Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդեմ պարտվողի կամ հաղթողի կեցվածքի

Դեկտեմբեր 08,2004 00:00

«Ընտրական օրենսգիրքը»՝ կոալիցիա-«Ժողպատգամավոր» ծիրին մեջ

Պարզվում է՝ դաշնակցականները չեն ասել, որ իրենք կոալիցիայից դուրս կգան, եթե չընդունվի «Ընտրական օրենսգրքի» իրենց հավանած տարբերակը: Պարզվում է՝ Դաշնակցությունը ամենեւին էլ չի հայտարարել, որ բյուջեին դեմ կքվեարկի, նույն «ԸՕ»-ի հետ կապված: Ու էլի շատ բաներ Դաշնակցությունը չի ասել: Կամ ասել է, իսկ հիմա հարմար չի գտնում կրկնել:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը հիմա ասում է, մասնավորապես, հետեւյալը. «Կուսակցական շրջանակում չի քննարկվել բյուջեին դեմ քվեարկելու տարբերակը, սա պաշտոնապես եմ ուզում հայտարարել: Մենք կառավարության մաս ենք կազմում, Դաշնակցությունը ներկայացված է գործադիրում եւ օրենսդիրում եւ, բնականաբար, այս բյուջեի ձեւավորման մեջ ունենք որոշակի դերակատարում: Սա որեւէ մեկի բյուջեն չի, սա երկրի ընդհանուր բյուջեն է: Մենք այսօր էլ աշխատում ենք կառավարության հետ»: Այդ դեպքում խմբակցության ղեկավարը ինչպե՞ս է բացատրում տարածված այն խոսակցությունները, ըստ որոնց՝ ՀՅԴ-ն սպառնում է, թե բյուջեին դեմ է լինելու. «Չգիտեմ, թե նման խոսակցությունները ինչպես են առաջացել, որովհետեւ նման խոսակցությունների հիմք չկա»: Իսկ «ԸՕ»-ի հետ կապված Դաշնակցության դիրքորոշումները անփոփոխ են, այսինքն՝ համամասնությունների հարցը պետք է լուծվի հօգուտ համամասնական տեղերի ավելացման. «Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մի բան էլ կուզեի ավելացնել: Մամուլի թեթեւ ձեռքով փորձ է արվում հարցը ներկայացնել սեւ-սպիտակ կամ՝ պարտվողի եւ հաղթողի հոգեբանությամբ: Իրականում մենք ունենք կոալիցիայում ստորագրված հուշագիր եւ այդ հուշագրի կետերը քայլ առ քայլ պետք է կատարվեն: Բնականաբար, կլինեն խնդիրներ, որոնք կպահանջեն երկկողմանի կոմպրոմիսներ: Իմ կարծիքով, որեւէ քաղաքական ուժ, լինի դա կոալիցիայի անդամ, թե «Ժողպատգամավոր», պիտի երբեք չմտածի, որ կա պարտվողի եւ հաղթողի կեցվածք: Քաղաքական գործընթաց է, եւ երկկողմանի զիջումների հնարավորություն պետք է լինի, որպեսզի ճգնաժամային իրավիճակ չառաջանա»: Անդրադառնալով «Ժողպատգամավոր» խմբի անդամ Լեւոն Խաչատրյանի՝ մեր թերթում տպագրված հարցազրույցին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարը ասաց. «Չեմ ուզում որոշ ոչ կոռեկտ արտահայտությունների անդրադառնալ, բայց եթե իրենք խորհրդակցեն իրենց գործընկերների հետ, կհասկանան, որ դաշնակցության հետ չի կարելի որոշակի լեզվով խոսել, եւ մենք ի վիճակի ենք համարժեք պատասխան տալ: Ի տարբերություն մեծամասնականով ընտրվածների, որոնք իրենց տարածքներում վերընտրվելու խնդիր ունեն, կուսակցությունները իրենց ծրագրերը կազմում են առաջիկա 10 եւ ավելի տարիների համար: Կուսակցությունը կարող է վեր կանգնել փոքր շահերից եւ գնալ կոնկրետ վճռական լուծումների՝ հաշվի առնելով առաջիկա հեռանկարները: Յուրաքանչյուրը թող գիտակցի, որ Դաշնակցությունը երբեք չի կարող «կերակրամանին» մոտ լինելու համար որոշակի քայլեր կամ մարտավարություն իրականացնել»:

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը իր հերթին գտնում է, որ «ԸՕ»-ի հարցը խորհրդարան պիտի մտնի բոլոր քաղաքական ուժերի համաձայնությամբ. «Դրա համար պիտի փորձենք նորից բանակցել, խոսել: Կարծում եմ, եթե լրատվական միջամտությունները շատ չլինեն, այդ համագործակցությունն ավելի շուտ կկայանա: Երկու տեսակետ կա՝ պահպանել նույնը, եղածը փոփոխության ենթարկել: Քաղաքական ուժերը հիմա պետք է կարողանան իրար համոզել: Քանի որ «Հանրապետականից» շատ բան է կախված լուծումների առումով, մենք ավելի շատ սկզբունքն ենք ուզում արժեքավորել, այն է՝ որ հարցը պետք է քննարկել համագործակցված: Կարծում եմ, չի կարելի առանձնացնել «Ժողպատգամավոր» խմբին, նրանք նույն դաշտում են եւ նրանց կարծիքը մեզ համար բավականին լուրջ է, ինչպես մյուս քաղաքական ուժերինը»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել