Ըստ
հայ հոգեւորականի, դա նույն ինքը սուրբ Նիկողայոսն է Եթե մեծահասակներն
իրենց երազների իրականացման համար դիմում են Աստծուն, ապա երեխաների ցանկությունը
իրականացնողը ամենազոր Ձմեռ պապն է: Պատահական չէ, որ փոքրիկներին սաստելու համար
ծնողները խոստանում են գանգատվել Ձմեռ պապին ու զրկել նրանց հնարավոր նվերներից:
Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանի
բնորոշմամբ՝ Ձմեռ կամ Կաղանդ պապը իր բնույթով քրիստոնեական է ամբողջությամբ: Ըստ
նրա՝ Ձմեռ պապը նույն ինքը սուրբ Նիկողայոսն է: «Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը
շրջում էր տնետուն եւ չքավոր ընտանիքների պատուհաններին գումար կամ նվերներ դնում:
Ձմեռ պապի կերպարը ծագել է հենց այստեղից: «Սանտա Կլաուս» թարգմանաբար սուրբ Նիկողայոս
է նշանակում: Այնպես որ, Ձմեռ պապի նվերները մանուկներն իրենց անմեղությամբ ընդունում
են որպես պարգեւ Աստծուց»,- ասում է հոգեւորականը: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանում
կաթոլիկների պես դեկտեմբերի 25-ին Ծննդյան տոները նշելու դեպքերին ու այդ նպատակով
տպագրվող ու տարածվող բացիկներին ու գրականությանը: «Ես պիտի դատապարտեմ,
երբ հայ մարդը փորձում է նմանվել կաթոլիկներին եւ նրանց հետ միասին ցանկանում է նշել
Սուրբ Ծնունդը: Մենք Սուրբ Ծնունդը նշում ենք հունվարի 6-ին, կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի
25-ին: Մեզ մոտ Ծննդյան տոները միայն հունվարի 6-ով չեն սկսվում: Դրանք մեկնարկում
են դեկտեմբերի 30-ին՝ Ծննդյան պահքով: Հետեւաբար մենք դեկտեմբերի վերջից սկսած պատրաստվում
ենք այդ տոներին՝ Ծննդյան պահքով եւ ծոմապահությամբ»,- տեղեկացրեց քահանան: Նա պարզաբանեց,
որ մեր եւ կաթոլիկների Ծննդյան տոների 9 օրվա տարբերությունը կապված է Նոր կտակարանի
որոշակի դրվագների հետ: Նույն տարբերությունը առկա է նաեւ Մարիամ Աստվածածնի ավետման
տոնի պարագայում: Մենք տոնը նշում ենք ապրիլի 7-ին, կաթոլիկները՝ 9 օր շուտ՝ մարտի
26-28-ին: «Կաթոլիկների Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին նշելու մյուս պատճառն
այն է, որ նրանք հեթանոսությունից եկած Արեւի աստծո տոնը փորձել են մոռացնել՝ զուգորդելով
այն Ծննդյան տոների հետ: Բացի այդ, Երուսաղեմում մինչեւ օրս պահպանված սովորության
համաձայն, ցանկացած տոն նշում են այնտեղ, որտեղ դրա հետ կապված պատմական իրադարձություն
է կատարվել: Օրինակ, Սուրբ Ծնունդը տոնում են այնտեղ, որտեղ Հիսուսն է ծնվել, Հարությունն
այն վայրում, որտեղ Հիսուսը հարություն է առել, իսկ Մկրտությունը՝ Հորդանան գետի
մոտ: Սա նշանակում է, որ 1 օրվա մեջ Սուրբ Ծնունդ եւ Մկրտություն նշելն անհնար էր:
Դրա համար էլ կաթոլիկ եկեղեցին դեկտեմբերի 25-ին նշում էր Սուրբ Ծնունդը, հունվարի
6-ին՝ Աստվածհայտնությունը»,- պարզաբանեեց տեր Եսային: Իսկ հայ առաքելական
եկեղեցին Աստվածհայտնությունը նշում է Սուրբ Ծննդյան հետ միասին՝ հունվարի 6-ին,
որովհետեւ «Քրիստոսի ծննդյամբ արդեն իսկ Աստված հայտնվեց, իսկ մկրտությամբ վկայվեց,
որ սա է իմ սիրելի որդին եւ ունի իմ ամբողջ բարեհաճությունը»: Ինչ վերաբերում
է կաղանդ բառին, ապա այն նշանակում է որեւէ տոն նշելու կոչ, հրավեր: Հետագայում կաղանդը
Հայաստանում ստացել է ամսագլուխ կամ տարեմուտ իմաստը: Հայերը Ամանորը նշում էին Նավասարդին,
որը համապատասխանում է օգոստոս ամսին: Իսկ Ամանորը հունվարի 1-ին տոնելու սովորույթը
գալիս է Հուլիոս Կեսարի ժամանակներից, երբ նրա հրամանով Հռոմում հունվարի 1-ը տոնվեց
որպես Նոր տարի: 1317 թվականից Հայաստանը պաշտոնապես ընդունեց Հուլյան տոմարը եւ
Ամանորը հունվարի 1-ին տոնելու օրենքը: 1582թ. ընդունվեց նաեւ Գրիգորյան տոմարը,
որովհետեւ Հուլյան տոմարը ուներ թերություններ: Այստեղից էլ 13 օրվա տարբերությունը
հին ու նոր տոմարների միջեւ: 1920թ. Հայաստանում կրկին պաշտոնապես ընդունվեց հունվարի
1-ը նշել որպես Նոր տարի: Առաջին հայացքից հունվարի 1-ը կապ չունի քրիստոնեության
հետ: Սակայն ըստ տեր Եսայու՝ «Մենք նշում ենք նոր տարվա սկիզբը ճիշտ տոմարով արձանագրված
եւ հաստատագրված»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ