Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՎ-ԹԱՏՐՈՆԻ

Դեկտեմբեր 07,2004 00:00

ՆԱՎ-ԹԱՏՐՈՆԻ ՀԱՅ «ՆԱՎԱՍՏԻՆ» Գ. Ծատուրյանը 2005-ին հանդես կգա հայրենիքում՝ տարբեր մյուզիքլներից դերերգերով «Մյուզիքլի ժանրը էրոտիկ արվեստ է, որը պետք է մատուցվի էսթետ ձեւով, ոչ վուլգար»,- ասում է «A-Rosa Blue» նավի վրա գործող մյուզիքլի շրջիկ թատրոնի արտիստ Գուրգեն Ծատուրյանը, որն այս օրերին մասնավոր այցով Երեւանում է: Գուրգենը ժամանակին խաղացել է «Մետրո» թատրոնում եւ Սանկտ Պետերբուրգի վոկալիստների ամենամյա միջազգային մրցույթի դիպլոմանտ է, այնուհետեւ, իր ասելով, ստիպված էր 90-ականներին հեռանալ Հայաստանից, ապրել ու ստեղծագործել Եվրոպայում: «Կոնսերվատորիայում ու թատերականում սովորելու տարիներին ինձ տեսնում էի միայն մյուզիքլի ժանրում, իսկ այդ թվերին Երեւանում երաժշտական թատրոն չկար: Երազանքս իրականացնելու միակ ճանապարհը Եվրոպա մեկնելն էր»,- նշեց մեր զրուցակիցը: Նպատակին հասնելու համար արտիստը սկզբնական շրջանում պատրաստ էր կատարել ցանկացած աշխատանք: «Գերմանիայում խնամում էի տարեցների, հետո տեղափոխվեցի Բելգիա: Անհարմար չեմ զգում ու ուզում եմ նշել, որ կատարել եմ ամեն տեսակի աշխատանք՝ աղբ հավաքելուց մինչեւ շինարարական աշխատանքներ»,- պատմեց արտիստը: Հետո Գուրգենն աշխատանքի է անցնում ռուսական ռեստորանում որպես երգիչ. «Ռեստորանի մշտական այցելուի շնորհիվ, որն ինձ տեղեկացրեց Բրյուսելի օպերային թատրոնի հայտարարած մրցույթի մասին, ընդունվեցի թատրոն»: Ըստ Գուրգեն Ծատուրյանի, Եվրոպայում մեզ (նկատի ունի հայերիս) չեն սպասում եւ ինքն ավելի քան երեք տարի աշխատել է թատրոնի երգչախմբում: «Դրանք իսկական վարպետության դասընթացներ էին, որ հնարավորություն տվեցին կողք-կողքի նույն բեմում կանգնել, շփվել այնպիսի աշխարհահռչակ օպերային աստղերի հետ, ինչպիսին են սոպրանո Ինես Սալասարը, տենոր Սեզար Ֆերնանդեսը եւ այլք»,- նշեց արտիստը: Օպերային թատրոնում աշխատելու տարիներին նրան դարձյալ ձգում է մյուզիքլը: Արտիստը դարձյալ վերադառնում է Գերմանիա, որտեղ երջանիկ պատահականությամբ Zentrale Buhnen und Fernsehen Agentur-ը (իմպրեսարիոների, մենեջերների, պրոդյուսերների կենտրոնացված օֆիս Եվրոպայում) անց էր կացնում մյուզիքլի թատրոնի արտիստների մրցույթ: Երկու իմպրեսարիոներ՝ ազգությամբ հրեա, շվեդաբնակ Դավիդ Շավալկովսկին ու գերմանացի Դորիս Բիռեթը ընտրում են հայ արտիստին: Կարճ ժամանակ անց Գ. Ծատուրյանը մասնակցում է Եվրամիության երկրներին պատկանող «A-Rosa Blue» նավի մյուզիքլի թատրոնի կողմից հայտարարված մրցույթին եւ մոտ 1000 մասնակիցներից ընտրվում են 3-ը, որոնց թվում էր հայ արտիստը: «Տարիների փնտրտուքից, բառիս իսկական իմաստով՝ դեգերումներից հետո, երազանքս իրականացավ եւ նավի վրա գործող, 1800 հանդիսատես ունեցող մյուզիքլի թատրոնի կազմում շրջագայել եմ մոտ 40 երկիր: Այ, այս թատրոնում հանդես եմ եկել գլխավոր դերերգերով՝ Վեբերի «Կատուներ», «Էվիտա», Շյոնբերգի «Թշվառները», կարճ ասած՝ 9 մյուզիքլներում»,- տեղեկացրեց արտիստը: Նա պատրաստվում է 2005-ի ամռանը դարձյալ այցելել հայրենիք, հանդես գալու մենահամերգով, բնականաբար՝ տարբեր մյուզիքլներից դերերգերով: Մեր հարցին՝ հայաստանցի արվեստագետներից ո՞ւմ է հանդիպել եւ ի՞նչ կարող է ասել արտերկրում նրանց գործունեության մասին, արտիստն ասաց. «Բնականաբար, թատրոն-նավով շատ երկրներում եմ եղել, բայց այն, ինչի ականատեսը եղա Բրյուսելում, ցնցող էր՝ ներկա գտնվեցի էստրադային երգչուհի Զառա Տոնիկյանի մենահամերգին, որը, եթե չեմ սխալվում, ավելի քան 10 տարի Բելգիայում է: Միայն «բիսերով» եւ «բրավոներով» չէ, որ դիմավորում էին երգչուհուն: Երեւի ֆիլմերում տեսած կլինեք, թե ինչպես են մոլի երկրպագուները իրենց կուռքին տեսնելիս ուրախությունից լաց լինում ու վանկարկում նրա անունը: Նման արվեստագետների ապրելն ու ստեղծագործելն արտերկրում՝ ոչ միայն արդարացված է, այլեւ պատիվ է բերում մեզ»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել