Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քրգործ, այնուամենայնիվ, հարուցվեց

Դեկտեմբեր 04,2004 00:00

Գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն է տարածել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հրկիզման փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին:

Հիշեցնենք, որ ավտոմեքենան հրկիզվել էր նոյեմբերի 22-ին, ժամը 20.40-ի սահմաններում՝ հենց խմբագրության առջեւ: ՀՀ ոստիկանությունը դեպքի հաջորդ օրն իսկ հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով, թե ավտոմեքենան «ինքնահրկիզվել» է, եւ Կենտրոնի ոստիկանությունը հրաժարվել էր քրգործ հարուցել: Դեպքից միայն 10 օր անց քրգործ հարուցելը դատախազությունը բացատրել է «փորձագիտական եզրակացություն ստանալով»: Ըստ այդմ, «նշանակված դատահրդեհատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ ավտոմեքենայի հրդեհման պատճառ է հանդիսացել բաց կրակի աղբյուրը»:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերի հատկանիշներով (գույքի դիտավորությամբ ոչնչացում կամ վնասում հրկիզման միջոցով, որը խոշոր չափերի վնաս է պատճառել): Նախաքննությունը իրականացնում է Երեւան քաղաքի ոստիկանության քննչական բաժինը:

Ժամանակին հայաստանյան լրագրողական կազմակերպություններն ու արտերկրի մեր գործընկերները դատապարտելով կատարվածը՝ միաժամանակ իրավապահներից պահանջել էին բացահայտել կատարված հանցագործությունն ու պատժել մեղավորներին՝ անվստահություն հայտնելով ոստիկանության առաջադրած «ինքնահրկիզում» վարկածի առնչությամբ: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ ՀՀ գլխավոր դատախազությունն, այնուամենայնիվ, որոշեց քրգործ հարուցել եւ արդյո՞ք դա լրագրողական կազմակերպությունների ճնշման արդյունք էր, «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես դժվարանում եմ այս պահին որեւէ գնահատական տալ: Բայց կարող եմ ասել, որ ոստիկանության՝ ի սկզբանե հրապարակած վարկածն անհեթեթ էր, եւ դա պարզ էր բոլորին հենց առաջին պահից ի վեր: Ինչ-որ տեղ, իհարկե, լրագրողական կազմակերպությունների եւ մամուլի արձագանքը, որոնք ակնհայտ անվստահություն հայտնեցին այդ վարկածի առնչությամբ, իր դերը խաղաց քրգործ հարուցելու հարցում»:

Դեպքի օրը Ն. Փաշինյանն իր ասուլիսում առաջարկել էր իրավապահներին քննարկել մի վարկած, ըստ որի՝ ավտոմեքենայի հրկիզման պատվիրատուն գործարար Գագիկ Ծառուկյանն է: Վերջինս հերքել էր իր առնչությունն այդ դեպքին: Երեկ մեզ հետ զրույցի ժամանակ Ն. Փաշինյանը պնդեց իր վարկածը. «Ես ուրիշ վարկած չունեմ: Եվ ես առաջվա նման իրավապահներին առաջարկում եմ քննության առնել իմ նշած վարկածը»:

Ն. Փաշինյանը վերջերս նաեւ խոստովանել էր, թե շուրջ մեկ տարի առաջ ինքը առիթ էր ունեցել դիմելու ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ պահանջելով ապահովել իր, իր ընտանիքի եւ խմբագրակազմի անվտանգությունը: Արդյո՞ք իր վարած ավտոմեքենայի հրկիզումից հետո ԱԱԾ-ին հիշեցրել է իր այդ դիմումի մասին: Պարզվեց՝ այո: Ն. Փաշինյանի ասելով, ինքն այդ դեպքի հետ կապված նորից գրություն է ուղարկել ԱԱԾ եւ հիշեցրել իր նախկին գրության մասին: «Այն խնդիրները, որոնց պատճառով ես նախկինում դիմել եմ ԱԱԾ, իմ կարծիքով, այսօր էլ վերացված չեն»,- ասաց Ն. Փաշինյանը:

«ՀԺ» խմբագիրը, անդրադառնալով մեր այն հարցին, թե ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրգործ հարուցելը հույս տալի՞ս է, թե այս անգամ հանցագործությունը կբացահայտվի, դժվարացավ պատասխանել. «Ես չգիտեմ, թե քննությունն ինչ ավարտ կարող է ունենալ: Կարող եմ միայն ասել, որ ինձանից կախված ամեն ինչ պետք է անեմ, որ գործը բացահայտվի»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել