Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԳԵՀՈՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ՉԻ ԶԻՋՈՒՄ

Դեկտեմբեր 08,2004 00:00

Վստահեցնում է երգեհոնահար Արթուր Ադամյանը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում, դեկտեմբերի 10-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Յուրի Պողոսյան) Արթուր Ադամյանը հանդես կգա Սենսանսի 3-րդ սիմֆոնիայի երգեհոնային մեծ բաժնենվագների կատարմամբ:

Հայաստանում առաջին երգեհոնը տեղադրվել է 40 տարի առաջ՝ Կոմպոզիտորների միության տան դահլիճում: Հայ երաժշտասեր հասարակայնությունը այս տարիներին ծանոթացել է արդեն ճանաչված երգեհոնահարներ Վահագն Ստամբոլցյանի, Կարինե Աղաբեկյանի, Արթուր Ադամյանի կատարողական արվեստին: Հետեւելով հայ երգեհոնային դպրոցի այսօրվա նվաճումներին, չենք կարող ասել, թե դաշնակահարների, ջութակահարների կամ վոկալիստների նման ունենք խոշոր ձեռքբերումներ՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ եւ այլն: Արթուր Ադամյանը «Առավոտի» այս դիտարկմանը այնքան էլ համակարծիք չէ. «Անցյալ տարի Ճապոնիայում, տեղի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթից հետո ինձ մոտեցան ու հետաքրքրվեցին, թե ո՞ր դպրոցի ներկայացուցիչն եմ»:

Հարցազրույցի սկզբում Ա. Ադամյանը մեզ տեղեկացրեց, թե ինչն է այն հիմնական պատճառը, որ հայ երգեհոնահարները խորհրդային տարիներին չունեցան մեծ ճանաչում: Նրա խոսքերով՝ «երբ 70-ականներին պետք է մասնակցեի երգեհոնահարների Լայպցիգում կայանալիք Բախի անվան միջազգային ամենամյա մրցույթին, պարզապես ինձ չթողեցին մեկնել Գերմանիա, որովհետեւ այդ տարի մրցույթի ժյուրիի կազմում Խորհրդային Միությունից ոչ մի երգեհոնահար չէր ընդգրկված: Գաղտնիք չէ, որ այն տարիներին, երբ որեւէ երաժիշտ մեկնում էր միջազգային մրցույթի, ապա, որպես կանոն, պետք է վերադառնար բարձր մրցանակով»: Ստացվում է, որ ճիշտ է տարածված այն միտքը, թե միջազգային մրցույթների ժյուրիների կազմում մասնակիցը պետք է տեր-տիրական ունենա: Դրան երաժիշտը հակադարձեց. «Ձեր դիտարկումը տեղին է՝ խորհրդային ժամանակների համար»: Ըստ Ա. Ադամյանի, այսօր ամեն ինչ այլ է: Նա օրինակ բերեց կոնսերվատորիայի իր դասարանն ավարտած Նարինե Սիմոնյանին, որը 90-ականների սկզբից ապրում ու ստեղծագործում է Փարիզում եւ ճանաչված անուն է Եվրոպայում: Կամ իր մեկ այլ սանը՝ Աննա Բակունցը, որն այսօր կատարելագործվում է Գերմանիայում:

Արվեստագետը հայտնեց նաեւ, որ 2005-ին կոնսերվատորիայի իր դասարանի երկու երաժիշտներ կմասնակցեն Կալինինգրադում ավանդական դարձած Միքայել Թարիվերդիեւի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթին:

«Յուրաքանչյուր ամսվա առաջին եւ վերջին կիրակիները, Կամերային երաժշտության տանը կոնսերվատորիան ավարտած եւ դեռ ուսանող երգեհոնահարների մասնակցությամբ կազմակերպվում են երգեհոնային երաժշտության անվճար համերգներ: Ժամանակը ցույց տվեց, որ ունենք հոգեւոր երաժշտության ունկնդիր, ինչը, հասկանալի պատճառներով, չենք կարող ասել խորհրդային տարիների մասին»,- ասաց երաժիշտը: Հարցին՝ որտե՞ղ են աշխատում կոնսերվատորիան ավարտած երգեհոնահարները, Ա. Ադամյանը պատասխանեց. «Երգեհոնը ոչ միայն մենակատար, նաեւ նվագակցող գործիք է: Փառք Աստծո, այսօր համարյա բոլոր եկեղեցիներում տեղադրված է երգեհոն, եւ պետք է ասել, որ երգեհոնահար լինելը ոչ միայն զուտ մասնագիտություն է, այլեւ հարստացնում է ու բարձրացնում մյուս մասնագետ երաժիշտների մակարդակը, էլ չեմ խոսում, թե ինչ ազդեցություն է թողնում ունկնդիրների վրա: Մի խոսքով՝ աշխատանք կա: Կա նաեւ բուռն համերգային կյանք»:

Նա նշեց միայն հյուրախաղերի հետ կապված դժվարությունների մասին. «Անցյալում կային կազմակերպություններ, որոնք հոգում էին երաժշտի՝ հյուրախաղերի հետ կապված հարցերը: Ինչ խոսք, այսօր դժվար է, ինքդ պետք է որոնես արտերկիր դուրս գալու ուղիներ: Ինչո՞ւ, որովհետեւ ցանկացած բարձրակարգ երաժիշտ չի կարող տեղում անընդհատ դոփել»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել