Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՎ-ԹԱՏՐՈՆԻ ՀԱՅ «ՆԱՎԱՍՏԻՆ»

Դեկտեմբեր 07,2004 00:00

Գ.
Ծատուրյանը 2005-ին հանդես կգա հայրենիքում՝ տարբեր մյուզիքլներից դերերգերով «Մյուզիքլի
ժանրը էրոտիկ արվեստ է, որը պետք է մատուցվի էսթետ ձեւով, ոչ վուլգար»,- ասում է
«A-Rosa Blue» նավի վրա գործող մյուզիքլի շրջիկ թատրոնի արտիստ Գուրգեն Ծատուրյանը,
որն այս օրերին մասնավոր այցով Երեւանում է: Գուրգենը ժամանակին խաղացել է
«Մետրո» թատրոնում եւ Սանկտ Պետերբուրգի վոկալիստների ամենամյա միջազգային մրցույթի
դիպլոմանտ է, այնուհետեւ, իր ասելով, ստիպված էր 90-ականներին հեռանալ Հայաստանից,
ապրել ու ստեղծագործել Եվրոպայում: «Կոնսերվատորիայում ու թատերականում սովորելու
տարիներին ինձ տեսնում էի միայն մյուզիքլի ժանրում, իսկ այդ թվերին Երեւանում երաժշտական
թատրոն չկար: Երազանքս իրականացնելու միակ ճանապարհը Եվրոպա մեկնելն էր»,- նշեց մեր
զրուցակիցը: Նպատակին հասնելու համար արտիստը սկզբնական շրջանում պատրաստ էր կատարել
ցանկացած աշխատանք: «Գերմանիայում խնամում էի տարեցների, հետո տեղափոխվեցի Բելգիա:
Անհարմար չեմ զգում ու ուզում եմ նշել, որ կատարել եմ ամեն տեսակի աշխատանք՝ աղբ
հավաքելուց մինչեւ շինարարական աշխատանքներ»,- պատմեց արտիստը: Հետո Գուրգենն աշխատանքի
է անցնում ռուսական ռեստորանում որպես երգիչ. «Ռեստորանի մշտական այցելուի շնորհիվ,
որն ինձ տեղեկացրեց Բրյուսելի օպերային թատրոնի հայտարարած մրցույթի մասին, ընդունվեցի
թատրոն»: Ըստ Գուրգեն Ծատուրյանի, Եվրոպայում մեզ (նկատի ունի հայերիս) չեն
սպասում եւ ինքն ավելի քան երեք տարի աշխատել է թատրոնի երգչախմբում: «Դրանք իսկական
վարպետության դասընթացներ էին, որ հնարավորություն տվեցին կողք-կողքի նույն բեմում
կանգնել, շփվել այնպիսի աշխարհահռչակ օպերային աստղերի հետ, ինչպիսին են սոպրանո
Ինես Սալասարը, տենոր Սեզար Ֆերնանդեսը եւ այլք»,- նշեց արտիստը: Օպերային
թատրոնում աշխատելու տարիներին նրան դարձյալ ձգում է մյուզիքլը: Արտիստը դարձյալ
վերադառնում է Գերմանիա, որտեղ երջանիկ պատահականությամբ Zentrale Buhnen und Fernsehen
Agentur-ը (իմպրեսարիոների, մենեջերների, պրոդյուսերների կենտրոնացված օֆիս Եվրոպայում)
անց էր կացնում մյուզիքլի թատրոնի արտիստների մրցույթ: Երկու իմպրեսարիոներ՝ ազգությամբ
հրեա, շվեդաբնակ Դավիդ Շավալկովսկին ու գերմանացի Դորիս Բիռեթը ընտրում են հայ արտիստին:
Կարճ ժամանակ անց Գ. Ծատուրյանը մասնակցում է Եվրամիության երկրներին պատկանող «A-Rosa
Blue» նավի մյուզիքլի թատրոնի կողմից հայտարարված մրցույթին եւ մոտ 1000 մասնակիցներից
ընտրվում են 3-ը, որոնց թվում էր հայ արտիստը: «Տարիների փնտրտուքից, բառիս իսկական
իմաստով՝ դեգերումներից հետո, երազանքս իրականացավ եւ նավի վրա գործող, 1800 հանդիսատես
ունեցող մյուզիքլի թատրոնի կազմում շրջագայել եմ մոտ 40 երկիր: Այ, այս թատրոնում
հանդես եմ եկել գլխավոր դերերգերով՝ Վեբերի «Կատուներ», «Էվիտա», Շյոնբերգի «Թշվառները»,
կարճ ասած՝ 9 մյուզիքլներում»,- տեղեկացրեց արտիստը: Նա պատրաստվում է 2005-ի ամռանը
դարձյալ այցելել հայրենիք, հանդես գալու մենահամերգով, բնականաբար՝ տարբեր մյուզիքլներից
դերերգերով: Մեր հարցին՝ հայաստանցի արվեստագետներից ո՞ւմ է հանդիպել եւ ի՞նչ
կարող է ասել արտերկրում նրանց գործունեության մասին, արտիստն ասաց. «Բնականաբար,
թատրոն-նավով շատ երկրներում եմ եղել, բայց այն, ինչի ականատեսը եղա Բրյուսելում,
ցնցող էր՝ ներկա գտնվեցի էստրադային երգչուհի Զառա Տոնիկյանի մենահամերգին, որը,
եթե չեմ սխալվում, ավելի քան 10 տարի Բելգիայում է: Միայն «բիսերով» եւ «բրավոներով»
չէ, որ դիմավորում էին երգչուհուն: Երեւի ֆիլմերում տեսած կլինեք, թե ինչպես են մոլի
երկրպագուները իրենց կուռքին տեսնելիս ուրախությունից լաց լինում ու վանկարկում նրա
անունը: Նման արվեստագետների ապրելն ու ստեղծագործելն արտերկրում՝ ոչ միայն արդարացված
է, այլեւ պատիվ է բերում մեզ»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել