Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր առաջարկներ եւ կան, եւ չկան

Դեկտեմբեր 07,2004 00:00

Անցյալ ուրբաթ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հյուրընկալվելով «Կենտրոնի» «Ուրվագիծ» ծրագրին՝ անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորմանը:

ԱԳ նախարարը, մասնավորապես, պատասխանեց մեր դիվանագիտության հասցեին հնչած քննադատությանը. «Անկախ նրանից՝ սա հիմնավորված է, թե ոչ, բայց սա նրանք ծառայեցնում են իրենց շահերին, նեղ նպատակներին»,- ասաց Վ. Օսկանյանը՝ հավելելով, թե «այդ դիտարկումները շատ նորմալ կլինեին, եթե այդ հիմնավորումների վերջում եզրակացություն չարվեր, թե այս բոլորից խուսափելու համար իշխանափոխություն է անհրաժեշտ»:

Վ. Օսկանյանը նաեւ մի քանի բացահայտումներ արեց ԼՂ կարգավորման վերաբերյալ: Ըստ նրա, վերջին 6 ամսում, իրոք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ բանակցություններ են վարվել: «Մինչեւ նախագահների հանդիպումը եղել է ԱԳ նախարարների 4 հանդիպում Պրահայում, եւ այդ հանդիպումների արդյունքում ծնվել են նոր մտքեր»,- ասաց նախարարը՝ մանրամասնելով, թե դրանք նաեւ ներկայացվել են երկու երկրների նախագահներին՝ ստանալու համար վերջիններիս համաձայնությունը: Նախարարի ասելով, դա փոխզիջումային տարբերակ է եւ «բխում է նաեւ մեր շահերից, ինչ-որ չափով նաեւ Ադրբեջանի շահերից», բայց «քանի որ փոխզիջման վրա է հիմնվում, ի վերջո, նախագահներն իրենց խոսքը պետք է ասեն, որպեսզի մենք կարողանանք շարունակել բանակցությունը: Դրա համար Աստանայում նախագահները ընդմիջում վերցրին՝ մտածելու առնվազն մեկ ամիս եւ պատասխան տալու: Եվ ես կարող եմ ասել, որ մեր հանրապետության նախագահն արդեն դրական պատասխան է տվել: Ինքը մեծ հաշվով հավանություն է տալիս ԱԳ նախարարների կատարած աշխատանքին՝ մի քանի պայմաններով, որոնք պետք է հստակեցվեն, եւ մենք սկսենք երկրորդ փուլը: Եվ համանախագահները տեղյակ են սրան, եւ մենք պետք է սկսած լինեինք, եթե Ադրբեջանի այդ նախաձեռնությունը չլիներ»: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ադրբեջանցիների նախաձեռնությանը, որի քվեարկությունն առժամանակ հետաձգվել է, ապա Վ. Օսկանյանի խոստովանությամբ՝ «ՄԱԿ-ում դա անցկացնելու հավանականությունը կա, որովհետեւ համանախագահները, որպես միջնորդ, ձեռնպահ են մնալու, իսկ մյուս երկրները՝ հետեւելով համանախագահների դիրքորոշմանը, նույնպես ձեռնպահ են մնալու: Իսկ ՄԱԿ-ում ընթացակարգն այնպիսին է, որ միայն թեր եւ դեմ ձայներն են հաշվում: Աշխարհի երկրների մեծ մասը ձեռնպահ մնալով, իսկ Ադրբեջանը մի 5-10 երկրների աջակցությունն ունենալով՝ կարող է անցկացնել այդ բանաձեւը, որ միայն վերաբերում է բնակեցման խնդիրներին»: ԱԳ նախարարը մխիթարվեց նրանով, որ դա դեռեւս ԼՂ կարգավիճակի հարց չի լուծում, եւ ինքը դրանում ողբերգություն չի տեսնում, բայցեւ վստահեցրեց, թե՝ «ՄԱԿ-ում նման բանաձեւ անցկացնելուց հետո Հայաստանը խնդիր է դնելու, որ ԼՂ-ն նույնպես մասնակցություն ունենա, որովհետեւ հարցն արդեն Մինսկի խմբի շրջանակներից դուրս է գալու, թեկուզ եւ հատվածաբար, եւ գնալու է այլ ատյան, իսկ այլ ատյանում Հայաստանը չի կարող առանձին բանակցություն վարել, ԼՂ-ն պետք է ներկա լինի»:

Պատասխանելով այն հարցին, թե ինքն ընդունո՞ւմ է, որ ԼՂ-ին բանակցային գործընթացից հանելը եւ ամեն ինչ Հայաստանի վրա վերցնելը սխալ քաղաքականություն էր, ԱԳ նախարարը պատասխանեց. «Այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարցը Մինսկի խմբի շրջանակներում էր, ես կարծում եմ, որ դա սխալ քաղաքականություն չէ: Ես կարծում եմ, որ ԼՂ-ն երբեք պրոցեսից դուրս չի մնացել: Եթե ասեք մի օրինակ, երբ համանախագահները եկել են տարածաշրջան եւ ԼՂ չեն այցելել՝ ես այդ քննադատությունը կընդունեմ: Փաստորեն նրանք ճանաչում են, որ ԼՂ-ն այսօր հակամարտության կողմ է»:

Հետեւաբար, որեւէ տարածք այցելելը, ըստ նախարարի, հավասարազոր է այդ տարածքի՝ հակամարտության կողմ ճանաչելուն:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել