Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ 2004-ՈՒՄ

Դեկտեմբեր 07,2004 00:00

Դեկտեմբերի 18-23-ը անցկացվելու է աշխարհում առաջին ինտերնետային միջազգային մրցաշարը՝ նվիրված աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին:

Այդ առիթով երեկ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում մամուլի ասուլիս էր հրավիրել «Cess» ակադեմիայի հիմնադիր եւ տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:

«2004 թվականը, ինչպես գիտեք, հայտարարվել էր Տիգրան Պետրոսյանի տարի,- ասաց նա:- Այդ առիթով մի շարք միջոցառումներ են եղել: Սա վերջինն է լինելու, որով ուզում ենք եզրափակել մեր մեծ հայրենակցի տարին: Հույս ունենք, որ իր ոճով յուրօրինակ ու եզակի այս մրցաշարը, որում հանդես են գալու շախմատային չորս գերտերություններ՝ ինտերնետային դաշտի միջոցով, հաջողություն կունենա: Այդ երկրներն են՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Հայաստանը, Չինաստանը: Ընդ որում, բոլոր երկրների հավաքականների կազմում խաղալու են այն շախմատիստները, ովքեր վերջերս հանդես են եկել համաշխարհային օլիմպիադայում: Բացառություն է միայն ֆրանսիացի Բաուերը, որն անձնական պատճառներով չէր կարողացել մեկնել Կալվիա: Սակայն լինելով այդ երկրի ուժեղագույն շախմատիստներից մեկը, նրա մասնակցությունը միայն ավելի է բարձրացնում մրցաշարի մակարդակը: Ինտերնետային մրցաշարում հանդես են գալու. Ռուսաստանից՝ Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Դրեեւը, Ալեքսանդր Խալիֆմանը, Վադիմ Զվյագինցեւը, Ֆրանսիայից՝ Ժոել Լոտյեն, Լորենս Ֆրեզինետը, Քրիստիան Բաուերը, Ալեքսանդր Նատաֆը, Հայաստանից՝ Լեւոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Չինաստանից՝ Ժանգ Ժոնգը, Քսյանժի Բուն, Նի Հուան, Վանգ Յուն:

Մրցաշարն սկսվելու է Երեւանի ժամանակով ժամը 15.00-ին: Սանկտ-Պետերբուրգում, որտեղ գտնվելու է Ռուսաստանի թիմը, կլինի ժամը 14.00-ը, Կլիշնեում՝ Ֆրանսիա, 12.00-ն, Պեկինում՝ 18.00-ն: Մենք որպես կազմակերպիչ, յուրաքանչյուր երկրից ընտրել ենք մեկ մրցավարի եւ որոշել, թե ով որտեղ պետք է գտնվի: Այսպես, Հայաստանից Աշոտ Վարդապետյանը լինելու է Ֆրանսիայում, Ֆրանսիայից՝ Ժան Կլոդ Տեմպլերը՝ Ռուսաստանում, Ռուսաստանից Իգոր Բոլոտինսկին՝ Չինաստանում եւ Չինաստանից Լին Ֆենգը՝ Հայաստանում:

Այս մրցաշարի նշանակությունը մենք դիտում ենք նաեւ Հայաստանը աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու տեսանկյունից: Ու դրա առաջին դրսեւորումներն արդեն իսկ կան: Մրցաշարի հանդեպ մեծ հետաքրքրություն են հանդես բերել ՖԻԴԵ-ն, Գրոսմայստերների ասոցիացիան»: Մրցաշարի գործադիր տնօրեն ամերիկահայ Արամ Հաջյանը տեղեկացրեց, որ կազմակերպիչները համագործակցում են ամերիկյան «Internet chess Club» ընկերության հետ, որն առաջինն է աշխարհում որպես շախմատային ակումբ: Շախմատասերները մրցաշարի ընթացքին կարող են հետեւել ինչպես այդ դաշտում, այնպես էլ հատուկ բացվող «www.petrosian2004.com» վեբ սայթում, որտեղ ինֆորմացիան տեղադրվելու է մասնակից երկրների եւ անգլերեն լեզուներով: Նա իրազեկեց նաեւ, որ այս միջոցառմանը ցույց է տրվում ինչպես պետական աջակցություն՝ ի դեմս Շախմատի ակադեմիայի, ֆեդերացիայի, Հայաստանի կառավարության, այնպես էլ մասնավոր սեկտորի, ինչպես Երեւանում «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցը, որտեղ ապրելու եւ խաղալու է մեր հավաքականը, «Լայքոս Եվրոպա» ընկերությունը Հայաստանում, «Վեբ» ՍՊԸ-ն, «Պան Արմենիա նետ»-ը, մասնակից երկրների տարբեր կազմակերպություններ:

«Վեբ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ռուբեն Գեւորգյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը տարիներ ի վեր Հայաստանում զբաղվում է ինտերնետ- սերվիս ծառայություններով եւ առաջատար պրովայդերներից է: Իրենք ապահովելու են մասնակիցների ինտերնետային կապը եւ հավաստիացրեց, որ իրենց տեխնիկական միջոցները անխափան կաշխատեն:

«Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ Վլադիմիր Հակոբյանը հավաքականում չէ եւ ի՞նչ սկզբունքով են ընտրվել երկրները, Սմբատ Լպուտյանը պատասխանեց. «Վլադիմիր Հակոբյանը մեկ տարվա պայմանագիր ունի կնքած Քաթարի հետ եւ պարտավոր է այդ օրերին լինել այնտեղ: Այլապես՝ անպայման կխաղար: Իսկ ինչ վերաբերում է երկրների ընտրությանը, առաջնորդվել ենք այն սկզբունքով, որպեսզի դրանք իրենց ուժով եւ հեղինակությամբ համապատասխանեն հասարակության ուշադրությանը: Եթե Ռուսաստանը աշխարհի թիվ մեկ շախմատային երկիրն է, Չինաստանը, որ նույնպես առաջատարների շարքում է, մեզ հետաքրքրել է նաեւ իր բնակչության քանակով: Մենք նախատեսում էինք նաեւ Հնդկաստանի մասնակցությունը՝ Անանդի գլխավորությամբ: Սկզբում նա տվել էր համաձայնությունը: Հետագայում ինչ-ինչ անձնական պատճառներով հրաժարվեց ու այդ երկիրը, առանց իր առաջատարի, նպատակահարմար չգտավ խաղալ: Այնպես որ, հայացքներս շրջեցինք դեպի Եվրոպա ու ընտրեցինք շախմատային ամենաուժեղ երկրներից Ֆրանսիան: Ուզում էինք նաեւ ԱՄՆ-ին հրավիրել, բայց չարեցինք, որովհետեւ այդ երկիրը ժամային հակառակ գոտում է»: Ս. Լպուտյանը նաեւ տեղեկացրեց, որ սահմանվել է $ 55 հազար դրամական մրցանակ՝ հաղթող թիմին $ 20 հազար, 2-րդին՝ $15 հազար, 3-րդին՝ $12 հազար, 4-րդին՝ $8 հազար:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել