ՏԵՍԱ՞Ր՝ Ի՜ՆՉ ԵՂԱՎ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ հեռակա բանավեճն է շարունակում ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: ՀՅԴ-ն մասնակցել է ահաբեկչության դեմ պայքարի մասին ԱՊՀ մոդելային օրենքի մշակմանը: Երեկ հրավիրված ասուլիսում ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը մանրամասներ պատմեց, թե ինչպես է դա եղել: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության համագործակցության հանձնաժողովի նիստում, որին մասնակցել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը, ահաբեկչության դեմ պայքարի օրենքի քննարկումների ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել են օրինագծում ներմուծել անջատողականություն եւ ծայրահեղականություն հասկացությունները։ Եվ Հրայր Կարապետյանը ելույթ է ունեցել ու հայտարարել, թե այդ հասկացությունները չի կարելի խառնել իրար. «Անջատողականությունը ոչ միշտ է ուղեկցվում ահաբեկչությամբ եւ կապ է ունենում ծայրահեղականության հետ։ Այդպես է ոչ միայն ԼՂ-ում, այլեւ Քվեբեկում, Իտալիայում, Բելգիայում»: Ադրբեջանցիները նույն ապարդյուն փորձն արել են նաեւ քաղաքական հարցերի հանձնաժողովի քննարկումների ժամանակ, որի նիստին մասնակցել է Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ իրենց հաջողվել է գործընկերներին բացատրել. «Անջատողականությունը նպատակ է, ահաբեկչությունը՝ մեթոդ, եւ դրանք չի կարելի մի նախադասության ու մի տողի մեջ կոխել: Քանի որ անջատողականությունը ժողովուրդների բնական ձգտում է ու անկապտելի իրավունք»: Առիթից օգտվելով՝ Վահան Հովհաննիսյանից մեկնաբանություններ խնդրեցինք մեկ այլ խորհրդարանական վեհաժողովում՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի պատվիրակության գործունեության շուրջ ԱԺ երկու փոխնախագահների հրապարակավ արտահայտված տարաձայնությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Տիգրան Թորոսյանը մեր թերթում անդրադառնալով Վահան Հովհաննիսյանի պնդմանը, թե ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարն իր առաջարկներով չպիտի մասնակից դառնար Աթկինսոնի զեկույցին՝ ասել էր. «Իշխանությունը ինքնագործունեության խմբակ չէ, որ յուրաքանչյուրն անի իր կամ մեկ ուրիշի խելքին փչածը», եւ մանրամասնել, թե զեկույցի նախնական նախագծի շուրջ բոլոր քայլերն արվել են երկրի բարձրագույն ղեկավարության հավանությամբ. «Եթե որեւէ մեկին դիմել է պարոն Հովհաննիսյանն իր առաջարկի վերաբերյալ, ապա պետք է քաջություն ունենա այդ հասցեով էլ ուղղել իր դժգոհությունը: Եթե չի դիմել՝ անիմաստ է այդ հոխորտանքը»: Հետաքրքրվեցինք՝ ի վերջո, դիմե՞լ է, թե՞ ոչ այդ ու նաեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը բոյկոտելու առաջարկով, որտեղ քննարկվելու է ԼՂ հարցով բանաձեւի նախագիծը: «Նախ՝ քաղաքական քննարկումների մեջ բորբոքված ու նեղացած կեցվածքներն ընդհանրապե՛ս չեմ ընդունում,- իր գործընկերոջ պատասխանի մասին ասաց պրն Հովհաննիսյանը:- Ես երբե՛ք չեմ առաջարկել ընդհանրապես բոյկոտել աշխատանքը ԵԽԽՎ-ում կամ որեւէ այլ միջազգային ատյանում: Պարզապես ասել եմ, թե այդ զեկույցի ընդհանուր գծերի մասին, որոնք մեզ համար շատ աննպաստ են՝ մենք զգուշացնում եւ հիմնավորված ենթադրություններ էինք անում բավական առաջ: Մեր նպատակը պետք է լիներ այդ զեկույցն արժեզրկելը: Սակայն այն ժամանակ մեզ ասում էին՝ ինչպե՜ս կարելի է նեղացնել պարոն Աթկինսոնին կամ Դեւիսին, այդ ինչո՜ւ եք խոսում նրանց նավթային շահերից: Իսկ մենք ճի՛շտ էինք անում, որ խոսում էինք, քանի որ տեսանք՝ ինչ եղավ: Բացի դրանից, խոսվում է, թե ինչու դա առաջ չասվեց եւ այլն: Որովհետեւ աշխատանքի մեթոդաբանությունը, ցավոք, այնպիսին է, որ այդ զեկույցի տեքստը տեսանք միայն այն ժամանակ, երբ այն հրապարակվեց ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում: Բայց կարելի էր՝ ունենալով այդ տեքստը, խորհրդակցել մեզ հետ: Իսկ եթե չկար այդ տեքստը՝ ուրեմն, չարժեր մասնակցել դրա քննարկմանը»: Վահան Հովհաննիսյանը փաստարկեց ավելի վաղ արած իր այն պնդումը, թե Դեւիսի զեկույցի համեմատ՝ շատ ավելի վատն է Աթկինսոնի կազմած փաստաթուղթը: Մինչդեռ Տիգրան Թորոսյանը նշել էր, թե ճիշտ հակառակն է: «Ես ճի՛շտ եմ եղել,- ասաց մեր զրուցակիցը:- Դեւիսի զեկույցում ադրբեջանցիների առջեւ պահանջ է դրվում նստել բանակցելու Ղարաբաղի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, իսկ Աթկինսոնի մոտ դա արդեն բոլորովին այլակերպված է՝ խոսքն իրար հավասար ինչ-որ համայնքների մասին է: Այսինքն՝ այն, ինչից մենք պետք է ամեն գնով խուսափենք: Այս երկու թեզերի համեմատությունը միայն՝ ի վնաս Աթկինսոնի զեկույցի է: Եվ ես իմ խոսքերի տերն եմ»: Ի դեպ, պրն Հովհաննիսյանը ժխտեց Տիգրան Թորոսյանի պատասխանում պարունակվող այն ակնարկը, թե այս ամենը պատվիրակությունների ձեւավորմանն առնչվող «անառողջ զգացմունքների» հետեւանք է. «Բացարձակապե՛ս ոչ մի նման բանի հետ չի կապվում: Դա ուղղակի ենթադրություն է»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ. Գ. Ի դեպ՝ ասուլիսում պրն Հովհաննիսյանը մի ուշագրավ դիտարկում հայտնեց. «Հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրություններն իսկապես զարգանում են, եւ դա բոլորովին անհիմն չի կատարվում. դրա համար կան խորքային ու մակերեսային պատճառներ»: