ՄԵԿ ԱՄԻՍ՝ ԻՏԱԼԱԿԱՆ ՕՊԵՐԱՅԻ «ՀՈՐ» ՀԵՏ Դեկտեմբերը Հայաստանում հայտարարված է Ջոակինո Ռոսինիի ամիս Երեկ Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն տեղեկացրեց, որ «իտալական երաժշտության հորը» լավագույնս ներկայացնելու նպատակով յուրօրինակ փառատոն են անցկացնելու, որի շրջանակներում մի շարք, անգամ «ռիսկի գործոն պարունակող» միջոցառումներ են նախատեսված: «Իտալական» ամիսը կմեկնարկի դեկտեմբերի 4-ին Երեւանի պետական կոնսերվատորիայի հետ համատեղ ներկայացվող «Սեւիլյան սափրիչ» օպերայով: Ներկայացման մեջ ներգրավված են Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի շնորհալի սաները: Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Միրզոյանը կատակով նշեց, որ օպերայի բեմադրման առիթով «պրն դեսպանին հաջողվել է ստեղծել հայ-իտալական համատեղ ձեռնարկություն՝ հավաքելով բազմաթիվ հայ գործարարների, որոնք աջակցել են մշակութային այս ձեռնարկին»: Պրն Միրզոյանի համոզմամբ՝ «Ռոսինին, որ ժամանակին նպաստել է իտալական օպերայի վերելքին, կբարձրացնի նաեւ հայ ուսանողների մակարդակը»: Նա նշեց, որ իտալական օպերան հոգեհարազատ է հայերին, քանի որ շատ դեմոկրատական է: Օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, ծրագրում Ռոսինի ունենալը նույնիսկ պարտադիր է, եւ պատահական չէ, որ իրենց ստուդիայի սաները «Սեւիլյան սափրիչի» համերգային կատարումներով հանդես են եկել դեռեւս 2001-ին: Իտալիայի դեսպանը տեղեկացրեց, որ օպերայի պրեմիերային կհաջորդեն այլ միջոցառումներ եւս: Նա մասնավորապես առանձնացրեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգը, որտեղ կհնչեն Ռոսինիի արիաները: Հանդիսատեսը կհանդիպի օպերային թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Վարդուհի Խաչատրյանին եւ դաշնակահարուհի, Երեւանի պետկոնսերվատորիայի դոցենտ Աննա Մանդալյանին: Պրն Կլեմենտեն հիացմունքով խոսեց այս դուետի մասին. «Սենյորա Խաչատրյանը իր երգացանկում ունի հազվադեպ կատարվող արիաներ, որոնց մեկնաբանմանը, ինչ խոսք, իր վիրտուոզ նվագակցությամբ նպաստում է սենյորա Մանդալյանը»: Մ. Կլեմենտեն ներկայացրեց նաեւ փառատոնի «ռիսկային» բաժինը: «Այս նախագիծը ոչ միայն օրիգինալ է, այլեւ կրթադաստիարակչական նշանակություն ունի: Ինչպես փոքր տարիքից սովորեցնում են հայկական այբուբենը, նույնկերպ պետք է սովորեցնել օպերայի այբուբենը: Ու քանի որ դժվար է 7-8 տարեկան երեխայի համար 2-3 ժամ նստել մութ դահլիճում, դեռ մի բան էլ չաղմկել, ուստի օպերային «վարժեցնելու» հարմար եղանակ ենք ընտրել: Ռոսինիի օպերաներից մեկը՝ «Իտալացին Ալժիրում» կներկայացնենք տիկնիկների միջոցով»,- տեղեկացրեց դեսպանը: Սկզբում «տիկնիկային» օպերան կհանձնվի մեծահասակ հանդիսատեսի դատին՝ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում: Այնուհետեւ, ինչպես պատմեց Տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական մասնաճյուղի նախագահ, բեմադրիչ Արմեն Սաֆարյանը, իրենց շրջիկ թատրոնը մանկական օպերայով անվճար կհյուրընկալվի Երեւանի ու Հայաստանի մարզերի դպրոցականներին: Մ. Կլեմենտեն էլ խոստացավ «Իտալացին Ալժիրում» օպերայի մանուկ հանդիսատեսներին պարգեւներ հանձնել: Խոսքը նրանց մասին է, ովքեր հաղթող կճանաչվեն այդ թեմայով շարադրությունների ու նկարների մրցույթում: «Գուցե այդ երեխաներից ոմանք մեծանան ու հետագայում հովանավորեն օպերային ներկայացումներ»,- հույս հայտնեց դեսպանը: «Առավոտի» հարցին՝ «Վերջին անգամ ի՞նչ ներկայացում եք դիտել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում» հարցին, Մ. Կլեմենտեն պատասխանեց. «Դիտել եմ բոլոր իտալական օպերաները, որոնք բեմադրվել են Երեւանի օպերային թատրոնում: Ինձ թվում էր, թե Հայաստանը, լինելով նախկին ԽՍՀՄ հանրապետություն, պետք է ռուսական, սլավոնական օպերաներ բեմադրեր: Հաճույքով նկատեցի, որ թատրոնի խաղացանկում գերակշռում են իտալական օպերաները»: Հետաքրքրվեցինք նաեւ՝ լսե՞լ է հայկական որեւէ օպերա, օրինակ հանրահայտ «Անուշը» հարցը ոգեւորեց դեսպանին: «Անուշը» մեծ հայտնագործություն էր ինձ համար, այն արժանացել է նաեւ իտալացի մշակույթի գործիչների բարձր գնահատականին: «Անուշի» հետ կապված հեռավոր ծրագրեր էլ կան, որոնց մասին առայժմ չեմ ուզում խոսել: «Անուշի» ոճը իտալականին է հիշեցնում: Հերոսուհու խենթությունն ու մահն էլ ասես իտալական լինեն»,- ասաց նա: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ