Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ի՞ՆՉ

Դեկտեմբեր 08,2004 00:00

«Ի՞ՆՉ ԿՏԱ ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ» ԵԿՄ ընդդիմադիր թեւում որոշ տարաձայնություններ կան երկրապահների առաջիկա համագումարը բոյկոտելու վերաբերյալ Երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ եւ ԵԿՄ վարչության անդամ Ալբերտ Բազեյանը հայտարարել էր, թե մտադիր չէ մասնակցել դեկտեմբերի 11-ին կայանալիք ԵԿՄ 6-րդ համագումարին, որը, նրա բնորոշմամբ, «ֆարս» է: ԵԿՄ վարչության անդամների հետ զրույցից պարզ դարձավ, որ կազմակերպության համագումարին չմասնակցողներ, բացի Ա. Բազեյանից, հավանաբար, էլի կլինեն՝ Երեւանի մարզային կառույցի ղեկավար Հակոբ Հակոբյանը, Հրազդանի մարզային կառույցի ղեկավար Սասուն Միքայելյանը: Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ԵԿՄ վարչության անդամ Մուշեղ Սաղաթելյանն էլ ասաց, թե չի մասնակցի համագումարին «զուտ նրա համար, որ ինքը որոշակի սկզբունքներ ունի», որոնք, իր ասելով, համահունչ չեն առանձին մարդկանց սկզբունքներին եւ նրանց գործողություններին: Ավելին պարոն Սաղաթելյանը չմանրամասնեց: Մեր այն հարցին, թե արդյո՞ք իր եւ ԵԿՄ համագումարը բոյկոտողների գործողությունների արդյունքում ԵԿՄ-ն չի պառակտվի, պարոն Սաղաթելյանը միանշանակ բացասական պատասխան տվեց: Ըստ նրա, ԵԿՄ-ն գաղափարական կառույց է, որը միավորում է այս երկիրը հզոր տեսնելու ցանկություն ունեցող եւ նրա համար կյանքը չխնայելուն պատրաստ տղաների: Մ. Սաղաթելյանի եւ Ա. Բազեյանի կարծիքը լսելուց հետո տպավորություն ստեղծվեց, թե ԵԿՄ, պայմանականորեն ասած, ընդդիմադիր թեւը, որը ներկայացված է հիմնականում «Հանրապետություն» կուսակցությունում, համագումարը բոյկոտելու է: Պարզվեց սակայն, որ կուսակցության քաղխորհրդի անդամները համագումարը բոյկոտելու հարցում այնքան էլ համակարծիք չեն եւ նման միասնական որոշում ամենեւին չի կայացվել: Ինչպես կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը, այնպես էլ Սմբատ Այվազյանը, որ նաեւ ԵԿՄ վարչության անդամ է, մասնակցելու են ԵԿՄ համագումարին: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ Ա. Բազեյանը որոշել է բոյկոտել համագումարը, իսկ ինքը՝ ոչ, պարոն Այվազյանը նկատեց, թե դա կուսակցական հարց չէ: «Իսկ ի՞նչ կտա չմասնակցելը»,- իր հերթին հարցադրում արեց պարոն Այվազյանը՝ հավելելով, թե իրենք որպես ԵԿՄ վարչության անդամներ դեռեւս կարող են որոշակի հարցեր բարձրացնել եւ վարչությունում, եւ համագումարում: ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը մեզ հետ զրույցում նկատեց, թե համագումարի կազմակերպչական աշխատանքները դեռեւս շարունակվում են: Մարզային կառույցները ժողովներ են արել, եւ առայժմ չկա մի կառույց, որը համագումարին չի մասնակցելու, թեեւ մեր տեղեկություններով, նման մտադրություն ունի Հ. Հակոբյանի ազդեցության տակ գտնվող ԵԿՄ Մալաթիայի կառույցը: Այդուհանդերձ, Ա. Կետիկյանն ասաց, որ կազմակերպության պառակտման վտանգ չի տեսնում. «Արդեն ընտրվել են համագումարի 580 պատվիրակներ, այդ թվում՝ վարչության կազմը, եւ վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես միշտ՝ նրանց 90-95 տոկոսը կմասնակցի համագումարին»: Նրա ասելով, երեկվա դրությամբ ոչ ոք ԵԿՄ-ին պաշտոնապես չի տեղեկացրել համագումարը բոյկոտելու իր որոշման մասին: Ինչ վերաբերում է չմասնակցողներին, ապա՝ նրանց բացակայությունը ԵԿՄ համագումարում որեւէ բան փոխել չի կարող: «Պարզապես բոլորս պետք է գիտակցենք, որ սա Վազգեն Սարգսյանի ստեղծած թերեւս միակ կառույցն է, որ դեռեւս չի պառակտվել: Հիշենք «Միասնության», ՀՀԿ-ի ճակատագիրը: Ակնհայտ էր, որ դրանց պառակտումը ծրագրված էր, եւ արդեն մի քանի տարի շարունակ ամենատարբեր ձեւերով փորձ է արվում քայքայել նաեւ ԵԿՄ-ն, սկզբում դրսից՝ ԱՎՄ-ի ստեղծում եւ այլն, բայց ոչինչ չստացվեց: Հիմա էլ ոմանք փորձում են ԵԿՄ ներսում խորը պառակտում տեսնել, բայց դրանք էլ որեւէ արդյունքի չեն հանգի: Ի տարբերություն կուսակցականների՝ մենք միասին պատերազմ ենք անցել, եւ ԵԿՄ պառակտելն այդքան էլ հեշտ չէ»: Անդրադառնալով Ա. Բազեյանի հայտնած տեսակետին՝ Ա. Կետիկյանն ասաց. «Բացարձակապես համաձայն չեմ իմ շատ սիրելի հրամանատարի հետ: Նա եղել է ԵԿՄ ստեղծման ակունքներում եւ ով՝ ով, բայց նա շատ լավ գիտի, որ իր դերը մեծ է եղել ԵԿՄ-ում, եւ նա միշտ էլ որոշիչ ազդեցություն ունեցել է վարչության յուրաքանչյուր որոշման վրա: Եթե կան հարցեր, իսկ դրանք կան, ապա պետք է բարձրացվեն վարչության նիստերում, համագումարում: Դա այն ամբիոնն է, որտեղից պետք է մեզ հուզող հարցեր բարձրացվեն, ներկայացվեն շարքերին, որոնք ընտրել են իրենց: Չեմ ընդունում բոյկոտի տարբերակը, որովհետեւ հարյուրավոր երկրապահներ սպասում են վարչության ազդեցիկ անդամների խոսքին: Վստահ եմ, որ եթե ոչ ամսի 11-ին, ապա դրանից հետո Ա. Բազեյանը եւ մյուս չմասնակցողները, եթե այդպիսիք լինեն, անպայման մեր կողքին կլինեն»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել