Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որեւէ նախաձեռնություն իրեն չի սպառել»

Դեկտեմբեր 03,2004 00:00

«Որեւէ նախաձեռնություն իրեն չի սպառել» ԼՂՀ խնդրի կարգավորման առիթով կարծում է ՔԴՄ նախագահը «Չնայած իր լռությանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ եղել է քաղաքականության մեջ»,- այս կարծիքը երեկ «Առավոտին» փոխանցեց Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը: Տեւական լռությունից հետո առաջին նախագահի տված հարցազրույցում ՔԴՄ նախագահն իր համար երկու կարեւոր դրույթ է արձանագրել. «Դա ոչ այնքան հայտ է ակտիվ քաղաքականություն վերադառնալու, որքան՝ ստեղծված իրավիճակի մասին առաջին նախագահը փորձում է մեկնաբանություններ տալ՝ իր տեսություններից ելնելով, որոնք չեն փոխվել այս տարիների ընթացքում: Ապա, ամենաէականը, թերեւս, այն է, որ նախագահի խոսքի մեջ մեղադրանք ես չեմ նկատել: Ըստ էության, նա փաստում է իր դիրքերը եւ հանրությանը թողնում ընտրության առջեւ: Այսինքն՝ նույնիսկ խոսելով ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հնարավոր զարգացումների մասին՝ Լ. Տեր-Պետրոսյանը փաստելով, որ այն, ինչ մեզ առաջարկվում էր 1997 թվականին` այլեւս հնարավոր չի վերականգնել (ես այստեղ այնքան էլ համամիտ չեմ), բայց եթե անգամ ելնենք դրանից, նա այդտեղ չի մեղադրել այսօրվա իշխանություններին՝ իրենց կոնցեպտի համար»: Իսկ, առհասարակ, ՔԴՄ նախագահի համոզմամբ, ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը պետք է կայանա համաժողովրդական համաձայնության արդյունքում՝ «այսինքն՝ ոչ մի նախաձեռնություն իրեն մինչեւ վերջ չի սպառել, այլ բան է, թե ինչպես են օգտագործվում առկա ռեսուրսները»,- համոզված է Խ. Հարությունյանը: Պարոն Հարությունյանը նաեւ հարցազրույցը չի գնահատում որպես սենսացիոն երեւույթ՝ «Ինձ համար դա շատ օգտակար, շատ պիտանի բան էր: Թե մամուլը, թե առաջին նախագահի համախոհները պիտի խոհեմություն դրսեւորեն այն սենսացիա չդարձնելու համար: Եվ եթե այն սենսացիա է ընկալվում՝ դա խոսում է մեր ներքաղաքական կյանքի շատ աղքատ լինելու մասին: Դա պետք է ցավով արձանագրել»: Լ. Տեր-Պետրոսյանի ԱՄՆ կատարած այցի առիթով էլ Խ. Հարությունյանը նկատեց. «Ես համոզված եմ, որ մեծ քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում: Սակայն ձեռնպահ եմ մնում այցն ակտիվ քաղաքականություն վերադառնալու փորձ անվանելուց: Ինչպես հայտնի է, այդ միջոցառմանը Քլինթոնը հրավիրել էր նաեւ Ելցինին ու Շեւարդնաձեին: Այսինքն՝ մարդկանց, ովքեր, ըստ նրա, հետխորհրդային շրջանի նոր որակներով քաղաքական գործիչներ են: Այս առումով հարկ է ընդգծել Լեւոն Տեր-Պետրոսյանի անուրանալի եւ մեծ ներդրումը մեր քաղաքական կյանքում: Բայց, իմ կարծիքով, մեծ քաղաքականություն վերադառնալու այլ ճանապարհներ նա ունի: Եթե պատասխանատվություն զգում է՝ կակտիվանա: Դա գուցեեւ դրսում ինչ-որ մեկին դուր չգա, բայց էականն այդ չէ: Առաջին նախագահի ակտիվանալը դրսի հետ կապված չի լինի»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել