Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏՂԱՄԱՐԴԻԿ

Դեկտեմբեր 07,2004 00:00

«ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀԱՄՈԶՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՈՉ ԹԵ ՄԻՄՅԱՆՑ» Վստահ է «Ժողպատգամավոր» խմբի անդամ Լեւոն Խաչատրյանը – Այսօր կարծես թե քաղաքական դաշտի թիվ մեկ խնդիրն է դարձել «Ընտրական օրենսգրքի» հարցը: Անցած շաբաթվա վերջին, ըստ երեւույթին, հարցը խիստ կարեւորելով, խորհրդարան էր եկել պաշտպանության նախարարը, որպեսզի համոզեր «Ժողպատգամավոր» խմբին՝ համաձայնել «70-30» տարբերակին՝ հօգուտ մեծամասնական ընտրությունների, որին, ըստ որոշ լուրերի, արդեն համաձայնել Է դաշնակցությունը: Դուք ո՞ր տարբերակի կողմնակիցն եք: – Նախ, տղամարդիկ համոզում են կանանց, ոչ թե՝ միմյանց: Պարոն Սերժ Սարգսյանը եկել էր մեր կարծիքն իմանալու, մեզ հետ խորհրդակցելու եւ՝ ոչ ավելին: Մենք բոլորս միասնական կարծիք հայտնեցինք: Խմբի կարծիքը չի փոխվել. մենք այն կարծիքին ենք, որ այսօր քաղաքական դաշտը պատրաստ չէ նման փոփոխության: Իսկ դատարկ թվաբանական գործողություն կատարելը պարզապես անիմաստ է: Այսօր մենք չունենք երկպալատանի համակարգ, որպեսզի ռեգիոնները ներկայացված լինեն խորհրդարանում, եթե կապը միանգամից կտրենք, խորհրդարանը կդառնա քաղաքի պառլամենտ, ու դրանով ամեն ինչ կվերջանա: Այսօր հիմնականում մենք, մեզ նման մեծամասնականով ընտրված պատգամավորներն են համարյա ամեն օր հանդիպելով ժողովրդին, փորձում մի փոքր թեթեւացնել սոցիալական դժվարին վիճակը, որի մեջ են հայտնվել մարդիկ, որպեսզի հոգսերի հանրագումարը չդառնա սոցիալական բռնկում: Մենք ենք դա անում եւ ոչ թե կուսակցությունների ցուցակով անցած պատգամավորները, որոնք երեւի իրենց ընտրողների տեղն էլ չգիտեն: Հարազատ չունեցող «իվաններ», ո՞վ է ճանաչում, ինչո՞վ են զբաղվում: Մեր հիմնական գործը ոչ միայն օրենք գրելն է, ինչպես ամպագոռգոռ հայտարարում են ոմանք: Ես ժողովրդի կողմից ընտրված եմ իր հոգսերի ու խնդիրների հետ զուգահեռ տեսնելու, պարզելու՝ այստեղ գրվող օրենքները կապ ունե՞ն ժողովրդի հետ, թե՞ ոչ: – Անձամբ դուք ո՞ր տարբերակի կողմնակիցն եք: – Անձամբ իմ եւ, կարծում եմ, նաեւ «Ժողպատգամավորի» կարծիքն է՝ այսօր ընդհանրապես չանդրադառնալ որեւէ փոփոխության, այսօր պետք չէ (պահպանելով «75-56» համամասնությունը՝ հօգուտ մեծամասնականի 8211 Մ.Ե.): – Սակայն երեք քաղաքական ուժերը՝ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՀԿ-ն ստորագրել են կոալիցիոն հուշագիր, որում, ըստ դաշնակցական պնդումների, ֆիքսված է, որ այսուհետեւ պետք է ձգտել խորհրդարանում կուսակցությունների դերի բարձրացման: – Չեմ կարծում, որ դրանով կուսակցությունների դերն է բարձրանալու խորհրդարանում, այլ դրանով բարձրանալու է կուսակցությունների գրպանի պարունակությունը: Մեխանիկական թվաբանություն են կատարում՝ ելնելով սեփական շահերից: Ո՞ւմ է ձեռնտու համամասնական տեղերի ավելացումը՝ դաշնակների՞ն, բնական է: Ամեն մի համամասնականով ավելացված տեղ մեծացնում է այն կուսակցության վերարտադրվելու շանսերը, որը մեծամասնականով ընտրված ոչ մի պատգամավոր չունի: Սրանից ժողովուրդը օգտվո՞ւմ է, թե՞ ոչ՝ սա է խնդիրը: Իհարկե, ոչ: Եթե խնդիր է դրվում, պետք է հասկանալ՝ ո՞ւմ է ձեռնտու, ո՞ւմ ձեռնտու չէ: Հիմա սրանով կուսակցությունների դերը բարձրացնո՞ւմ ենք, իհարկե՝ ոչ, դա պարզապես շանս է՝ ավելացնելու իրենց վերարտադրվելու հնարավորությունը: Իսկ ինչ վերաբերում է ինչ-որ հուշագրի, թող իրենք իրենց հուշագիրը գրելուց առաջ մտածեին, թե ինչի մասին են գրում: – Դուք նեղացաք, երբ ասացի, որ Սերժ Սարգսյանը եկել էր ձեզ համոզելու, ճշտեցիք, թե եկել էր խորհրդակցելու, ուրեմն՝ այդ խորհրդակցելու արդյունքում ի՞նչ ընդհանուր հայտարարի եկաք, ի՞նչ որոշեցիք: – Յուրաքանչյուրս մեր կարծիքը հայտնեցինք եւ ասացինք, որ մեր կարծիքով այսօր դրա ժամանակը չէ, այսօր համամասնությունների փոփոխությունը արհեստածին է: – Իսկ պաշտպանության նախարա՞րը: – Նա պարզապես լսեց մեր կարծիքը: Հավանաբար լսել էր բոլորի կարծիքը, լսեց նաեւ մերը: Եվ, հավանաբար, մեր կարծիքն ինչ-որ բան ասաց իրեն, քանի որ հետեւանքը գիտեք՝ առայժմ հարցի քննարկումը գոնե հետաձգվեց: Դրել էին միանշանակ՝ դուրս կգանք կոալիցիայից, դուրս չենք գա կոալիցիայից, բյուջե չենք ընդունի, մի քանի մատ ցույց կտանք, էլ չգիտեմ ի՞նչ կանենք, չգիտեմ, հազար ու մի բաներ էին պատմում: Նման ձեւով օրենքներ եւ որոշումներ խորհրդարանում չեն ընդունվում: Մենք էն խումբը չենք, որի հետ կարելի է ուլտիմատումով խոսել: – Կոալիցիան որքա՞ն կյանք ունի, ձեր կարծիքով: – Ընդհանրապես ինչ-որ բան փլուզվում է, երբ մեկի «լակամանից» մյուսը ինչ-որ բան է գողանում: Հակառակ դեպքում չի փլուզվի: Եթե իրարից ոչինչ չուզեն գողանալ, հարյուր տարի կգնան: Այստեղ էլ է պահպանվում «ե՛ւ գայլերն են կուշտ, ե՛ւ ոչխարներն են ողջ» ասացվածքը: Մնացածը ամպագոռգոռ խոսակցություններ են: Դե, թող դուրս գան: Ասում են՝ բյուջեն չեն ընդունի, մինչեւ այս հարցը չանցնի: Դե, թող դուրս գան: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել