Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ

Դեկտեմբեր 08,2004 00:00

Բողոքավորները
խմբագրություն են բերում ամեն ինչ՝ սկսած նոտարական փաստաթղթերից, վերջացրած հարսանեկան
տեսաերիզով: Բագրատունյաց 13 շենքի բակում այս տարվա օգոստոսի 2-ին, ժամը
21-ին մահացավ 10-ամյա Լուսինե Առաքելյանը: Շենգավիթ համայնքի դատախազությունում
մերժվեց քրեական գործի հարուցումը: Իսկ 10-ամյա երեխայի մայրը եւ տատիկը այդպես էլ
չհավատացին, որ երեխան մահացել է խաղալիս վայր ընկնելուց: «Առավոտի» նոյեմբերի 11-ի
համարում մենք տվել էինք վարկածներից մեկը, ըստ որի՝ երեխան զոհ է դարձել վրաերթի:
Մեր տեղեկություններով, Շենգավիթի դատախազության վարույթից գործը տեղափոխվել է Երեւան
քաղաքի դատախազության վարույթ: Հրապարակումից հետո երեխայի տատիկը՝ Մանիկ Ղազարյանը,
խմբագրություն բերեց Լուսինեի հագուստը, որի վրա երեւում էին անվադողի հետքեր: Հրապարակումից
օրեր անց մեզ «դիմում-բողոք» գրեցին Բագրատունյաց 13 շենքի բնակիչները: Նրանք գրել
էին. «Թղթակից Ռ. Մինասյանը առանց փաստերը ճշտելու, բնակիչների կարծիքներն իմանալու,
սեւով սպիտակի վրա գրել է՝ «երեխան մարմնական վնասվածքները ստացել է ոչ թե խաղալիս
վայր ընկնելու ժամանակ, այլ մուգ գույնի «Ջիփ» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի
հետեւանքով: Դիմելով պատկան մարմիններին, մենք պահանջում ենք պաշտոնական հերքում
տալ ստահոդ հոդվածին»: Հարեւանի վիշտը նման ձեւով «կիսող» բնակիչներին հիշեցնենք,
որ պատկան մարմիններին դիմելը տուժողի եւ նրա իրավահաջորդների իրավունքն է: Հետաքրքիր
իրավիճակում է հայտնվել «Առավոտի» մեկ այլ նամակագիր՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների
առաջին ատյանի դատարանի դատական նիստերի քարտուղար Սոնյա Բալաբեկյանը: 30 տարուց
ավելի նա աշխատել է դատական համակարգում, նրան ճանաչում են գրեթե բոլոր դատավորները:
Երկրորդ կարգի հաշմանդամ է: Երեկվա դրությամբ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝
իբրեւ ամբաստանյալ Ա. Սարիբեկյանից 80 ԱՄՆ դոլար է պահանջել, «չարաշահելով վերջինիս
վստահությունը»: Ս. Բալաբեկյանը դիմել է «Առավոտին», ՀՀ գլխավոր դատախազին, Երեւան
քաղաքի դատախազին, գտնելով, որ չեն ապահովում իր պաշտպանության իրավունքը: Նա նշում
է նաեւ, որ «30 տարիների ընթացքում ծառայողական պարտականությունները կատարել է բարեխղճությամբ
եւ նվիրվածությամբ, հեռու է եղել կեղտոտ եւ արատավոր արարքներից»: Եվ «դեպքի օրն»
էլ ինքը եղել է սգի մեջ՝ մահացել էր ամուսինը: «Անգամ իմ երեխաների տները չեմ գնում,
ինչպե՞ս կարող էի ինձ թույլ տալ անծանոթ երիտասարդի հետ այգի կամ սրճարան գնալ»,-
գրում է Ս. Բալաբեկյանը: «Առավոտ» էր եկել Եղվարդի բնակիչ Արեգնազ Մովսիսյանը:
Նա խմբագրությունում թողեց իր հարսանեկան տեսաերիզը եւ հանգուցյալ ամուսնու մահվան
երկու վկայականները՝ տրված երկու պատկան մարմիններից, տարբեր ժամանակներում: Արեգնազ
Մովսիսյանը արդեն 6-րդ տարին է, փորձում է ապացուցել, որ ՌԴ Նովի Ուրենգոյ քաղաքում
մահացած Ալբերտ Մելքոնյանը իր ամուսինն է եղել եւ Եղվարդում գտնվող նրա առանձնատունն
էլ իրեն է պատկանում: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը չի համոզվում, որ Ա.
Մովսիսյանը Ա. Մելքոնյանի ընտանիքի անդամն էր եւ, գտնելով, որ նա «տան պահակ էր»
կամ «աղախին», չեն ճանաչում նրա բնակտարածության օգտագործման իրավունքը: Հետաքրքիր
է, Ա. Մովսիսյանի բերած հարսանիքի տեսաերիզում նորապսակներին շնորհավորում է նույն
դատարանի նախագահ Հ. Սարգսյանը եւ իրեն վտարող ոստիկանության աշխատակից Գ. Մելքոնյանը:
Ցավոք, ավանդական կարմիր խնձորից եւ հարսանեկան այլ իրեղեն ապացույցներից «Առավոտն»
իր տրամադրության տակ չունի: Մի ծանրակշիռ իրեղեն ապացույց էլ խմբագրությանն
էր ուղարկել Ա. Խաչատրյան 19/2 շենքի բնակիչ Գագիկ Զաքարյանը: Տարիներ շարունակ նա
վիճարկում է իր բնակարանի առքուվաճառքի գործարքի հետ կապված երկու նոտարական փաստաթղթերը:
Ընդամենն ուզում է իմանալ, թե ո՞ր նոտարն է կնքել առքուվաճառքի պայմանագիր՝ իրեն
անծանոթ, սակայն ոստիկանության աշխատակից Վ. Ասրյանի հետ, քանի որ չի երեւում ո՛չ
նոտարական կնիքը, ո՛չ շտամպը: «Ես գործարքից տեղեկություն չունեմ եւ ընդամենը ցանկանում
եմ օգնեք ինձ՝ փաստաթղթերի կեղծիքների հետ կապված քրեական գործ հարուցելու համար»,-
գրում է նա: Մեզ դիմել են նաեւ Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ: Նրանք
իրենց վրդովմունքն են արտահայտել «Սեւան» ազգային պարկի նկատմամբ ՀՀ ԶՈՒ գեներալ
Հայկազ Բաղմանյանի «վանդալիզմի» առիթով: «Գեներալ Հայկազ Բաղմանյանը Վարդենիս-Սեւան
գազատարից շուրջ 20 կմ խողովակ է ապամոնտաժել ու վաճառել արտասահմանցիներին: Սեւանի
ազգային պարկի՝ Ծովակ գյուղի տարածքից մինչեւ Ծովինար գյուղի տարածք՝ շուրջ 20 կմ
երկարությամբ եւ 50-70 մետր լայնությամբ ամայացրել է անտառաշերտը»,- գրում են նրանք:
Ի դեպ, նոյեմբերի 3-ին պաշտոնեական դիրքի չարաշահման կապակցությամբ քրեական գործ
է հարուցվել գեներալի նկատմամբ՝ զինվորական դատախազության քննիչ Դավիթ Վեքիլյանի
կողմից: Զարմանալի զուգադիպությամբ Գեղարքունիքի Ծովագյուղի բնակիչ, զինվորի
ծնող Միքայել Մարկոսյանը դիմել էր «Առավոտին», ահազանգելով՝ որ իր որդին դաժան ծեծերի
է ենթարկվել զինծառայության ընթացքում, տուն վերադարձել խեղված հոգեբանությամբ, եւ
տառապում է գիշերամիզությամբ: Ուշագրավ է, որ բոլոր նամակագիրները իրենց նամակները
ստորագրել են եւ շեշտել, որ պատասխանատվություն են կրում ցանկացած տողի եւ բառի համար:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել