Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չուգունե

Դեկտեմբեր 03,2004 00:00

Չուգունե դեմոկրատիա Ռուսաստանը խիստ յուրովի է արձագանքում իր շահերի անմիջական շրջանակներում ծավալվող քաղաքական իրադարձություններին: Դիցուք՝ Աբխազիայում չկարողացավ հաղթանակ տանել Կրեմլի հովանավորյալ թեկնածու Ռաուլ Խադջիմբան. Ռուսաստանի արձագանքն ուղղակի ցնցող է՝ փակել Աբխազիայի հետ սահմանը: ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի այս սպառնալիքների մասին «Առավոտն» արդեն տեղեկացրել է: Այն մասին, որ Աբխազիայի հետ ունեցած ՌԴ սահմանները կփակվեն, երեկ հայտարարել է նաեւ Ռուսաստանի վարչապետի օգնական Գենադի Բուկաեւը: Այս պատմությունն ամենայն ճշգրտությամբ կրկնվում է այժմ էլ Ուկրաինայի պարագայում: Նույն Տկաչովը, ի դեպ, չի բացառել իրադարձությունների որոշակի սցենարով զարգացման դեպքում նաեւ Ուկրաինայի հետ սահմանների փակման հնարավորությունը: Ավելին, ՌԴ Պետդումայի՝ առավելապես հայրենասիրական գունավորում ունեցող շրջանակներից խրոխտ կոչեր են հնչում այսօրեւեթ փակել «կ չորտու» Ռուսաստանից Ուկրաինա ձգվող էներգատար խողովակների պտուտակները: Փորձենք վերծանել այս վարքագծի հիմքում ընկած տրամաբանությունը, եթե այդպիսինն ընդհանրապես գոյություն ունի: Փաստորեն, Ռուսաստանը մեծահոգաբար դեմ չէ, որ Աբխազիայում, Ուկրաինայում, Բելառուսում եւ այլուր տեղի ունենան նախագահական ընտրություններ, բայց պայմանով, որ այդ երկրներում ժողովուրդը ընտրի բացառապես Մոսկվայի նախընտրած թեկնածուին: Դեմոկրատիայի ենթադրած ցանկացած այլ լուծում Կրեմլի համար նույնքան անընդունելի է, որքան անընդունելի է, ասենք՝ հյուսիսկորեական կամ իրանական միջուկային զենքը ԱՄՆ-ի համար: Եվ հակաքայլերն էլ, ըստ էության, համարժեք են: Չընտրեցի՞ք իմ թեկնածուներին, շատ լավ, «գլուխներդ քարը», ուրեմն գազը կփակեմ, հոսանքը կկտրեմ կամ երկաթուղին կշրջափակեմ: Այս կացնային եւ իր բովանդակությամբ խոր միջնադարին հարիր գործելակերպը վերջին շրջանում դարձել է Պուտինյան Ռուսաստանի արտաքին քաղաքական ամենամոդայիկ եւ ըստ էության հիմնական գործիքը, որի պատճառած վնասի մեծագույն մասը, սակայն, բաժին է ընկնում նույն Ռուսաստանին: Դատեք ինքներդ. ինչի՞ կնմանվի առանց այդ էլ վարկաբեկված այս երկիրը, եթե ինքն իրեն մեկուսացնի Ուկրաինայից, իսկ այդպիսով՝ նաեւ Եվրոպայից: Իսկ Աբխազիայի դեպքում խնդիրն ինչ-որ տեղ զավեշտական երանգներ է ձեռք բերում: Դժվար է Վրաստանի համար ավելի լավ նվեր մտածել, քան ՌԴ կողմից Սուխումի մեկուսացումը: Ի՞նչ պետք է անի բոլոր կողմերից շրջափակված Աբխազիան, եթե միայն հուսահատությունից չնետվի Թբիլիսիի գիրկը: Ի դեպ, Վրաստանը չի հապաղել օգտվել այս հրաշալի առիթից: «Մենք կանենք ամեն ինչ, որ մեր քաղաքացիներին հումանիտար ճգնաժամ չսպառնա»,- արդեն խոհեմաբար հայտարարել է Վրաստանի պետնախարար Գեորգի Խաինդրավան: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել