Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոռեժիսորները սպասում են նկարահանման գումարներին

Դեկտեմբեր 04,2004 00:00

Դեկտեմբերի 8-ը յոթ սարերի ետեւում չէ

«Շվեյցարական զարգացման ֆոնդը մեկուկես տարի առաջ անդրկովկասյան հանրապետություններում հայտարարել էր մրցույթ, որի հաղթողները՝ 15 ներկայացուցիչ յուրաքանչյուր հանրապետությունից, 4 անգամ Թբիլիսիում մասնակցեցին սեմինարների,- պատմում է կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը:

Ըստ ռեժիսորի, նախատեսված էր ֆինանսավորել մրցույթն անցած ֆիլմերի նախագծերը, հատկացնելով խաղարկային ֆիլմերին 50 հազար դոլար, վավերագրականին՝ 20, իսկ կարճամետրաժին՝ 10 հազար դոլար: «Հիմա սպասում ենք, որ դեկտեմբերի 8-ին Շվեյցարիայից ժամանի կինոծրագրերի համակարգողը եւ իրազեկի տրվելիք գումարների մասին»,- հույս հայտնեց նա:

Հիշեցնենք, որ մրցույթն անցած հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ռեժիսորներ Տիգրան Խզմալյանը, Հովհաննես Գասպարյանը, Արամ Շահբազյանը, Արթուր Սարգսյանը եւ Աննա Թադեւոսյանը, հինգ պրոդյուսեր եւ իրավաբաններ: Վերջիններս պետք է պաշտպանեին մասնակիցների շահերը եւ ծանոթացնեին օրենքներին: Մրցույթին ներկայացված էին 4 խաղարկային, 2 վավերագրական, 2 կարճամետրաժ ֆիլմերի նախագծեր: Սեմինարները Թբիլիսիում կազմակերպելը, ըստ պարոն Հակոբյանի, արված էր միտումնավոր՝ ապահովելու համար մեր եւ ազերիների ներկայությունը, ինչը եւ հաջողվեց:

«Քննարկումները բազմակողմանի եւ ուսուցողական էին: Միայն աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի անունը շատ բան կարող է ասել մեր շփումների որակի մասին»,- պատմեց պրն Հակոբյանը: Մեր կինոգործիչներին զարմացրել էր իրավաբանների դերը կինոասպարեզում, ինչը նրանց համար նորություն էր, այնինչ աշխարհում վաղուց գործում է իրավաբանական հատուկ դպրոց, որը զբաղվում է կինոաշխարհի խնդիրներով: Մրցույթը տեղի է ունեցել ապրիլ ամսին: Խաղարկային ֆիլմերից ընտրվել են երկուսը՝ կինոռեժիսոր Հովհաննես Գասպարյանի «Խճճված զուգահեռներ» եւ Արամ Շահբազյանի «Չնչիկ» աշխատանքները: Վավերագրականին հատկացված մեկ տեղը տրվել է Հրանտ Հակոբյանի ֆիլմին: Իսկ կարճամետրաժի ժանրում հաղթել է Դավիթ Մաթեւոսյանը՝ իր «Թշնամիներ» ֆիլմով: Նույնկերպ են ընտրվել նաեւ մյուս երկու հանրապետությունների կինոգործիչների աշխատանքները:

«Իմ ֆիլմը կոչվում է «Մոռացված կղզիների բնակիչները»: Այն տխուր եւ ժամանակից դուրս մնացած մարդկանց մասին է,- պատմում է կինոռեժիսորը:- Ֆիլմի գաղափարը դուր եկավ մի պրոդյուսերի, որը հրավիրեց «հետարտադրության ընթացքն» անցկացնել Բեռլինում, քանի որ ֆիլմում արծարծվող պրոբլեմներն արդիական են համայն մարդկության համար: Եթե քիչ էլ ուշացնեն գումարները, ֆիլմի կայացումը կարող է վտանգվել: Իսկ գումարները հատկացնել խոստացել էին դեռեւս հունիսին: Ինձ անհրաժեշտ է նկարահանումներ կատարել յուրաքանչյուր սեզոնի, քանի որ ֆիլմիս հերոսները տարբեր եղանակների տարբեր կերպ են «դրսեւորվում»: Շուտով նոր տարի է եւ տոնն իմ հերոսների մոտ ուրիշ կերպ է նշվում: Մի այդպիսի ամանորյա այցելության ժամանակ պարզեցի, որ ՏԷՑ-ի տարածք կոչվող, աշխարհից մոռացված այդ անկյունում կան տներ, որտեղ խեղճ մարդիկ են ապրում, երեխաներ, որոնք երբեք տոնածառ չեն ունենում: Դրսի մերկ ծառերի ճյուղերին փակցնում են գույնզգույն թղթեր եւ համարում, որ իրենց է Ամանորն այցելել»:

ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031