Լրահոս
Օրվա լրահոսը

Կհայտնվեն թուրքալեզու հաստատությունո՞ւմ

Դեկտեմբեր 08,2004 00:00

Կիպրոսի Մելքոնյան վարժարանի շուրջ զարգացումները շարունակվում են

Հայ Բարեգործական ընդհանուր միության որոշումը, համաձայն որի Մելքոնյանը փակվելու է 2005-ից եւ կրթօջախի շենքերը վաճառվելու են, մեծ աղմուկ առաջացրեց Հայաստանում ու հատկապես Սփյուռքի որոշ շրջանակներում: ՀԲԸՄ որոշման դեմ պայքարող մելքոնյանցիները բողոքում են, որ ՀԲԸՄ ներկայացուցիչ ԱՄՆ քաղաքացի Գորդեն Անդերսենը, որի առաքելությունը Մելքոնյանի տարածքի եւ շենքերի իրական գինը պարզելն է, վերջին շրջանում արդեն երկու նամակ է հղել Մելքոնյանի աշակերտների ծնողներին: Անդերսենը տեղեկացնում է, որ ՀԲԸՄ-ն պայմանագիր է կնքել Ամերիկյան ակադեմիա կոչվող կրթական հաստատության հետ, ուր կարող են տեղափոխվել Մելքոնյանում սովորողները: Ըստ Անդերսենի, հաստատությունն ունի 82 տարվա պատմություն, դասավանդվում է 14 առարկա, որդեգրված են Քեմբրիջի եւ Լոնդոնի համալսարանների չափանիշներ, կամ լաբորատորիաներ, ժամանակակից համակարգչային լսարան եւ այլն: Մինչդեռ, ինչպես հավաստիացնում են մելքոնյանցիները, ամեն ինչ այդքան լուսավոր չէ: Նախ՝ 5-րդ դասարանից բարձր երեխաները Ամերիկյան ակադեմիա տեղափոխվելու դեպքում ստիպված տարեկան 10 տոկոս ավելի կվճարեն, քան Մելքոնյանում՝ մոտ $9000-ի փոխարեն մոտ $10000: Մելքոնյանցիները մտահոգված են նաեւ, որ այս դպրոցի կրթական ծրագրով թուրքերեն լեզուն պարտադիր ուսուցանվող առարկա է: Չնայած Գորդեն Անդերսենը խոստանում է, որ ՀԲԸՄ-ն կկազմակերպի հայոց լեզվի, պատմության եւ մշակույթի շաբաթօրյա դասընթացներ, ահազանգի հեղինակները պնդում են, որ «արդյունքում հայ երեխաները դպրոցը կավարտեն հայերենը մոռացած եւ թուրքերենը սովորած»:

Երբ ՀԲԸՄ-ն որոշեց փակել Մելքոնյան վարժարանը եւ ծախել տարածքն ու շինությունները, իր որոշումը հիմնավորում էր այն պնդմամբ, թե արդեն տասնյակ տարիներ է, ինչ Մելքոնյանը ազգապահպանման գործին չի ծառայում: Սակայն հայ դպրոցականներին թուրքական ուղղվածության եւ թուրքական ազդեցության տակ գտնվող դպրոց ուղարկելը այնքան էլ չի տեղավորվում ազգապահպանում տրամաբանության մեջ՝ կարծում են մելքոնյանցիները:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել