Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրիում փոսերը «լափում» են մարդկանց

Դեկտեմբեր 07,2004 00:00

Չնայած
շահագրգիռ մարմինները դրա դեմ «չեն բողոքում» Ուղիղ մեկ շաբաթ առաջ ինչ-
որ մեկը թռցրել էր Գյումրիի քաղաքապետարանի դեմ-դիմաց գտնվող կանգառի դիտահորի կափարիչը:
Մոտակա ծաղկանոցի աշխատակցուհի Արմենուհի Սուքիասյանի վկայությամբ՝ իր 55-ամյա հարեւանուհի
Սուսաննա Նահապետյանը դարձել էր հիշյալ գողության «ամենաթարմ զոհը»: Վերջինս թեեւ
2-3 մետրանոց փոսը մինչեւ վերջ չէր ընկել՝ անցորդներն ու տաքսու վարորդները մի կերպ
փրկել էին, սակայն ստացել էր մարմնական վնասվածքներ. մի ոտքն ամբողջությամբ քերծվել
էր: Սա Գյումրիում միակ դեպքը չէ: Արդեն գրել ենք, որ գողերը հասցրել են գրեթե բոլոր
թաղերը շրջել: Օրինակ՝ Ղանդիլյան 47 շենքի բնակիչները վստահ են, որ իրենց փողոցի
դիտահորի կափարիչը ոչ թե թաղի սոված շներն են կերել (որոշ պաշտոնյաներ պնդում են,
թե նման գողություն չկա), այլ ալյումին-երկաթ թալանողները: Դա գործազուրկ քաղաքում
ամենամոդայիկ աշխատանքն է. անգամ ձեւավորվել են կիսակառույց շենքեր ու աղբանոցներ
«քրքրող» հատուկ բրիգադներ՝ աշխատակազմի ղեկավարով ու բանվոր տղեքով: Նույն բնակիչների
ասելով՝ իրենց փողոցի դիտահորի կափարիչը 3-4 տարվա մեջ երկու անգամ թռցրել են: Այս
ընթացքում բարեբախտաբար մարդկային զոհեր չեն եղել, սակայն փոխարենը գրանցվել են մեքենաների
ջարդուխուրդ լինելու անհաշվելի դեպքեր: Պարզվում է՝ երեւույթն այնքան սովորական է,
որ բնակիչները կատակում են, թե հենց իրենց շենքում ձեւավորվել է փրկարարների հատուկ
խումբ: Իսկ ըստ Գյումրիի ամենամեծ թաղամասի՝ Անիի բնակիչների, Պարույր Սեւակի անունը
կրող գլխավոր փողոցի մութ ու ցեխոտ վերջնամասի փոսն ընկնողին պակասում է միայն գերեզմանաքարը:
«Ընկնողը գիտե, թե իր հետ ինչ է կատարվում»,- ասում է Վարդուհի Նազարյանը, որը դեռեւս
տարիներ առաջ իր ամուսնու` Արսեն Նազարյանի հետ հասցրել էր «ճաշակել» հիշյալ 12 մետրանոց
փոսը՝ ստանալով ծանր մարմնական վնասվածքներ: Ինչպես տեսնում ենք՝ այսօր էլ ոչինչ
չի փոխվել: Իսկ եթե այս ամենը մեր իրավապահները չեն տեսնում, չեն բողոքում
կամ էլ, ինչպես իրենք են պնդում, ահազանգեր չեն ստանում, հարկ ենք համարում հիշեցնել,
որ ժուռնալիստական նյութերը եւս ահազանգ են: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ,
Գյումրի Լուսանկարները՝ «Առավոտի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել