Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՏՆԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ

Դեկտեմբեր 07,2004 00:00

ՎԱՏՆԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ Չորս պարզաբանում հանուն ճշմարտության Վերջերս Ղարաբաղի խնդրի շուրջ ծավալված բանավեճի շրջանակներում իշխանության ներկայացուցիչների կողմից (Ռոբերտ Քոչարյան, Վարդան Օսկանյան, Գալուստ Սահակյան, Գառնիկ Իսագուլյան եւ այլք) արվել են մի շարք հայտարարություններ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի վարչակազմի ղարաբաղյան քաղաքականության վերաբերյալ: Քանի որ Հայաստանի այսօրվա իշխանությունները հայաստանյան դիվանագիտության վերջերս արձանագրված ձախողումները արդարացնելու նպատակով չեն խորշում կեղծիքի կիրառումից, հարկ եմ համարում հանդես գալ հետեւյալ պարզաբանումներով, որոնք, կարծում եմ, հետաքրքիր կլինեն մեր հասարակայնության համար: Եվ այսպես. 1. Կեղծիք է, որ Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանը երբեւէ բանակցություններ է վարել կամ համաձայնել է Ղարաբաղի հարցի այնպիսի լուծման, որով կամ որի հետեւանքով Ղարաբաղը պետք է ճանաչվեր Ադրբեջանի մաս: Ավելին, 1996 թ. ԵԱՀԿ-ի լիսաբոնյան գագաթնաժողովում Հայաստանը վետո է կիրառել նման լուծում պարունակող փաստաթղթի հանդեպ, իսկ 1997 թ. պաշտոնապես գրավոր մերժել է Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված փաթեթային տարբերակի այն դրույթները, որոնք ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կամ Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելը: Հայաստանի դիրքորոշմանը Վարդան Օսկանյանը չէր կարող տեղյակ չլինել, քանի որ 1997 թ. որպես արտաքին գործերի նախարարի տեղակալ՝ անձամբ պատրաստել էր Հայաստանի պաշտոնական պատասխանը, որն, ի դեպ, 2001 թ. գաղտնազերծվել եւ հրապարակվել է մամուլում: 2. Կեղծիք է, որ 1997 թ. Մինսկի խմբի համանախագահների առաջարկած եւ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ընդունած փուլային տարբերակով Ղարաբաղը պետք է հայտնվեր Ադրբեջանի կազմում: Ճիշտ հակառակը, Մինսկի խմբի համանախագահների՝ մինչ այսօր եղած բոլոր գաղտնազերծված առաջարկների մեջ փուլային տարբերակը միակ առաջարկն էր, որը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կամ Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելը: Փաթեթային բոլոր լուծումների նկատմամբ հենց այս ակնհայտ առավելության պատճառով Վարդան Օսկանյանը 1997 թ. եղել է փուլային տարբերակի ամենաեռանդուն ջատագովը, որի համար իրեն կարելի է շնորհակալություն հայտնել: 3. Հայաստանի նորանկախ պատմության մեջ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչող միակ մեզ հայտնի պաշտոնական փաստաթուղթը, որն առանց վերապահումների պաշտոնապես ընդունվել է Հայաստանի կողմից, եղել է Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված «Ընդհանուր պետության» տարբերակը: Առաջարկը աներկբայորեն ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ավելին՝ սահմանափակել Ղարաբաղի ազատության տարրերը՝ համեմատած 1997 թ. փաթեթային տարբերակի հետ: Եթե ինձ հիշողությունը չի դավաճանում, այդ ժամանակ Հայաստանի նախագահն է եղել Ռոբերտ Քոչարյանը, իսկ արտաքին գործերի նախարարը՝ Վարդան Օսկանյանը: 4. Կեղծիք է, որ Հայաստանն այսօր ավելի լավ դիվանագիտական դիրքերում է, քան անցյալում: 1997 թ. Ադրբեջանը պաշտոնապես համաձայն էր ե՛ւ փաթեթային, ե՛ւ փուլային տարբերակներին, բայց 2001 թ. հայտարարեց, որ երկուսն էլ այլեւս չի ընդունում: 1997 թ. Հայաստանը մերժում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, իսկ Քոչարյանի օրոք՝ թողնում Ղարաբաղը Ադրբեջանի «Ընդհանուր պետության» մեջ: Սակայն Ադրբեջանը ոչ միայն դրան էլ արդեն համաձայն չէ, այլեւ ներկայացնում է նոր պահանջներ, որ 1991-1998 թթ. երբեք չէր ներկայացրել՝ Մեղրիի կապը Նախիջեւանի հետ: Այսինքն՝ այն, ինչ առաջ Ադրբեջանը տալիս էր, այսօր արդեն չի տալիս, իսկ այն, ինչ առաջ չէր ուզում, այսօր ուզում է: Այս փաստերը անառարկելիորեն ցույց են տալիս, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները գործով ապացուցել են իրենց պատրաստակամությունը Ղարաբաղը հանձնելու Ադրբեջանին /բայց արդյունքում միայն կոշտացրել նրա դիրքորոշումը/, մինչդեռ Տեր-Պետրոսյանի վարչակազմը ամեն ինչ արել է նման բան բացառելու համար, ավելին՝ կարողացել է հասնել հակամարտության այնպիսի լուծման ընդունմանը ե՛ւ միջազգային հանրության, ե՛ւ Ադրբեջանի կողմից, որով Հայաստանը խուսափում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց: Իշխանությունները դիմում են կեղծիքների վրա հիմնված այս անազնիվ քարոզարշավին մի պարզ պատճառով. նրանք փորձում են հայ ժողովրդից թաքցնել այն փաստը, որ վիժեցնելով Տեր-Պետրոսյանի վարչակազմի նվաճած հայանպաստ լուծումը՝ ոչ միայն չեն կարողացել հասնել ավելի լավ լուծման, այլեւ կորցրել են անգամ այդ լուծման վերակենդանացման հնարավորությունը Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Նրանք վերջնականապես ձախողել են բանակցությունները, բաց թողել ռազմական հաղթանակները խաղաղության պայմանագրով ամրագրելու պատմական պատեհությունը եւ կրկին նետում են հայ ժողովրդին Ադրբեջանի հետ առճակատման հորձանուտը: ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել