Բաքուն դեմ է իրողություններին Բայց չի ուզում բանակցությունների ձեւաչափ փոխել «Այս տարի Պրահայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների չորս փուլերը որոշակի հույսեր են առաջացրել»,- վկայակոչելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթը Սոֆիայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը՝ տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: Է. Մամեդյարովն ասել է նաեւ, թե Պրահայի բանակցությունների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի հետ քննարկվել են նաեւ Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձի, տրանսպորտային եւ այլ հաղորդակցությունների վերականգնման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նորմալ միջպետական հարաբերությունների հաստատման եւ հակամարտության հետ առնչվող քաղաքական հարցերի աստիճանական լուծմանը վերաբերող հարցեր: Ադրբեջանցի նախարարն ասել է նաեւ, որ «մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն դա հնարավոր չի անել զինված ագրեսիայի արդյունքում ձեւավորված այսպես կոչված՝ «իրողությունների» հիման վրա, եւ մեր հարեւանը պետք է հրաժարվի այն պատրանքից, թե ժամանակն իր օգտին է աշխատում»: Ըստ նրա, Ադրբեջանի վստահությունը Հայաստանի նկատմամբ, որն այսօր հավասար է զրոյի, «կարող է վերականգնվել միայն այն դեպքում, եթե մենք տեսնենք, որ նա պատրաստ է դուրս հանել իր զորքերը մեր գրավյալ տարածքներից», եւ հավելել. «Մենք Հայաստանից կառուցողական մոտեցում ենք ակնկալում: Հայաստանը պետք է անհապաղ եւ արդյունավետ քայլեր ձեռնարկի Ադրբեջանի գրավյալ տարածքներում բոլոր անօրինական գործողությունները դադարեցնելու համար»: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում իր նախաձեռնությանը՝ քննարկել «գրավյալ տարածքներում ստեղծված իրավիճակի» հարցը, ապա՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի ասելով, դրանով պաշտոնական Բաքուն չէր փորձում փոխել ԼՂ խնդրի կարգավորման միջնորդական ձեւաչափը: «Բանն այն է, որ բնակեցման հարցը խոչընդոտում է խաղաղ բանակցություններին եւ, շարունակվելու դեպքում, այն կարող է հումանիտար ճգնաժամի հանգեցնել: Անօրինական բնակեցման հարցը պետք է լուծվի, եւ ԵԱՀԿ-ն կարող է մասնակցել դրան՝ իրավիճակն ուսումնասիրելու նպատակով ուղարկելով բազմազգ առաքելություն, ինչպես դա նախատեսված է Հելսինկիի 1992 թվականի փաստաթղթով»,- հայտարարել է Էլմար Մամեդյարովը: Սեփ. լր.