Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ի՞ՆՉ ԿՏԱ ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ»

Դեկտեմբեր 08,2004 00:00

ԵԿՄ
ընդդիմադիր թեւում որոշ տարաձայնություններ կան երկրապահների առաջիկա համագումարը
բոյկոտելու վերաբերյալ Երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ
եւ ԵԿՄ վարչության անդամ Ալբերտ Բազեյանը հայտարարել էր, թե մտադիր չէ մասնակցել
դեկտեմբերի 11-ին կայանալիք ԵԿՄ 6-րդ համագումարին, որը, նրա բնորոշմամբ, «ֆարս»
է: ԵԿՄ վարչության անդամների հետ զրույցից պարզ դարձավ, որ կազմակերպության
համագումարին չմասնակցողներ, բացի Ա. Բազեյանից, հավանաբար, էլի կլինեն՝ Երեւանի
մարզային կառույցի ղեկավար Հակոբ Հակոբյանը, Հրազդանի մարզային կառույցի ղեկավար
Սասուն Միքայելյանը: Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ԵԿՄ վարչության անդամ
Մուշեղ Սաղաթելյանն էլ ասաց, թե չի մասնակցի համագումարին «զուտ նրա համար, որ ինքը
որոշակի սկզբունքներ ունի», որոնք, իր ասելով, համահունչ չեն առանձին մարդկանց սկզբունքներին
եւ նրանց գործողություններին: Ավելին պարոն Սաղաթելյանը չմանրամասնեց: Մեր այն հարցին,
թե արդյո՞ք իր եւ ԵԿՄ համագումարը բոյկոտողների գործողությունների արդյունքում ԵԿՄ-ն
չի պառակտվի, պարոն Սաղաթելյանը միանշանակ բացասական պատասխան տվեց: Ըստ նրա, ԵԿՄ-ն
գաղափարական կառույց է, որը միավորում է այս երկիրը հզոր տեսնելու ցանկություն ունեցող
եւ նրա համար կյանքը չխնայելուն պատրաստ տղաների: Մ. Սաղաթելյանի եւ Ա. Բազեյանի
կարծիքը լսելուց հետո տպավորություն ստեղծվեց, թե ԵԿՄ, պայմանականորեն ասած, ընդդիմադիր
թեւը, որը ներկայացված է հիմնականում «Հանրապետություն» կուսակցությունում, համագումարը
բոյկոտելու է: Պարզվեց սակայն, որ կուսակցության քաղխորհրդի անդամները համագումարը
բոյկոտելու հարցում այնքան էլ համակարծիք չեն եւ նման միասնական որոշում ամենեւին
չի կայացվել: Ինչպես կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը, այնպես էլ Սմբատ
Այվազյանը, որ նաեւ ԵԿՄ վարչության անդամ է, մասնակցելու են ԵԿՄ համագումարին: Մեր
այն հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ Ա. Բազեյանը որոշել է բոյկոտել համագումարը,
իսկ ինքը՝ ոչ, պարոն Այվազյանը նկատեց, թե դա կուսակցական հարց չէ: «Իսկ ի՞նչ կտա
չմասնակցելը»,- իր հերթին հարցադրում արեց պարոն Այվազյանը՝ հավելելով, թե իրենք
որպես ԵԿՄ վարչության անդամներ դեռեւս կարող են որոշակի հարցեր բարձրացնել եւ վարչությունում,
եւ համագումարում: ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը մեզ հետ զրույցում
նկատեց, թե համագումարի կազմակերպչական աշխատանքները դեռեւս շարունակվում են: Մարզային
կառույցները ժողովներ են արել, եւ առայժմ չկա մի կառույց, որը համագումարին չի մասնակցելու,
թեեւ մեր տեղեկություններով, նման մտադրություն ունի Հ. Հակոբյանի ազդեցության տակ
գտնվող ԵԿՄ Մալաթիայի կառույցը: Այդուհանդերձ, Ա. Կետիկյանն ասաց, որ կազմակերպության
պառակտման վտանգ չի տեսնում. «Արդեն ընտրվել են համագումարի 580 պատվիրակներ, այդ
թվում՝ վարչության կազմը, եւ վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես միշտ՝ նրանց 90-95
տոկոսը կմասնակցի համագումարին»: Նրա ասելով, երեկվա դրությամբ ոչ ոք ԵԿՄ-ին պաշտոնապես
չի տեղեկացրել համագումարը բոյկոտելու իր որոշման մասին: Ինչ վերաբերում է չմասնակցողներին,
ապա՝ նրանց բացակայությունը ԵԿՄ համագումարում որեւէ բան փոխել չի կարող: «Պարզապես
բոլորս պետք է գիտակցենք, որ սա Վազգեն Սարգսյանի ստեղծած թերեւս միակ կառույցն է,
որ դեռեւս չի պառակտվել: Հիշենք «Միասնության», ՀՀԿ-ի ճակատագիրը: Ակնհայտ էր, որ
դրանց պառակտումը ծրագրված էր, եւ արդեն մի քանի տարի շարունակ ամենատարբեր ձեւերով
փորձ է արվում քայքայել նաեւ ԵԿՄ-ն, սկզբում դրսից՝ ԱՎՄ-ի ստեղծում եւ այլն, բայց
ոչինչ չստացվեց: Հիմա էլ ոմանք փորձում են ԵԿՄ ներսում խորը պառակտում տեսնել, բայց
դրանք էլ որեւէ արդյունքի չեն հանգի: Ի տարբերություն կուսակցականների՝ մենք միասին
պատերազմ ենք անցել, եւ ԵԿՄ պառակտելն այդքան էլ հեշտ չէ»: Անդրադառնալով
Ա. Բազեյանի հայտնած տեսակետին՝ Ա. Կետիկյանն ասաց. «Բացարձակապես համաձայն չեմ իմ
շատ սիրելի հրամանատարի հետ: Նա եղել է ԵԿՄ ստեղծման ակունքներում եւ ով՝ ով, բայց
նա շատ լավ գիտի, որ իր դերը մեծ է եղել ԵԿՄ-ում, եւ նա միշտ էլ որոշիչ ազդեցություն
ունեցել է վարչության յուրաքանչյուր որոշման վրա: Եթե կան հարցեր, իսկ դրանք կան,
ապա պետք է բարձրացվեն վարչության նիստերում, համագումարում: Դա այն ամբիոնն է, որտեղից
պետք է մեզ հուզող հարցեր բարձրացվեն, ներկայացվեն շարքերին, որոնք ընտրել են իրենց:
Չեմ ընդունում բոյկոտի տարբերակը, որովհետեւ հարյուրավոր երկրապահներ սպասում են
վարչության ազդեցիկ անդամների խոսքին: Վստահ եմ, որ եթե ոչ ամսի 11-ին, ապա դրանից
հետո Ա. Բազեյանը եւ մյուս չմասնակցողները, եթե այդպիսիք լինեն, անպայման մեր կողքին
կլինեն»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել