Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիտնականը հաղթեց ԲՈՀ-ին

Դեկտեմբեր 04,2004 00:00

Գիտնականը հաղթեց ԲՈՀ-ին Իրավական վեճին խառնվեց գիտականը Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների 1-ին ատյանի դատարանը (դատավոր՝ Սիմիզար Հովսեփյան) վճռեց բավարարել երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի հայցն ընդդեմ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) եւ պարտադրել ԲՈՀ-ին՝ ճանաչել եւ հաստատել Սաղաթելյանի դոկտորական վկայագիրը: Հիշեցնենք՝ Ա. Սաղաթելյանը դիմել է ՀՀ ԲՈՀ՝ իր ՌԴ ԲՈՀ-ի կողմից ստացած դոկտորական վկայականի համարժեքության ճանաչման եւ հաստատման խնդրանքով, ինչը մերժվել էր: Դրանով ԲՈՀ-ն անտեսել էր ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագիրը, ըստ որի ՌԴ-ում տրված վկայագիրը մեխանիկորեն հաստատվում է նաեւ ՀՀ-ում: Բացի այդ, երեկ դատարանում հայցվոր կողմի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը նշեց, որ վկայագրի համապատասխանեցման համար ԲՈՀ-ը, իր կանոնադրության համաձայն, նախ եզրակացություն պետք է ներկայացներ ԿԳ նախարարին, բայց իրականում ինքնուրույն որոշում է կայացրել: Այն հիմնական առարկությունը, որ բերում է ԲՈՀ-ը՝ կապված Ա. Սաղաթելյանի ատենախոսության հետ, այն է, որ վերջինս իբր «գրագողություն» է արել՝ իր աշխատանքներում ներկայացնելով պրոֆեսոր Բեզիրգանովի գծագրերը՝ առանց պատշաճ հղումի: Պատասխանողի ներկայացուցիչ Կարինե Մուրադյանն միջնորդեց՝ լսել պրոֆեսոր Բեզիրգանովին, եւ դատարանը մերժեց, քանի որ չպատճառաբանվեց, թե վերջինս ինչ կարգավիճակով պետք է հանդես գա: «Առավոտն» արդահայտվելու հնարավորությույնն ուզում էր տալ պրն Բեզիրգանովին, սակայն նա չցանկացավ ձայնագրիչի առկայությամբ բառ անգամ ասել, միայն նշեց, որ ինքը Սաղաթելյանին ոչ մի գծագիր չի տվել, եւ ենթադրում է, որ վերջինս գծագրերը կարող է վերցրած լինել իր հրապարակած հոդվածներից: Արմեն Սաղաթելյանն էլ մեզ հետ զրուցում հաստատեց, որ Բեզիրգանովն իրեն ոչինչ չի տվել, եւ ինքը չի էլ խնդրել: «Պարզապես 2 խմբեր միաժամանակ աշխատել են միեւնույն հանքափորի վրա: Կա հաշվետվություն՝ արված1984-ին, որտեղ գրված է, որ նրա ամբիոնն ու իմ արշավախումբը համատեղ աշխատել ենք: Գրված է, որ ինքը մեզ տրամադրել է որոշակի ստորգետնյա փորվածքների նյութեր: Չեմ բացառում, որ իմ աշխատակիցները կարող են իրենց տվյալները փոխանակած լինել նրա աշխատակիցների հետ, մենք կարող ենք նաեւ մեր գծագրերում ստանալ լրիվ նույն պատկերը: Ավելին՝ մեր ընդհանուր ղեկավարը՝ ակադեմիկոս Գրիգորյանը, որ նաեւ մեր հաշվետվության գիտական ղեկավարն էր, մեզ առաջարկեց, որ քանի որ սա ընդհանուր պատկերացում է եւ ոչ թե գիտական արդյունք, կարող եք օգտագործել նաեւ նրանը: Գծագրերը նույն տարածքին եւ նույն հանքային մարմնին էին վերաբերում: Ի վերջո, կարեւորն այն էր, թե ինչպես կվերլուծվի նկարը եւ ինչ բանաձեւեր կառաջարկվեն: Այստեղ էլ մենք գնացել ենք լրիվ տարբեր ճանապարհով: Իմ եզրակացության հիման վրա ստեղծած բանաձեւը թույլ է տվել բացել նոր հանքային մարմիններ, իսկ պարոն Բեզիրգանովին այն ոչինչ չի տվել, բացի իր հրապարակումից: Իսկ դա երկրաբանության մեջ շատ լուրջ տարբերություն է»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել