Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայունությունն» ապակայունացավ

Դեկտեմբեր 09,2004 00:00

Իսկ կոմունիստները զգուշորեն «նզովեցին համակարգը»

Երեկ Հայաստանի առաջադիմական կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում է լքել «Կայունություն» հասարակական շարժման նախագահության անդամի պատվավոր տեղը: Թե ինչո՞ւ է «Կայունությունը» երերում կայունության ջատագովներից մեկի «շնորհիվ»՝ պարզվում է ի շահ ընդհանուր գործի: Հայաստանի առաջադիմական կուսակցությունը պատրաստվում է էլ ավելի ակտիվ գործունեություն ծավալել: Ասենք՝ ՀԱԿ-ի կանանց խորհուրդը ինտենսիվորեն կհամալրի գենդերային խնդիրներով զբաղվող հայ կանանց շարքերը, հունվարին սպառնում է երիտասարդական թեւի ակտիվացում, նախատեսվում է համագործակցություն որոշ հայրենակցական միությունների հետ եւ այլն: Սույն տիտանական բեռն ուսերին ունենալով՝ ՀԱԿ փոխնախագահը պետք է իր ողջ ներուժը տրամադրի միայն կուսակցական գործունեությանը: «Ես, որպես ՀԱԿ փոխնախագահ, չեմ պատկերացնում այս տեսակի մեծամասշտաբ աշխատանքների լիարժեք կատարումը համատեղել այնպիսի պատասխանատու գործի հետ , ինչպիսին է «Կայունություն» հասարակական շարժման նախագահության անդամի գործը, ուստի գերադասում եմ զոհաբերելով այն ամբողջությամբ՝ ինձ նվիրել ՀԱԿ զարգացմանն ու բարգավաճմանը եւ հանուն ՀՀ առաջընթացի ծավալվող գործողությանը»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում նման ինքնագոհ հայտարարությամբ հանդես եկավ Ս. Հարությունյանը:

Հիշեցնենք, որ շարժման շարժիչ ուժը ՀԱԿ-ն էր, որին միացան եւ ջատագովներ դարձան Ռազմիկ Դավոյանը, Երվանդ Մանարյանը, Էռնեստ Բալոյանցը, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը (նախագահի խնամին) եւ այլ միջին չինովնիկներ ու հասարակական գործիչներ:

Ամանորի շեմին Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը երեկ մեկ անգամ եւս հարկ համարեց բարձրաձայն խոսել երկրում տիրող խայտառակ իրադրության մասին: Մասնավորապես՝ «Դոլարային աֆյոռայի եւ ժողովրդի համար կենսական անհրաժեշտություն հանդիսացող ապրանքների գների շեշտակի բարձրացման»: Իրավիճակը, ըստ Թովմասյանի, հերթական ապացույցն է այս համակարգի «նեխած եւ փտած» լինելու: «Այնքան մարդիկ կան, որ կարոտ են մնացել Նոր տարվա տոնական սեղանին, այնքան տատիկներ ու պապիկներ չեն կարողանալու թոռների համար մի փոքրիկ նվեր գնել»,- ասում է Ռ. Թովմասյանը: Ապա հավելում, որ ժողովուրդը սրանից պետք է հետեւություններ անի, «դնի համեմատի, թե ի՞նչ է տվել կոմունիստական կուսակցությունն իրեն եւ ի՞նչ է տվել այս հասարակարգը»: «Առավոտի» դիտարկմանը՝ ժողովուրդը պետք է զենք վերցնի ու փողո՞ց դուրս գա, ընկեր Թովմասյանն արձագանքեց. «Ժողովուրդը պետք է զգա, որ ինքը արհամարհված, թալանված ու աղքատացած է: Արդարության նժարին պետք է դնի իր ապրած տարիները կոմունիստական հասարակարգում եւ հիմա ու եզրակացություն անի… բոլոր սեղանների շուրջ լինելու է անեծք, նզովք այս համակարգին, որ իրենց այս մակարդակին է իջեցրել»:

Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել