Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉՆԵՂԱՆԱ

Դեկտեմբեր 03,2004 00:00

Վրաց
գործընկերների հետ շփվելիս մեր պաշտոնյաները չեն մոռանում «մեծ եղբորը» Երեկ
ՀՀ ԳԱԱ-ում բավականին ներկայացուցչական կազմով տեղի ունեցավ «Հայ-վրացական գործարար
համագործակցության ասոցիացիայի» հիմնադիր ժողովը: Բնական է, որ նույնիսկ հայ-վրացական
այս նախաձեռնության մեջ աներեւույթ ներկա էր ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը,
որից «դաբրո» ստանալը խիստ անհրաժեշտ է Հայաստանի ներկայացուցիչների համար: Համաժողովին
ուղղված՝ ի թիվս Հայաստանի եւ Վրաստանի նախագահների ողջույնի խոսքի, հրապարակվեց
նաեւ «Հայ-ռուսական գործարար համագործակցության» համանախագահ Նիկոլայ Ռիժկովի ուղերձը,
որով նա ողջունելով ասոցիացիայի կազմավորումը՝ վստահություն էր հայտնել, որ այն «նոր
որակ կհաղորդի ինչպես հայ-վրացական ավանդական համագործակցությանը, այնպես էլ եռակողմ
համագործակցությանը՝ Երեւանի, Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ»: Ն. Ռիժկովը նշել էր նաեւ,
թե հայ-վրացական գործարար համագործակցությունը արդյունավետ կլինի՝ նկատի ունենալով
հայ-ռուսական համագործակցության հաջող փորձը: Իր ելույթում ասոցիացիայի համանախագահ
Վլադիմիր Բադալյանը շարունակելով այս միտքը՝ նախ շեշտեց, թե՝ հայ-վրացական ասոցիացիայի
ստեղծումը հաջորդել է տարեսկզբին ռուս-հայկական գործարար համագործակցության ստեղծմանը:
Ավելի ուշ նա հավելեց. «Անշուշտ, հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ձեւավորման
եւ զարգացման գործում իր ուրույն դերն ունի արդեն կայացած եւ հաջողություններ ամրագրած
հայ-ռուսական գործարար կապերի ասոցիացիան, Ռուսաստանի մեր գործընկերները ողջունել
են Վրաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման գաղափարը, որը, վերջին շրջանում
ռուս-վրացական հարաբերությունների բարդացման ֆոնի վրա, արդեն հասունացած պահանջ է
դարձել: Եվ հատկանշական է, որ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ երկու երկրների
ղեկավարների կողմից կարեւորվեց այդ հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ միջնորդ
հանդիսանալու դերը»: Իհարկե, Վ. Բադալյանը միայն ՌԴ-ի կարեւորության մասին
չէ, որ խոսեց: Անդրադառնալով հայ-վրացական համագործակցությանը՝ նա ասաց, թե ասոցիացիայի
լուծելիք խնդիրների շարքում է նաեւ երկու երկրների հաղորդակցական ուղիների հարցը,
որը լուրջ բարդություններ է հարուցել հայկական կողմի համար: Այդ ուղղությամբ, ըստ
նրա, արդեն առաջին քայլերն են արվում: Վրաստանի խորհրդարանում շրջանառության մեջ
է դրվել օրինագիծ, որով վերացվում է ՀՀ մուտք գործող ապրանքներից գանձվող ճանապարհահարկը,
ինչը կխթանի ՀՀ-ին՝ մեծացնելու բեռնափոխադրումների ծավալը: Վ. Բադալյանի ասելով,
Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակից հետո հաղորդակցության այլընտրանքային
ուղիներ որոնելու նպատակով էլ քննարկվել է Նովոռոսիյսկ-Կովկաս-Փոթի լաստանավային
ճանապարհի հարցը: Բացի այդ, Վրաստանը պատրաստ է հայկական կողմին Փոթիում ծովափնյա
տարածքներում նավամատույցի կառուցման տեղ հատկացնել, որը բավականին նպաստավոր պայմաններ
կստեղծի ՀՀ մեծածավալ բեռնափոխադրումների համար: Նա միաժամանակ շեշտեց, թե հայ-վրացական
տնտեսական ինտեգրացիան մեծացնում է նաեւ ՀՀ-ի՝ Արեւմուտքին ինտեգրվելու հնարավորությունները:
Վրացական կողմից ասոցիացիայի համանախագահ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր
Բեսո Ջուգելին իր հերթին կարեւորելով հայ-վրացական գործարար համագործակցությունը՝
միաժամանակ նկատեց, թե անդրկովկասյան երեք հանրապետություններն առանձին-առանձին չեն
կարող գրավիչ լինել միջազգային շուկայի համար: Նրա համոզմամբ, միանգամայն այլ կլիներ,
եթե Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը փոխադարձ ինտեգրվելու փորձ անեն եւ որպես միասնական
շուկա ներկայանան միջազգային հանրությանը: Սա այն է, ինչի մասին մշտապես երկկողմ
համագործակցության ցանկացած մակարդակներում շեշտում են վրաց պետական ու քաղաքական
գործիչները: Այդ համատեքստում, շրջանցելով Ռուսաստանի թեման, Բ. Ջուգելին ասաց, թե
երեւանյան այս նիստից հետո ինքն ու իր թիմը նախաձեռնելու են համանման ասոցիացիա ստեղծել
վրաց եւ ադրբեջանցի գործարարի համար, որի հաջորդ քայլը կլինի այս անգամ՝ «վրաց-ադրբեջանական-հայկական
գործարար համագործակցության ասոցիացիա» ստեղծելը: «Ես այդ մասին ասել եմ իմ հայ գործընկերներին
եւ տպավորություն ունեմ, որ նրանք համաձայն են այդ նախաձեռնությանը»,- շեշտեց Վրաստանի
պատգամավորը: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ Վ. Բադալյանը նկատեց, թե հայ-վրացական
հարաբերությունները երբեք վատ չեն եղել, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո պլանային տնտեսության
սովորած ամեն մի երկիր հիմա փորձում է այլ երկրների հետ գործարար համագործակցության
դաշտ ստեղծել. «Ասոցիացիայի ստեղծումը նպատակ ունի լայն դաշտ ստեղծել գործարարների
հանդիպումների, պայմանավորվածություններ ձեռք բերելու, աշխատանքային ծրագրեր մշակելու
համար: Այսօր Երեւան ժամանած վրաց պատվիրակները եկել են իրենց գործընկերների հետ
արդեն որոշակի պայմանավորվածություններ ունենալով, որոնք կարող են իրականացվել արդեն
հաջորդ տարի»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել