Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

Դեկտեմբեր 08,2004 00:00

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ Բողոքավորները խմբագրություն են բերում ամեն ինչ՝ սկսած նոտարական փաստաթղթերից, վերջացրած հարսանեկան տեսաերիզով: Բագրատունյաց 13 շենքի բակում այս տարվա օգոստոսի 2-ին, ժամը 21-ին մահացավ 10-ամյա Լուսինե Առաքելյանը: Շենգավիթ համայնքի դատախազությունում մերժվեց քրեական գործի հարուցումը: Իսկ 10-ամյա երեխայի մայրը եւ տատիկը այդպես էլ չհավատացին, որ երեխան մահացել է խաղալիս վայր ընկնելուց: «Առավոտի» նոյեմբերի 11-ի համարում մենք տվել էինք վարկածներից մեկը, ըստ որի՝ երեխան զոհ է դարձել վրաերթի: Մեր տեղեկություններով, Շենգավիթի դատախազության վարույթից գործը տեղափոխվել է Երեւան քաղաքի դատախազության վարույթ: Հրապարակումից հետո երեխայի տատիկը՝ Մանիկ Ղազարյանը, խմբագրություն բերեց Լուսինեի հագուստը, որի վրա երեւում էին անվադողի հետքեր: Հրապարակումից օրեր անց մեզ «դիմում-բողոք» գրեցին Բագրատունյաց 13 շենքի բնակիչները: Նրանք գրել էին. «Թղթակից Ռ. Մինասյանը առանց փաստերը ճշտելու, բնակիչների կարծիքներն իմանալու, սեւով սպիտակի վրա գրել է՝ «երեխան մարմնական վնասվածքները ստացել է ոչ թե խաղալիս վայր ընկնելու ժամանակ, այլ մուգ գույնի «Ջիփ» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի հետեւանքով: Դիմելով պատկան մարմիններին, մենք պահանջում ենք պաշտոնական հերքում տալ ստահոդ հոդվածին»: Հարեւանի վիշտը նման ձեւով «կիսող» բնակիչներին հիշեցնենք, որ պատկան մարմիններին դիմելը տուժողի եւ նրա իրավահաջորդների իրավունքն է: Հետաքրքիր իրավիճակում է հայտնվել «Առավոտի» մեկ այլ նամակագիր՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատական նիստերի քարտուղար Սոնյա Բալաբեկյանը: 30 տարուց ավելի նա աշխատել է դատական համակարգում, նրան ճանաչում են գրեթե բոլոր դատավորները: Երկրորդ կարգի հաշմանդամ է: Երեկվա դրությամբ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ իբրեւ ամբաստանյալ Ա. Սարիբեկյանից 80 ԱՄՆ դոլար է պահանջել, «չարաշահելով վերջինիս վստահությունը»: Ս. Բալաբեկյանը դիմել է «Առավոտին», ՀՀ գլխավոր դատախազին, Երեւան քաղաքի դատախազին, գտնելով, որ չեն ապահովում իր պաշտպանության իրավունքը: Նա նշում է նաեւ, որ «30 տարիների ընթացքում ծառայողական պարտականությունները կատարել է բարեխղճությամբ եւ նվիրվածությամբ, հեռու է եղել կեղտոտ եւ արատավոր արարքներից»: Եվ «դեպքի օրն» էլ ինքը եղել է սգի մեջ՝ մահացել էր ամուսինը: «Անգամ իմ երեխաների տները չեմ գնում, ինչպե՞ս կարող էի ինձ թույլ տալ անծանոթ երիտասարդի հետ այգի կամ սրճարան գնալ»,- գրում է Ս. Բալաբեկյանը: «Առավոտ» էր եկել Եղվարդի բնակիչ Արեգնազ Մովսիսյանը: Նա խմբագրությունում թողեց իր հարսանեկան տեսաերիզը եւ հանգուցյալ ամուսնու մահվան երկու վկայականները՝ տրված երկու պատկան մարմիններից, տարբեր ժամանակներում: Արեգնազ Մովսիսյանը արդեն 6-րդ տարին է, փորձում է ապացուցել, որ ՌԴ Նովի Ուրենգոյ քաղաքում մահացած Ալբերտ Մելքոնյանը իր ամուսինն է եղել եւ Եղվարդում գտնվող նրա առանձնատունն էլ իրեն է պատկանում: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը չի համոզվում, որ Ա. Մովսիսյանը Ա. Մելքոնյանի ընտանիքի անդամն էր եւ, գտնելով, որ նա «տան պահակ էր» կամ «աղախին», չեն ճանաչում նրա բնակտարածության օգտագործման իրավունքը: Հետաքրքիր է, Ա. Մովսիսյանի բերած հարսանիքի տեսաերիզում նորապսակներին շնորհավորում է նույն դատարանի նախագահ Հ. Սարգսյանը եւ իրեն վտարող ոստիկանության աշխատակից Գ. Մելքոնյանը: Ցավոք, ավանդական կարմիր խնձորից եւ հարսանեկան այլ իրեղեն ապացույցներից «Առավոտն» իր տրամադրության տակ չունի: Մի ծանրակշիռ իրեղեն ապացույց էլ խմբագրությանն էր ուղարկել Ա. Խաչատրյան 19/2 շենքի բնակիչ Գագիկ Զաքարյանը: Տարիներ շարունակ նա վիճարկում է իր բնակարանի առքուվաճառքի գործարքի հետ կապված երկու նոտարական փաստաթղթերը: Ընդամենն ուզում է իմանալ, թե ո՞ր նոտարն է կնքել առքուվաճառքի պայմանագիր՝ իրեն անծանոթ, սակայն ոստիկանության աշխատակից Վ. Ասրյանի հետ, քանի որ չի երեւում ո՛չ նոտարական կնիքը, ո՛չ շտամպը: «Ես գործարքից տեղեկություն չունեմ եւ ընդամենը ցանկանում եմ օգնեք ինձ՝ փաստաթղթերի կեղծիքների հետ կապված քրեական գործ հարուցելու համար»,- գրում է նա: Մեզ դիմել են նաեւ Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ: Նրանք իրենց վրդովմունքն են արտահայտել «Սեւան» ազգային պարկի նկատմամբ ՀՀ ԶՈՒ գեներալ Հայկազ Բաղմանյանի «վանդալիզմի» առիթով: «Գեներալ Հայկազ Բաղմանյանը Վարդենիս-Սեւան գազատարից շուրջ 20 կմ խողովակ է ապամոնտաժել ու վաճառել արտասահմանցիներին: Սեւանի ազգային պարկի՝ Ծովակ գյուղի տարածքից մինչեւ Ծովինար գյուղի տարածք՝ շուրջ 20 կմ երկարությամբ եւ 50-70 մետր լայնությամբ ամայացրել է անտառաշերտը»,- գրում են նրանք: Ի դեպ, նոյեմբերի 3-ին պաշտոնեական դիրքի չարաշահման կապակցությամբ քրեական գործ է հարուցվել գեներալի նկատմամբ՝ զինվորական դատախազության քննիչ Դավիթ Վեքիլյանի կողմից: Զարմանալի զուգադիպությամբ Գեղարքունիքի Ծովագյուղի բնակիչ, զինվորի ծնող Միքայել Մարկոսյանը դիմել էր «Առավոտին», ահազանգելով՝ որ իր որդին դաժան ծեծերի է ենթարկվել զինծառայության ընթացքում, տուն վերադարձել խեղված հոգեբանությամբ, եւ տառապում է գիշերամիզությամբ: Ուշագրավ է, որ բոլոր նամակագիրները իրենց նամակները ստորագրել են եւ շեշտել, որ պատասխանատվություն են կրում ցանկացած տողի եւ բառի համար: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել