Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՅՈՒՆՈ՞Վ, ԹԵ՞ ԱՆԱՐՅՈՒՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 04,2004 00:00

Մամուլի
ազգային ակումբի երեկ կազմակերպած «21-րդ դարի հեղափոխությունները» քննարկումն ի
վերջո վերածվեց հերթական փորձի՝ հասկանալ, թե ինչու ձախողվեց հայ ընդդիմադիրների
հեղափոխությունը: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ
Բազեյանը նախապես նշեց, թե իրեն չի համարում հեղափոխական տեխնոլոգիաների մասնագետ.
«Մենք մեզ համարում ենք պահպանողական կուսակցություն», եւ եկել է ավելի շատ լսելու
ու սովորելու: Սակայն ո՛չ անունով հեղափոխական ՀՅԴ-ի, ո՛չ 1988-ին գործնականում հեղափոխություն
իրականացրած ՀՀՇ-ի ներկայացուցիչները չէին ընդունել հրավերը: Այնպես որ՝ առանց հեղափոխության
«մասնագետների» ընթացած քննարկման ավարտից հետո պրն Բազեյանը դժվարացավ պատասխանել,
թե արդյոք իրոք որեւէ բան սովորե՞ց այս քննարկումից՝ «կվերլուծեմ, կպատասխանեմ»:
Սակայն «Հանրապետության» նախագահին չհաջողվեց մնալ լսողի դերում, քանզի շատ
էին ընդդիմությանն ուղղված հարցադրումները, որոնց առանցքը մեկն էր՝ ինչո՞ւ նրանց
չի հաջողվում իրականացնել հեղափոխություն: Նշենք, որ ՀԺԿ վարչության անդամ Ռուզան
Խաչատրյանի կարծիքով՝ մեծ վերապահումով պետք է օգտագործել հեղափոխություն բառը, որը
չի բնութագրում ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում եւ Ուկրաինայում հետընտրական
գործընթացները, քանի որ այս երկրներում ժողովուրդն ուղղակի ընդվզել է խախտված օրինականության
դեմ եւ փորձում է վերականգնել այն: Զուգահեռ տանելով Ուկրաինայի դեպքերի հետ՝ Ռուզան
Խաչատրյանը նշեց. «Նրանք գնում են նույն ճանապարհով, ինչով գնացինք մենք»: Խոսքը,
մասնավորապես, դատարան դիմելու մասին էր, սակայն ի տարբերություն Հայաստանի, որտեղ
ի կատար չածվեց ՍԴ որոշումը՝ ՀԺԿ վարչության անդամը կանխատեսեց, թե Ուկրաինայում
կհարգեն Գերագույն դատարանի վճիռն ընտրությունների վերաբերյալ: Ռուզան Խաչատրյանն
ավելի ուշ մի ակնարկ էլ արեց, թե «Արդարություն» դաշինքը երբեք աջակցություն չի խնդրել
ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ էլ Ռուսաստանից: Ալբերտ Բազեյանն իր հերթին այլ տարբերություններ
մատնանշեց այս 3 երկրներում տեղի ունեցող գործընթացների միջեւ. «Եթե Ուկրաինայի եւ
Վրաստանի ուժային կառույցները չեզոք մնացին ներքաղաքական գործընթացներում եւ դա հրապարակավ
հայտարարեցին, ապա Հայաստանում ՊՆ կոլեգիան հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ՝
դատապարտելով ընդդիմության գործողությունները եւ սպառնալիքներ հնչեցնելով ընդդիմադիրների
հասցեին»: Այլ պատճառաբանություններից էին, թե մյուս 2 երկրներում ԶԼՄ-ների գործունեությունն
ավելի ազատ էր, քան Հայաստանում, բացի այդ՝ մեր երկրում ընդդիմությանը չհաջողվեց
հանդես գալ միասնական թեկնածուով: «Ցավոք սրտի՝ մենք ունենք նաեւ արտաքին լուրջ խնդիրներ՝
մեր հարեւանների հետ, Արցախի չկարգավորված հարց»,- պրն Բազեյանի այս մի փաստարկին
առարկեց Ժողովրդական կուսակցության քաղխորհրդի անդամ Կարապետ Հակոբյանը, թե Վրաստանը
նման երկու խնդիր ունի, եւ Ուկրաինան՝ նույնպես: «Հանրապետության» նախագահի
գլխավոր փաստարկը, սակայն, այս էր, թե ի տարբերություն այդ երկու երկրների՝ Հայաստանի
իշխանությունն առավել է ապավինում ուժային մոտեցումներին: «Առավոտի» հարցադրմանը՝
իսկ գուցե ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում հավաքված փոքրաքանակ
խմբի հետ հաջողվեց հեշտությամբ հաշվեհարդար տեսնել, քանի որ չէ՞ր հաջողվել հեղափոխությունը՝
պրն Բազեյանն արձագանքեց դրականորեն. «Համամիտ եմ, որ հավաքված բազմությունը բավարար
չէր: Եվ դա իշխանությանը հնարավորություն տվեց իրականացնել այդ գործողությունը: Եթե
ժողովրդի քանակն այդ պահին լիներ ոչ թե 1,5-2 հազար, այլ 15-20 հազար՝ հավանաբար
իշխանությունը համարձակություն չդրսեւորեր գնալու ուժային գործողությունների, քանի
որ արդյունքները կլինեին անկանխատեսելի: Իսկ թե ինչու հասարակության քանակն այդ պահին
շատ չէր՝ օբյեկտիվ իրողություն է, որը պայմանավորված է տարբեր պատճառներով: Եվ երբ
ես մի անգամ նշեցի որոշակի պայմանների ապահովման խնդիրը՝ դարձավ խիստ շահարկման առարկա»:
ՀԺԿ ներկայացուցիչը չհամաձայնեց դաշինքային իր գործընկերոջ գնահատականին. «Ո՞վ ասաց,
թե նույն ուժը չէր կիրառվելու: Իշխանությունն այլ ելք չուներ պարզապես»: «Արդարություն»
դաշինքի ներկայացուցիչներն այս քննարկման ժամանակ եւս մեկ անգամ վերահաստատեցին իրենց
դիրքորոշումը, թե անարյուն փոփոխությունների կողմնակից են: Չհամաձայնողները քննարկման
այլ մասնակիցներն էին: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս
Մակեյանը նշեց, թե «հաշվի առնելով գործող իշխանության տեսակը՝ տեսականորեն հնարավոր
չէ բացառել դա»: Իսկ Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Կարապետ Հակոբյանը
հայտարարեց, թե պետք չէ վախենալ հեղափոխության արյունալի արդյունքներից, եթե դա հարկավոր
է ազգին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել