Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բժիշկները բողոքում են

Դեկտեմբեր 07,2004 00:00

Նոյեմբերի 19-ի կառավարության որոշումով, պաշտպանության նախարարությունը բանակ կզորակոչի բժշկական գիտությունների թեկնածուներին, ինչպես նաեւ 3 եւ ավելի երեխա ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաներին: Երեկ այս առիթով Հայկական բժշկական ասոցիացիան ասուլիս էր հրավիրել՝ իր մտահոգությունն արտահայտելու:

Ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանի հավաստմամբ, զինկոմիսարիատներն արդեն ծանուցագրեր են ուղարկել բժիշկ-գիտնականներին՝ զինկոմիսարիատ ներկայանալու: Ասոցիացիայի անդամները համարում են, որ այդ որոշմամբ մեր պետական այրերը վտանգի տակ են դնում «ազգի առողջությունը»: Բացի այդ, «լուրջ հարված կհասցվի այն բուժհաստատություններին եւ գիտական ամբիոններին, որոնք տարիներով աճեցրել են այդ գիտնականներին»: Ասոցիացիայի անդամները կասկածով են վերաբերվում նաեւ որոշման այն կետին, որում նշված է, որ բժիշկ-գիտնականների համար զինված ուժերում կան բացառիկ պայմաններ՝ գիտական աշխատանքով զբաղվելու համար. «Հարց է առաջանում, ինչո՞ւ տարիներ շարունակ նման հնարավորությունից չեն օգտվում պաշտպանության նախարարության կադրերը, որոնք ի սկզբանե պայմանագիր ունեն եւ ՊՆ-ի ֆինանսավորմամբ ավարտել են բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը՝ համապատասխան բարձրորակ մասնագետներով զինված ուժերը համալրելու: Թող հատուկ պայմաններ նրանց համար ստեղծեին: Ո՞ւր են այդ բժիշկները: Ինչո՞ւ բանակում չեն ծառայում»,- ՊՆ-ին իր հարցերն ուղղեց Պ. Զելվեյանը: Վերջինիս հավաստմամբ, «Զինապարտության մասին» օրենքում հակասություններ էլ կան. «Գիտնական-սպայի վերաբերյալ օրենքում հատուկ կետ չկա, բայց կա գիտնականի վերաբերյալ, որ նա չպետք է ծառայի բանակում»: Ի դեպ, նախատեսվում է զորակոչել 70 բժիշկ, իսկ թե նրանցից քանիսը պետք է գիտնական լինեն՝ ասոցիացիայի անդամներին հայտնի չէր: Ընդհանուր առմամբ՝ գիտական կոչում ունեցող մոտ 100 բժիշկ կա: Ասոցիացիայի անդամները համոզված են, որ «այսօր մեր բանակին ավելի շատ պետք են պրակտիկ ունակություններ ունեցող բժիշկներ, ոչ թե գիտնականներ»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել