Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 07,2004 00:00

ԺՈՂՈՎՐԴԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ Չի
կարելի չնկատել, որ վերջին տարիներին արխիվային շինարարության նկատմամբ ուշադրությունը
թուլացել է, ավելին, այն թերագնահատվել է: Այդ մասին է վկայում թեկուզ այն հանգամանքը,
որ ոչ միայն լիկվիդացվել է կառավարությանը առընթեր գործող արխիվային վարչությունը,
այլ այդ ամբողջ բնագավառը դրվել է նախարարություններից մեկի ենթակայության տակ՝ նոր
անվանումով: Առնվազն պետք է անտեղյակ լինել արխիվային վարչության գործունեությանը,
նրա ֆունկցիաներին՝ նման քայլի դիմելու համար: Նախ, կառուցվածքային անվան
վերաբերյալ. ինչպես կարելի է վարչություններ ունենալ կառավարության, նախարարությունների
կազմում, նույնիսկ քաղաքապետարաններում, որոնց աշխատանքային գործունեության շրջանակները
ավելի սահմանափակ են, մինչդեռ արխիվային ղեկավար մարմնի գործունեությունը տարածվում
է հանրապետության բոլոր կառուցվածքների վրա: Պարզից էլ պարզ է. վերացնել կառավարությանն
առընթեր արխիվային ղեկավար մարմինը եւ այն դնել որեւէ նախարարության ենթակայության
տակ: Սա բացարձակապես սխալ է, զուրկ որեւէ հիմնավորումից: Ինչպե՞ս կարելի է աշխատանքային
բնույթով հանրապետական մասշտաբի եւ իրավունքի մարմինը ենթարկել որեւէ գերատեսչության,
երբ վերջինիս գործունեությամբ ստեղծված վավերագրական արժեքների, գործավարության վարումը
հսկվում է արխիվային ղեկավար մարմնի կողմից: Ճիշտ է, մի ժամանակ Արխիվային
վարչությունը գտնվել է ներքին գործերի մինիստրության ենթակայության տակ, բայց դա
բացատրվում էր ժամանակի պահանջով՝ սահմանափակել արխիվներում եղած վավերագրական նյութերի
ուսումնասիրողների թիվը: Իսկ եթե ներկայումս կառավարությունում «հասունացել» էր նման
որոշման ընդունումը, ապա ավելի ճիշտ կլիներ Արխիվային վարչությունը դարձնել հանրապետության
նախագահի աշխատակազմին առընթեր գործող մարմին: Չմոռանանք, որ արխիվները ժողովրդի
հիշողությունն են: Արխիվներին տված այդ ճշգրիտ ու հանճարեղ արժեւորումը առավել եւս
թանկ է հայ ժողովրդի համար, որն այսօր աշխարհի խղճին է ներկայացնում իր նկատմամբ
թույլ տրված ոճրագործությունները, եւ արխիվները նրա արդարացի բողոքի լավագույն վկաներն
են: ՀՐԱՆՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀՀ պատերազմի եւ ԶՈՒ-ի վետերանների
կոմիտեի նախագահ, Արխիվային վարչության պետի նախկին տեղակալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել