Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չուգունե դեմոկրատիա

Դեկտեմբեր 03,2004 00:00

Չուգունե
դեմոկրատիա Ռուսաստանը խիստ յուրովի է արձագանքում իր շահերի
անմիջական շրջանակներում ծավալվող քաղաքական իրադարձություններին: Դիցուք՝ Աբխազիայում
չկարողացավ հաղթանակ տանել Կրեմլի հովանավորյալ թեկնածու Ռաուլ Խադջիմբան. Ռուսաստանի
արձագանքն ուղղակի ցնցող է՝ փակել Աբխազիայի հետ սահմանը: ՌԴ Կրասնոդարի երկրամասի
նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի այս սպառնալիքների մասին «Առավոտն» արդեն տեղեկացրել
է: Այն մասին, որ Աբխազիայի հետ ունեցած ՌԴ սահմանները կփակվեն, երեկ հայտարարել
է նաեւ Ռուսաստանի վարչապետի օգնական Գենադի Բուկաեւը: Այս պատմությունն ամենայն
ճշգրտությամբ կրկնվում է այժմ էլ Ուկրաինայի պարագայում: Նույն Տկաչովը, ի դեպ, չի
բացառել իրադարձությունների որոշակի սցենարով զարգացման դեպքում նաեւ Ուկրաինայի
հետ սահմանների փակման հնարավորությունը: Ավելին, ՌԴ Պետդումայի՝ առավելապես հայրենասիրական
գունավորում ունեցող շրջանակներից խրոխտ կոչեր են հնչում այսօրեւեթ փակել «կ չորտու»
Ռուսաստանից Ուկրաինա ձգվող էներգատար խողովակների պտուտակները: Փորձենք վերծանել
այս վարքագծի հիմքում ընկած տրամաբանությունը, եթե այդպիսինն ընդհանրապես գոյություն
ունի: Փաստորեն, Ռուսաստանը մեծահոգաբար դեմ չէ, որ Աբխազիայում, Ուկրաինայում, Բելառուսում
եւ այլուր տեղի ունենան նախագահական ընտրություններ, բայց պայմանով, որ այդ երկրներում
ժողովուրդը ընտրի բացառապես Մոսկվայի նախընտրած թեկնածուին: Դեմոկրատիայի ենթադրած
ցանկացած այլ լուծում Կրեմլի համար նույնքան անընդունելի է, որքան անընդունելի է,
ասենք՝ հյուսիսկորեական կամ իրանական միջուկային զենքը ԱՄՆ-ի համար: Եվ հակաքայլերն
էլ, ըստ էության, համարժեք են: Չընտրեցի՞ք իմ թեկնածուներին, շատ լավ, «գլուխներդ
քարը», ուրեմն գազը կփակեմ, հոսանքը կկտրեմ կամ երկաթուղին կշրջափակեմ: Այս
կացնային եւ իր բովանդակությամբ խոր միջնադարին հարիր գործելակերպը վերջին շրջանում
դարձել է Պուտինյան Ռուսաստանի արտաքին քաղաքական ամենամոդայիկ եւ ըստ էության հիմնական
գործիքը, որի պատճառած վնասի մեծագույն մասը, սակայն, բաժին է ընկնում նույն Ռուսաստանին:
Դատեք ինքներդ. ինչի՞ կնմանվի առանց այդ էլ վարկաբեկված այս երկիրը, եթե ինքն իրեն
մեկուսացնի Ուկրաինայից, իսկ այդպիսով՝ նաեւ Եվրոպայից: Իսկ Աբխազիայի դեպքում խնդիրն
ինչ-որ տեղ զավեշտական երանգներ է ձեռք բերում: Դժվար է Վրաստանի համար ավելի լավ
նվեր մտածել, քան ՌԴ կողմից Սուխումի մեկուսացումը: Ի՞նչ պետք է անի բոլոր կողմերից
շրջափակված Աբխազիան, եթե միայն հուսահատությունից չնետվի Թբիլիսիի գիրկը: Ի դեպ,
Վրաստանը չի հապաղել օգտվել այս հրաշալի առիթից: «Մենք կանենք ամեն ինչ, որ մեր քաղաքացիներին
հումանիտար ճգնաժամ չսպառնա»,- արդեն խոհեմաբար հայտարարել է Վրաստանի պետնախարար
Գեորգի Խաինդրավան: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել