Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկրի վիճակը գորշ է՝ նախագահականի նկարների պես

Դեկտեմբեր 07,2004 00:00

Կարծում է նկարիչ Վահան Ղարիբյանը

Վ. Ղարիբյանը ստեղծագործում է պատմական թեմաներով: Այսօր նա ունի հայոց պատմությունը ներկայացնող 100-ից ավելի կտավ: Պատմական թեմաներով ստեղծագործող նկարիչը հասել է արցախյան թեմաներին ու կանգ առել: Ցանկություն ունի, բայց նկարելու ամենաանհրաժեշտ պարագաներ չունի: Ըստ Վ. Ղարիբյանի, ինքը ուղիղ 100 նամակ է ուղղել կառավարությանը, նախագահին, մշակույթի բոլոր նախարարներին եւ մի շարք կազմակերպությունների, որպեսզի աջակցեն ամբողջացնելու պատմական թեմաներով մտահղացումների իր շարքը, սակայն ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան չի ստացել: Նրան բոլոր գերատեսչություններից բանավոր պատասխանել են, թե բյուջեն ճեղքվածք ունի, դեռ այդ հարցը պիտի լուծեն:

Նկարիչն այլեւս պատասխանի չի էլ սպասում եւ ապրում է իր հիշողություններով: Զուգահեռներ է անցկացնում հայ եւ օտարերկրյա այրերի միջեւ, հիացմունքով պատմում է, թե ինչ փառք ու պատվի է արժանացել ժամանակին օտար երկրներում: Հունաստանի նախագահի ջերմ շնորհավորանքները, հույն եկեղեցու՝ իրեն տրված «Հայոց Էլ Գրեկո» տիտղոսը եւ այլն: Ավելին, սովորաբար եկեղեցիներում աշխարհիկ նկարներ չեն լինում, սակայն Հունաստանի որոշ եկեղեցիներում Վ. Ղարիբյանի նկարները կախված են սրբապատկերների կողքին: «Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի» անդամ լինելով հանդերձ՝ Վահանը մերժել է Հունաստանում բարեկեցիկ ապրելու եւ հույների պատմությունը իր կտավներում ներկայացնելու գայթակղիչ առաջարկը: Մինչդեռ տարիներ առաջ հարազատ երկրի օդանավակայանում ծաղիկների փոխարեն իրեն «քրգործով են դիմավորել»: Պատճառը՝ հունական եկեղեցուն նվիրել էր սեփական կտավներից մեկը՝ առանց հայկական կողմի թույտվության:

Պարոն Ղարիբյանը գործազուրկ է: Ստացել է աշխատանքի երկու «աննախադեպ» առաջարկ. իր խոսքերով՝ «դռան զսպանակ» (դռնապան) եւ բենզալցակայանի աշխատակից: Նա ստեղծագործում է իր տան ձեղնահարկում, որտեղ նկարները, հատկապես ձմռանը, որակազրկվում եւ փչանում են:

Նկարիչը պատմեց, որ վերջերս իրեն այցելել են նախագահի աշխատակազմից եւ տարել 5 նկար՝ հավանաբար բարձրաստիճան հյուրերի ժամանման առիթով, ապա երկու օր անց հետ են բերել: «Գոհ եմ, որ երկար չպահեցին: Անհամբեր սպասում էի, որ վերջապես նախագահի ուշադրությանը կարժանանամ եւ գնված գոնե մեկ նկարի գումարով որոշ ժամանակ ընտանիքս կպահեմ, պարզվեց՝ լավատեսությունս ավելորդ էր»,- պատմում է նկարիչը: Հարցին՝ թե ինչո՞ւ նկարները Վերնիսաժում չեն՝ պարոն Ղարիբյանը պատասխանեց. «Ազգիս պատմությունը 10 դոլարով ամերիկացուն ծախողը չեմ: Մշակույթս որակազրկել, անձս նվաստացնել էլ չեմ ուզում»:

Ըստ նկարչի՝ «երկրի գործերը մութ կլինեն այնքան ժամանակ, մինչեւ նախագահի նստավայրում փակցված գորշ նկարները չփոխարինվեն պայծառ գունավորումներ ունեցող կտավներով»: Նման առաջարկով եւս հանդես է եկել, սակայն «Ո՛չ նկարներն են փոխվում, ո՛չ էլ մեր վիճակը»:

ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել