուցակներում
շատ դեպքերում հիմնական աշխատանք չեն կորցրել, համատեղողներ են եղել, կամ նայած թե
ինչ հոդվածներով են աշխատանքից ազատվել»: Ի դեպ, գյուղական դպրոցների ուսուցչական
թափուր տեղերը, ըստ պրն Ավետիսյանի, այս պահի դրությամբ լրացվել են 173-ով, ինչը
պահանջվածի կեսն է միայն: Այսպիսով, կրճատված ուսուցիչները կարող են դիմել
իրենց տարածքի զբաղվածության ծառայություն եւ հաշվառվել որպես աշխատանք փնտրող: Այնուհետեւ
նրանք իրենց ներկայացվող աշխատանքների ցանկից, որն էլ կազմված է ըստ աշխատաշուկայի
պահանջների, կարող են ընտրել վերապատրաստման կամ միանվագ օգնություն ստանալու ճանապարհը:
Հ. Բ.