Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԻՑԵՆԶԻԱՆ

Դեկտեմբեր 04,2004 00:00

«ԼԻՑԵՆԶԻԱՆ ՄԱՔՐՎԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԵՏԵՐԻՑ» Հավաստիացնում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը – Արշակ Սադոյանը դարձյալ կրկնեց, որ «ԱրմենՏելը» իրավունք չունի րոպեավճար իրականացնել, դուք ասում եք, որ Սադոյանին չեք պատասխանի: Այնուամենայնիվ, անկախ ձեր եւ պրն Սադոյանի բանավեճից, մենք ունենք վատ կապ, վատ ինտերնետ եւ այլն: – Սկսեմ մի փոքր հեռվից: Երեք տարի առաջ մենք «ԱրմենՏելի» հետ կնքեցինք հաշտության համաձայնագիր, որում ամրագրեցինք շատ ավելի մեղմ սակագներ. եթե ինչ-որ մեկի հիշողությունը կարճ է եւ մոռացել է, որ սակագները ուժի մեջ էին դրվել «ԱրմենՏելի» կողմից եւ արդեն գործադրվում էին, ապա ստիպված եմ այդ մասին հիշեցնել: 2000-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «ԱրմենՏելը» սկսեց կիրառել րոպեավճարը 8 դրամ, 121-րդ րոպեից սկսած: Ավելին, քաղաքացիներին համապատասխան հաշիվներ ներկայացվեցին, չվճարողների կապը սկսեցին անջատել: Այդ պահին ՀՀ կառավարությունը ձեռնարկեց մի շարք քայլեր: Կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն ընձեռեց որոշ ժամանակ սառեցնել այդ սակագները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Դրա արդյունքում ամրագրվեց երեք տարվա որոշակի ժամանակացույց, որը եւ կիրառվեց: 2004-ի դեկտեմբերի 31-ին այդ ժամկետը սպառվում էր, եւ, փաստորեն, «ԱրմենՏելը» իրավասու էր դարձյալ կիրառության մեջ դնել 121-րդ րոպեից սկսած՝ 8 դրամ րոպեի համար սակագինը: Նույն՝ 8 դրամ սակագինը նաեւ ինտերնետից 1 րոպե օգտվելու համար: Այն, ինչ արվեց հիմա, շատ ավելի մեղմ տարբերակ է, քան նախատեսված էր: Պարզ օրինակ՝ 120 անվճար րոպեի փոխարեն շարունակում է պահպանվել 360 անվճար րոպեն: Ինչ վերաբերում է միջազգային կապի սակագներին, ոչ թե աճ է տեղի ունեցել, այլ՝ էական նվազում: Կարծում եմ, տեղեկատվության պակասն է, որ ստիպում է ինձ այս ամենը մանրամասն պարզաբանել: Ցավում եմ, որ մենք կանգ ենք առնում մի փոքր հատվածի վրա, իսկ լիցենզիայում առկա փոփոխությունները շատ ավելի էական են: Երբ մենք խոսում ենք ինտերնետային պրոտոկոլով (IP-ով) ձայնի փոխանցման մասին, ես դա հասկանում եմ. բնական է, մարդիկ զբաղվել են բիզնեսով, չխոսենք՝ օրինական, թե ապօրինի, եւ հիմա զրկվում են իրենց բիզնեսից: Այնուամենայնիվ, լիցենզիայում առկա փոփոխությունները շատ ավելի արմատական են եւ շատ ավելի լուրջ ուղղություններ կան, որոնց մասին, ցավոք, չի խոսվում: – Պարոն Հարությունյան, այնուամենայնիվ, մարդիկ մի բան են տեսնում՝ իրենց կապը չի բարելավվում, ուրեմն ինչի՞ համար են այս բոլոր վեճերը, գուցե մանրամասնեք կատարված փոփոխությունները: – Լիցենզիայում առկա են եղել բազմաթիվ թերություններ եւ սխալներ, ոչ թե դիտավորյալ սխալներ, այլ ուղղակի անուշադրությունից ծագած սխալներ, կամ սխալներ, որոնք կյանքում պարզապես պատահում են: Եկեք մի պարզ օրինակ դիտարկենք, օրինակ՝ միջազգային արբիտրաժ դիմելը: Սադոյանը մի բան շատ ճիշտ է ասում, ասում է, որ դա ոչ պարտադրող արբիտրաժ է, բայց հիմա դիտարկենք շարունակությունը: Նույն լիցենզիայում գրված է՝ արբիտրաժը կիրականացվի համապատասխան կանոններով: Իսկ այդ կանոնների առաջին կետում գրված է՝ արբիտրաժը պարտադրող է: Ի՞նչ տեղի ունեցավ: Արբիտրաժում վեճ ծագեց՝ պարտադրո՞ղ է, թե՞ ոչ: Արբիտրաժային դատարանը վճռեց, որ ինքը պարտադրող է համարում: Եվ հօգուտ դրա կային մի քանի այլ փաստարկներ: Օրինակ, Արշակ Սադոյանը իր տեղեկանքում գրել է, որ եթե ՀՀ կառավարությունը համաձայն չլիներ արբիտրի որոշմանը, կարող էր բողոքարկել հայկական դատարանում: Այդպես չէ: Գրված է՝ եթե «ԱրմենՏելը» եւ ՀՀ կառավարությունը համաձայն չլինեն: Ոչ թե միայն ՀՀ կառավարությունը, այլ՝ երկուսով պետք է չհամաձայնեն արբիտրի որոշմանը, որպեսզի կարողանան դիմել հայկական դատարան: Կարող եմ մեկ այլ օրինակ բերել: Բնականաբար, ներդրումները օդից չեն գալիս, ներդրումների դիմաց դու պետք է վճարես, ներդրումները վերադարձվում են սակագների միջոցով: Մենք լսել ենք բազմաթիվ բողոքներ այն մասին, որ «ԱրմենՏելը» ուռճացնում է ներդրումները: Եթե կա աուդիտորի եզրակացությունը, որ իսկապես թափանցիկ, պատշաճ գործընթացով գնվել է այս սարքավորումը մեկ միլիոն դոլարով, նշանակում է՝ մենք սակագներով պետք է դա վերադարձնենք: Առաջին լուրջ եւ ամենակարեւոր փոփոխությունն այն էր, որ մենք այսուհետ վերադարձնում ենք ողջամիտ ներդրումները, ինչը մանրամասն սահմանել ենք, ասել ենք, որ դա պետք է լինի ողջամիտ կառավարման հիման վրա կատարված ներդրում: Այսինքն՝ եթե այստեղ ներդրում պետք չէր անել կամ՝ այդքան ներդրում պետք չէր անել, բայց դու եկել եւ արել ես, մենք քեզ չենք հատուցելու: Եթե դու կառուցել ես շենք, որը պետք չէր կառուցել կամ՝ պետք չէր կառուցել այդքան թանկ շենք, դա նշանակում է, որ ոչ ողջամիտ կառավարման արդյունքում կատարված ներդրումների այդ հատվածը սպառողները չեն հատուցելու: Եթե անգամ ներդրումը շատ ճիշտ կառավարման հիման վրա է արված, ապա սպառողը հատուցելու է այդ ներդրման ողջամիտ արժեքը միայն, այդ ներդրման շուկայական արժեքը: Այս մեկ փոփոխությունն այնքան արմատական է, որ միայն սրա շուրջ բանակցելու համար արժեր ծախսել մեկ տարի: – Ուրիշ ի՞նչ «վտանգավոր» կետ է հանվել լիցենզիայից: – Կա մի կետ, որից եւս կարողացանք ազատվել եւ դա խիստ կարեւոր եմ համարում: Հանվել է հետեւյալը. «ՀՀ կառավարությունը, ՀՀ կապի նախարարությունը եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված բոլոր մարմինները, առանց որեւէ պայմանի եւ անվերապահորեն, հրաժարվում են ցանկացած տեսակի ինքնուրույնությունից կամ պաշտպանվածությունից, որոնք կարող են ունենալ կամ ձեռք բերել ապագայում, ցանկացած զիջումներից, իրավաբանական գործողություններից կամ դատավարությունից»: Այս կետը լիցենզիայից հանվել է: Հետեւությունները թողնում եմ ձեզ: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել