Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉՎԱՆԵՆՔ ՄԵՐ ԻՍԿԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ»

Դեկտեմբեր 03,2004 00:00

«Արմատ»
կենտրոնի խորհրդի անդամ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գործող իշխանությանն առաջարկում
է վերանայել արտաքին քաղաքական կողմնորոշումները եւ սխալ մոտեցումները: –
Որո՞նք են պատճառները, որ մեր երկիրն անընդհատ, կոպիտ ասած՝ ճիշտ «ձիու վրա չի դնում
իր խաղագումարը»: Մեկ ազգովի լծվել էինք Ջոն Քերիի պաշտպանությանը, իսկ այժմ էլ Ռոբերտ
Քոչարյանը շնորհավորեց Վիկտոր Յանուկովիչին՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
– Հայաստանի արտաքին ներկա քաղաքականության հիմքում հայդատականությունն է:
Իսկ երբ նման պահանջատիրական սխալ մոտեցումներով ես առաջնորդվում՝ անընդհատ են թույլ
տրվում վրիպումներ, ինչպես, ասենք, Ջոն Քերիի պաշտպանության պարագայում էր՝ «ավանդական»
կուսակցությունների կողմից: Նույնը կատարվեց Վրաստանի դեպքում, երբ Հայաստանում տարվում
էր հակասահակաշվիլիական լուրջ արշավ: Նույնն այսօր Ուկրաինայի պարագայում է: Ոչ ոք
գործող իշխանությանը չէր ստիպում վաղաժամ շնորհավորել Յանուկովիչին, երբ ԿԸՀ-ի որոշումն
անգամ չէր հրապարակվել մամուլում, ուստի՝ չէր մտել օրինական ուժի մեջ: Իսկ հիմա ստացվում
է, որ Ուկրաինայում ընթանում է իշխանափոխության լուրջ գործընթաց, սակայն Հայաստանը՝
մի շարք հետամնաց ու ամբողջատիրական երկրների հետ, ինչպես Բելառուսն է, Ղազախստանը,
Ղրղըզստանը կամ ՌԴ-ն, շնորհավորեց այն մարդուն, որն Ուկրաինայի օրենքներով՝ դեռ չէր
ընտրվել նախագահ: – Ռոբերտ Քոչարյանն այս հարցում ուղղակի հետեւեց Վլադիմիր
Պուտինի կրկնակի շնորհավորանքին: Սակայն արդյոք արդարացվա՞ծ է Ռուսաստանին այդպես
հնազանդ երկրորդելը, երբ Վրաստանի իրադարձություններից հետեւում է, թե այդ երկիրը
կարծես հեռանում է մեր տարածաշրջանից: – Ավելի ճշգրիտ կլիներ ձեւակերպել,
թե Ռուսաստանին, մեղմ ասած, հեռացնում են այս տարածաշրջանից: Այդ երկիրը չի կարողանում
ընտրել զարգացման ճիշտ ճանապարհ. օրեցօր թուլանում, փլուզվում է Ռուսաստանի կիսաամբողջատիրական,
կիսաավտորիտար տնտեսությունը, սահմանափակվում են ազատությունները: Ուստի պարզ է,
որ Ռուսաստանը ռեսուրս չունի պահելու իր գերիշխանությունն այս տարածքում: Սակայն
նույնիսկ Աբխազիայի պարագայում, երբ նախագահի բոլոր թեկնածուները ռուսամետ էին՝ Ռուսաստանը
չէր բավարարվում դրանով: Եվ ուզում էր, որ անպայման իրենց ԿԳԲ-ի գործակալը լինի Աբխազիայի
նախագահը: Այսինքն՝ այդ երկիրն իրոք խաղում է ապակառուցողական դեր: Համաձայն եմ,
որ մենք պետք է Ռուսաստանի հետ ակտիվորեն համագործակցենք, ունենանք բարիդրացիական
հարաբերություններ: Բայց դեմ եմ, որ մեր ղեկավարները լինեն դրածոներ: Եվ Ուկրաինայի
կես միլիոնանոց հանրահավաքները նաեւ ընդվզում են հենց Ռուսաստանի դեմ: – Ռուսական
մամուլն էլ Յուշչենկոյին է մեղադրում Արեւմուտքի առնվազն ազդեցության գործակալը լինելու
մեջ: – Ուզում եմ հիշեցնել, թե 1988-ի ղարաբաղյան շարժմանն ինչպես էր արձագանքում
պաշտոնական Մոսկվան՝ մեր ժողովրդին անվանելով «մի խումբ անջատողականներ», աղավաղելով
ԼՂ խնդրի էությունը եւ այլն: Նույնը հիմա կատարվում է Ուկրաինայի նկատմամբ: Ռուսաստանում
խոսում են ամեն ինչից, բացի հիմնական հարցից՝ որ կեղծվել են Ուկրաինայի ընտրությունների
արդյունքները: Ինչ է, պիտի կո՞ւլ տանք այդ խայծը: Ինչպե՞ս են գործակալ կամ դրածո
անվանում մի մարդու, որի օգտին, նույնիսկ այդ կեղծված ընտրությունների արդյունքներով՝
քվեարկել է 14 միլիոն մարդ: Ի՞նչ է, նրանք բոլորն Արեւմուտքի դրածոնե՞ր են: Ի վերջո,
պետք է սովորենք ոչ միայն մեզ հարգել, այլեւ ուրիշ ազգերի էլ: Ուստի խիստ վտանգավոր
է, որ Հայաստանի գործող ղեկավարը շնորհավորեց անօրինական ու չընտրված նախագահին:
Իշխանության նման սխալ գործողությունները հանգեցնում են նրան, որ իրոք վտանգված է
հայ ժողովրդի անվտանգությունը: – Առանց այդ էլ Ուկրաինան միջազգային կառույցներում
եւ այլուր առավել աջակցում էր ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին: – Այ, հենց
այդ պատճառով էլ մեր իշխանությունը պիտի զգույշ լիներ ու չշնորհավորեր Ուկրաինայի
հենց այն վարչախմբին, որը միջազգային կառույցներում անընդհատ քվեարկում է Հայաստանի
դեմ: Իշխանափոխությունը մեզ ձեռնտու է թեկուզ այն առումով, որ գալիս են նոր ուժեր,
ու հնարավորություն է ստեղծվում, որ փոխվի Ուկրաինայի կոշտ դիրքորոշումը մեր նկատմամբ:
Մեր դժբախտությունն է, որ ներկա իշխանությունն անընդհատ աշխատում է այն պետությունների
եւ քաղաքական ուժերի հետ, որոնք քվեարկում են մեր դեմ: Պատահական չէ, որ ԵՊՀ ռեկտորը
պատվավոր պրոֆեսորական կոչումներ է տալիս հենց այն երկրների բարձրաստիճաններին, որոնք
հայտարարում են, թե Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է՝ Իրանի նախագահ Ռաֆսանջանիին,
ՌԴ նախկին ԱԳ նախարար Իգոր Իվանովին: ԱՄՆ-ն անընդհատ հօգուտ Ղարաբաղի որոշումներ
է ընդունում, առանձին տողով գումարներ հատկացնում, ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում Հայաստանի
համար անբարենպաստ գործընթացը կանխեց հենց ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Բայց մենք ասում
ենք՝ չէ, Ռուսաստանն է լավը, որը մեզ հետ միասին ՀԱՊԿ անդամ է, բայց ՄԱԿ-ում քվեարկում
է ձեռնպահ, իսկ ԵԽԽՎ-ում նրանց պատվիրակներն էլ թողնում-հեռանում են Աթկինսոնի բանաձեւի
քվեարկության ժամանակ: Եկեք հրաժարվենք այդ սխալ մոտեցումներից, որպեսզի չվանենք
մեր իսկակա՛ն բարեկամներին: Զրուցեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել