ԿՈՍՏՅՈ՞ՒՄՆ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ԶԱՐԴԱՐԵ «Օրինաց երկրի» ներկայացուցիչներին վիրավորել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի՝ մեր թերթում արած այն դիտարկումը, թե «ԱԺ-ում վարորդներ, խոհարարներ՝ եւ այլ աշխատակիցներ նշանակվում են կուսակցական սկզբունքով» եւ հանդես են եկել հակափաստարկներով: «Հասարակ ընտանիքից եմ դուրս եկել եւ հարգում եմ աշխատավոր մարդկանց, որոնց թվում են վարորդները եւ խոհարարները,- պարզաբանեց պրն Հարությունյանը:- Բայց քաղաքական գործիչ եւ ժողովրդի ընտրյալ (չգիտեմ, թե այդ ում կողմից են ընտրվել) կոչվելու հավակնություն ունեցող մարդիկ եթե այդ հասարակ փոխաբերական միտքը չեն հասկանում եւ փորձում են իմ դեմ դուրս բերել խոհարարներին եւ վարորդներին՝ խորհուրդ կտայի նորից կարդան ասածներս: Այնտեղ խոսքը ստիպողաբար կուսակցության մեջ ընդունվածների մասին է»: Մեր խնդրանքին՝ անուններով փաստարկել, թե ում են պարտադրելով անդամագրել՝ պրն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Եթե այս հարցադրմանս իրենք համարժեք պատասխան տան՝ խոստանում եմ, ասուլիս կհրավիրեմ ու կհրապարակեմ, թե քանի հոգու հետ են խորհրդարանում, տարբեր նախարարություններում, որոնք գլխավորում են «Օրինաց երկրի» նախարարները, ոչ թե ստիպել, այլ ուղղակի առանձնազրույցներ ունեցել համոզելու համար, թե իրենք հետագայում շատ կշահեն, եթե մտնեն ՕԵԿ-ի մեջ»: ՕԵԿ խմբակցության անդամ Հեղինե Բիշարյանը հակադարձելով Համլետ Հարությունյանին, ըստ որի՝ «ԱԺ աշխատակիցների 99%-ի կրծքին փակցված է ՕԵԿ-ի նշանը»՝ մամուլում նշել էր. «Ինձ համար անհասկանալի է՝ ի՞նչ միջոցների հաշվին են կարողանում շքեղ մեքենաներ, կոստյումներ ձեռք բերել: Երբեմն ինձ էլ են այս մասին հարցնում իմ ընտրողները, եւ ես ընկնում եմ անհարմար վիճակի մեջ. ես այդ հարցերի պատասխանը չունեմ: Եթե կրծքանշանները վրդովմունք են առաջացնում մարդկանց մոտ՝ ինձ մոտ էլ վրդովմունք են առաջացնում իմ ընտրողների տված այս հարցերը, որոնց ես չեմ կարողանում պատասխանել»: Համլետ Հարությունյանն իր հերթին նշեց. «Չէի ցանկանա, որ մեր քաղաքական դաշտում լինի մեկը, որ գործիչներին կբնութագրի կոստյումների քանակով կամ դրանց գներով: Ավելի լավ է՝ թող ուշադիր նայեն ու հասկանան, որ կոստյումներն ու շրջազգեստները ոչ մի նշանակություն չունեն. կարեւորը դրանց պարունակությունն է»: Ա. Ի.