Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉՎԱՆԵՆՔ

Դեկտեմբեր 03,2004 00:00

«ՉՎԱՆԵՆՔ ՄԵՐ ԻՍԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ» «Արմատ» կենտրոնի խորհրդի անդամ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գործող իշխանությանն առաջարկում է վերանայել արտաքին քաղաքական կողմնորոշումները եւ սխալ մոտեցումները: – Որո՞նք են պատճառները, որ մեր երկիրն անընդհատ, կոպիտ ասած՝ ճիշտ «ձիու վրա չի դնում իր խաղագումարը»: Մեկ ազգովի լծվել էինք Ջոն Քերիի պաշտպանությանը, իսկ այժմ էլ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորեց Վիկտոր Յանուկովիչին՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: – Հայաստանի արտաքին ներկա քաղաքականության հիմքում հայդատականությունն է: Իսկ երբ նման պահանջատիրական սխալ մոտեցումներով ես առաջնորդվում՝ անընդհատ են թույլ տրվում վրիպումներ, ինչպես, ասենք, Ջոն Քերիի պաշտպանության պարագայում էր՝ «ավանդական» կուսակցությունների կողմից: Նույնը կատարվեց Վրաստանի դեպքում, երբ Հայաստանում տարվում էր հակասահակաշվիլիական լուրջ արշավ: Նույնն այսօր Ուկրաինայի պարագայում է: Ոչ ոք գործող իշխանությանը չէր ստիպում վաղաժամ շնորհավորել Յանուկովիչին, երբ ԿԸՀ-ի որոշումն անգամ չէր հրապարակվել մամուլում, ուստի՝ չէր մտել օրինական ուժի մեջ: Իսկ հիմա ստացվում է, որ Ուկրաինայում ընթանում է իշխանափոխության լուրջ գործընթաց, սակայն Հայաստանը՝ մի շարք հետամնաց ու ամբողջատիրական երկրների հետ, ինչպես Բելառուսն է, Ղազախստանը, Ղրղըզստանը կամ ՌԴ-ն, շնորհավորեց այն մարդուն, որն Ուկրաինայի օրենքներով՝ դեռ չէր ընտրվել նախագահ: – Ռոբերտ Քոչարյանն այս հարցում ուղղակի հետեւեց Վլադիմիր Պուտինի կրկնակի շնորհավորանքին: Սակայն արդյոք արդարացվա՞ծ է Ռուսաստանին այդպես հնազանդ երկրորդելը, երբ Վրաստանի իրադարձություններից հետեւում է, թե այդ երկիրը կարծես հեռանում է մեր տարածաշրջանից: – Ավելի ճշգրիտ կլիներ ձեւակերպել, թե Ռուսաստանին, մեղմ ասած, հեռացնում են այս տարածաշրջանից: Այդ երկիրը չի կարողանում ընտրել զարգացման ճիշտ ճանապարհ. օրեցօր թուլանում, փլուզվում է Ռուսաստանի կիսաամբողջատիրական, կիսաավտորիտար տնտեսությունը, սահմանափակվում են ազատությունները: Ուստի պարզ է, որ Ռուսաստանը ռեսուրս չունի պահելու իր գերիշխանությունն այս տարածքում: Սակայն նույնիսկ Աբխազիայի պարագայում, երբ նախագահի բոլոր թեկնածուները ռուսամետ էին՝ Ռուսաստանը չէր բավարարվում դրանով: Եվ ուզում էր, որ անպայման իրենց ԿԳԲ-ի գործակալը լինի Աբխազիայի նախագահը: Այսինքն՝ այդ երկիրն իրոք խաղում է ապակառուցողական դեր: Համաձայն եմ, որ մենք պետք է Ռուսաստանի հետ ակտիվորեն համագործակցենք, ունենանք բարիդրացիական հարաբերություններ: Բայց դեմ եմ, որ մեր ղեկավարները լինեն դրածոներ: Եվ Ուկրաինայի կես միլիոնանոց հանրահավաքները նաեւ ընդվզում են հենց Ռուսաստանի դեմ: – Ռուսական մամուլն էլ Յուշչենկոյին է մեղադրում Արեւմուտքի առնվազն ազդեցության գործակալը լինելու մեջ: – Ուզում եմ հիշեցնել, թե 1988-ի ղարաբաղյան շարժմանն ինչպես էր արձագանքում պաշտոնական Մոսկվան՝ մեր ժողովրդին անվանելով «մի խումբ անջատողականներ», աղավաղելով ԼՂ խնդրի էությունը եւ այլն: Նույնը հիմա կատարվում է Ուկրաինայի նկատմամբ: Ռուսաստանում խոսում են ամեն ինչից, բացի հիմնական հարցից՝ որ կեղծվել են Ուկրաինայի ընտրությունների արդյունքները: Ինչ է, պիտի կո՞ւլ տանք այդ խայծը: Ինչպե՞ս են գործակալ կամ դրածո անվանում մի մարդու, որի օգտին, նույնիսկ այդ կեղծված ընտրությունների արդյունքներով՝ քվեարկել է 14 միլիոն մարդ: Ի՞նչ է, նրանք բոլորն Արեւմուտքի դրածոնե՞ր են: Ի վերջո, պետք է սովորենք ոչ միայն մեզ հարգել, այլեւ ուրիշ ազգերի էլ: Ուստի խիստ վտանգավոր է, որ Հայաստանի գործող ղեկավարը շնորհավորեց անօրինական ու չընտրված նախագահին: Իշխանության նման սխալ գործողությունները հանգեցնում են նրան, որ իրոք վտանգված է հայ ժողովրդի անվտանգությունը: – Առանց այդ էլ Ուկրաինան միջազգային կառույցներում եւ այլուր առավել աջակցում էր ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին: – Այ, հենց այդ պատճառով էլ մեր իշխանությունը պիտի զգույշ լիներ ու չշնորհավորեր Ուկրաինայի հենց այն վարչախմբին, որը միջազգային կառույցներում անընդհատ քվեարկում է Հայաստանի դեմ: Իշխանափոխությունը մեզ ձեռնտու է թեկուզ այն առումով, որ գալիս են նոր ուժեր, ու հնարավորություն է ստեղծվում, որ փոխվի Ուկրաինայի կոշտ դիրքորոշումը մեր նկատմամբ: Մեր դժբախտությունն է, որ ներկա իշխանությունն անընդհատ աշխատում է այն պետությունների եւ քաղաքական ուժերի հետ, որոնք քվեարկում են մեր դեմ: Պատահական չէ, որ ԵՊՀ ռեկտորը պատվավոր պրոֆեսորական կոչումներ է տալիս հենց այն երկրների բարձրաստիճաններին, որոնք հայտարարում են, թե Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է՝ Իրանի նախագահ Ռաֆսանջանիին, ՌԴ նախկին ԱԳ նախարար Իգոր Իվանովին: ԱՄՆ-ն անընդհատ հօգուտ Ղարաբաղի որոշումներ է ընդունում, առանձին տողով գումարներ հատկացնում, ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում Հայաստանի համար անբարենպաստ գործընթացը կանխեց հենց ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Բայց մենք ասում ենք՝ չէ, Ռուսաստանն է լավը, որը մեզ հետ միասին ՀԱՊԿ անդամ է, բայց ՄԱԿ-ում քվեարկում է ձեռնպահ, իսկ ԵԽԽՎ-ում նրանց պատվիրակներն էլ թողնում-հեռանում են Աթկինսոնի բանաձեւի քվեարկության ժամանակ: Եկեք հրաժարվենք այդ սխալ մոտեցումներից, որպեսզի չվանենք մեր իսկակա՛ն բարեկամներին: Զրուցեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել