Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱՌԻՑ, ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ՝ ԴԵՊԻ ԴԱՏԱՐԱՆ

Դեկտեմբեր 03,2004 00:00

Ոչ պետական բուհերին ձեռնտու
չէ հավատարմագրվել բնականոն ճանապարհով Վերջերս դատարանի միջնորդությամբ
«դեղագործություն» եւ «բուժական գործ» մասնագիտությունների համար հավատարմագիր ձեռք
բերեց Սուրբ Թերեզայի անվան գթության քույրերի ինստիտուտը: ՀՀ ԿԳ նախարարության լիցենզավորման
եւ հավատարմագրման ծառայությունից տեղեկացանք, որ ինստիտուտը հուլիս ամսին նշված
մասնագիտությունների գծով հրաժարվել է մասնակցել քննություններին՝ պատճառաբանելով,
թե իրենց ուսանողները բացակայում են քաղաքից: «Երբ ինստիտուտի ներկայացուցիչների
հետ հավաքվեցինք խորհրդակցության, ոչ ոք չասաց, որ իրենց ուսանողներն այստեղ չեն:
Բայց քննությունից երկու օր առաջ, երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր եւ մնում էր միայն
պայմանավորվել տեղի եւ ժամի համար, հանկարծ ռեկտորից գրություն է գալիս նախարարի
անունով, որ իրենց ուսանողները բացակայում են քաղաքից եւ իրենք չեն մասնակցելու քննությանը:
Ես ինքս ընկա անհարմար վիճակի մեջ, քանի որ արդեն պայմանավորվել էի հանձնաժողովի
անդամների հետ եւ ստիպված էի նրանց փոխարեն ներողություն խնդրել»,- «Առավոտին» պատմեց
լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը: Նրա
կարծիքով, ոչ պետական բուհերն ընտրում են հավատարմագիր ստանալու «դատական» ճանապարհը,
քանի որ չունեն բավարար մակարդակ՝ քննություններին մասնակցելու համար: Դատարանի
միջոցով հավատարմագիր ստանալը սկսվել է 2002-ից, երբ, ըստ Ա. Մելքոնյանի, անհրաժեշտություն
առաջացավ որոշ ժամանակով հետաձգել հավատարմագրման գործընթացը՝ օրինական հիմքեր, այսինքն՝
չափանիշներ մշակելու համար: Ոչ պետական բուհերի ռեկտորների կարծիքով, ստեղծված պայմաններում
բուհերը հայտնվել էին անհավասար կարգավիճակներում. մեկին հնարավորություն էր տրվել
առանց չափորոշիչների քննություններ հանձնել եւ հավատարմագիր ստանալ, իսկ մյուսներին՝
ոչ: Նրանք համոզված են, որ այդ ժամանակ հավատարմագրվեցին միայն որոշ «ընտրովի» բուհեր,
իսկ հետագայում «քննություններին մասնակցելու արգելքների նպատակը բուհերի քանակի
կրճատումն էր»,- վստահ է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի
ռեկտոր Վաղարշակ Մադոյանը: Որ հավատարմագրման գործընթացում հենց սկզբից եղել
են մի շարք թերություններ եւ բացթողումներ՝ ընդունում է լիցենզավորման եւ հավատարմագրման
ծառայության պետի տեղակալը: «Բայց մեզ չի սազում, որ կրթության հարցերը լուծենք դատարաններում,-
ասում է Անահիտ Մելքոնյանը,- եթե իսկապես կրթության նվիրյալներ եք, եկեք մակարդակ
ապահովենք»: Նա առաջարկում է ստեղծված իրավիճակից ելք փնտրել ոչ թե դատարանների,
այլ համագործակցության միջոցով: ԶԱՐՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆՀ. Գ. «Առավոտին» հաջողվեց
որոշ մանրամասներ իմանալ հավատարմագրման գործընթացների ներքին խոհանոցից: Ըստ մեր
տվյալների, շատ հաճախ բուհը տվյալ մասնագիտության հավատարմագրման համար ներկայանում
է ընդամենը 3-4 ուսանողներով: Եվ այդ մի քանի հոգու 60 տոկոսի դրական գնահատականները
որոշում են բուհի տվյալ մասնագիտության ճակատագիրը: Կա եւս մի «խորամանկություն».
քննությունների ընթացքում բուհի ղեկավարությունը հեռացնում է վատ սովորող ուսանողներին,
որոնք կարող են ազդել արդյունքների վրա, եւ հետո, երբ լիցենզիան ստանում է, նորից
այդ ուսանողներին հետ է ընդունում՝ արդեն հավատարմագրված մասնագիտությամբ սովորելու:
Լիցենզավորման եւ հավատարմագրման գործընթացներում, ըստ մեր աղբյուրի, ներգրավված
են մեծ թվով կոռումպացված մասնագետներ: Մինչ ատեստացիոն քննությունների անցնելը,
«անկախ աուդիտորները» (ԿԳՆ եւ տարբեր բուհերի մասնագետներ) ուսումնասիրություններ
են անցկացնում բուհում, տալիս իրենց գնահատականը, որից հետո միայն կազմակերպվում
են քննությունները: Այս «անկախ աուդիտը» շատ հաճախ տալիս է այնպիսի եզրակացություն,
որն իրականությունից բավական հեռու է: Օրինակ՝ բուհը հաճախ չունի անհրաժեշտ պայմաններ՝
ուսումնական գործընթաց կազմակերպելու համար, չունի լաբորատորիայից օգտվելու պայմանագիր՝
այն պետական բուհի հետ, որի ներսում ինքը գործում է, կուրսերը ճիշտ չեն կոմպլեկտավորված
եւ այլն: Էլ չենք ասում այնպիսի բուհերի մասին, որոնք կարող են գործել 3-4 սենյականոց
բնակարաններում՝ ընդամենը մի քանի հոգով: Սակայն այդ բոլոր թերությունները ի հայտ
են գալիս միայն լիցենզիա ստանալուց հետո: Պետական բուհերն էլ
առիթը բաց չեն թողնում՝ ժամանակ առ ժամանակ հայտարարելու, որ ոչ պետական բուհերը
չեն կարող համեմատվել պետականների հետ՝ իրենց ուսուցման մակարդակով: Սակայն այն հանձնաժողովները,
որոնք ոչ պետական բուհերում անցկացնում են ատեստացիոն քննություններ, կազմված են
նաեւ պետական բուհերի ռեկտորներից: Այդ ինչպես է, որ քննություն հանձնելիս այդ նույն
ռեկտորների համար որակը բավարար է, իսկ ընդհանուր առմամբ՝ բավարար չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել