Լրահոս
Օրվա լրահոսը

Մի տախտակ էլ չեն դնում

Դեկտեմբեր 04,2004 00:00

Որպեսզի հաշմանդամներն ազատ տեղաշարժվեն

Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ երեկ «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» (ԱԽ) կազմակերպության հայաստանյան գրասենյակը սկսեց եռօրյա համաժողով՝ «Բոլոր հայերը կարող են» թեմայով: «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի կարծիքով, պետությունն արդեն սկսել է հետաքրքրվել հաշմանդամների հարցերով. «Չէի ասի, թե ահագին գործեր են արվել, բայց ի տարբերություն սովետական տարիների, երբ կարծում էին, թե հաշմանդամները պետք է ապրեն, ասենք, ծերանոցում, որոշ փոփոխություններ արվել են: Հիմա մեր հարցերին ուշադրություն են դարձնում»: Անդրադառնալով «Քաղաքաշինության մասին» նոր օրենքին, համաձայն որի՝ կառույցները աստիճաններից բացի պետք է ունենան հատուկ թեքահարթակներ՝ հաշմանդամների ազատ ելումուտն ապահովելու համար, Ա. Ալավերդյանն ասաց. «Դրանից մեր վիճակը դեռ չի փոխվել: Օրինակ, Լինսի հիմնադրամի միջոցներով այդքան մշակութային օջախներ կառուցվեցին, բայց մեզ համար ոչ մի փոփոխություն էլ չարեցին: Այդքան խնդրեցինք, որ գոնե Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճ մտնելու համար թեքահարթակ սարքեն, մեզ ասացին՝ դա կոնստրուկտիվ փոփոխություն է, եւ ոչինչ չարեցին: Ա՛յ մարդ, այնտեղ 4 հատ աստիճան է, մի հատ տախտակ դրեք՝ բարձրանանք, էլի»:

Մյուս կողմից Արմեն Ալավերդյանը գոհ էր հատկապես ՀԿ-ների իրականացրած ծրագրերից, բայց դրանք դեռ չեն բավարարում օգնության կարիք ունեցողներին. «Առաջին հերթին պետք է հաշմանդամների համար մատչելի լինեն տրանսպորտը, փողոցները, տարբեր շինությունները, ինչը դեռ չի արվել»: Քննարկմանը մասնակցող ԱԺ պատգամավոր Արտակ Առաքելյանը նույնպես համաձայն էր, որ այսօր տեղական եւ միջազգային կազմակերպութունները լուրջ աշխատանք են տանում, որ հաշմանդամները կարողանան ինտեգրվել հասարակությանը, իսկ պետության ուշադրությունը դեռ բավարար չէ:

Ասենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, աշխարհում կան մոտ 600 միլիոն հաշմանդամության տարբեր կարգ ունեցողներ։ Նրանց 80 տոկոսը, մոտ 400 միլիոն մարդ, ապրում է թույլ զարգացած երկրներում։ Ողջ աշխարհում հաշմանդամները դեռեւս տուժում են հասարակության խտրական վերաբերմունքից եւ ցածր կենսամակարդակից։ Ավելին, ՄԱԿ-ի կողմից մշակվել են մարդու իրավունքներին վերաբերող ութ կարեւոր միջազգային համաձայնագրեր, սակայն դեռեւս չկա միջազգային որեւէ համաձայնագիր՝ հաշմանդամների իրավունքների պաշտպանությանն ուղղված։

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել