Հայ կոմպոզիտորներից ճանաչում եմ միայն Խաչատրյանին Խոստովանում է ամերիկացի դաշնակահար Դեյվիդ Ֆիլիպսը Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա ամերիկացի դաշնակահար Դեյվիդ Ֆիլիպսի մենահամերգը: Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հրավիրված ասուլիսում պրն Ֆիլիպսը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 3-ին էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում համատեղ համերգ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան): «Առաջին անգամ եմ Հայաստանում, բնականաբար հուզված եմ, լսել եմ, որ հարուստ մշակույթ ունեք»,- ասաց դաշնակահարը: «Առավոտին» հետաքրքրում էր՝ ծանո՞թ է ամերիկացի դաշնակահարը հայ կոմպոզիտորների գործերին: Պարզվեց՝ գիտի միայն Արամ Խաչատրյանին, այն էլ մեկ ստեղծագործությամբ՝ Դաշնամուրային կոնցերտով: Այս ստեղծագործությունը նա երբեւէ չի նվագել, բայց մտադիր է առաջիկայում ներառել իր երկացանկում: Դ. Ֆիլիպսն ասաց, որ իր ուսուցիչները աշակերտել են Իգոր Ստրավինսկուն, իսկ ինքն ուսանել է Միչիգանի համալսարանում, ապա մագիստրոսի կոչում ստացել Նյու Յորքի Ջուլիարդի դպրոցում: Հանդես է եկել Սան Անտոնիոյի, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբերի, Վիեննայի ֆիլհարմոնիկի եւ այլ ճանաչված օրկեստրների հետ: Դաշնակահարն ասաց, որ պատանեկան տարիքից տարված է Բախով, պատահական չէ, որ այսօրվա համերգում կհնչեն «Գոլդբերգի վարիացիաները»: Հարցին՝ ինչո՞ւ է որոշել հատկապես Հայաստանում համերգներ ունենալ, պրն Ֆիլիպսը պատասխանեց, որ ԱՄՆ-ում տպագրվող երաժշտական ամսագրերից մեկում կարդացել է Հայաստանի մասին, այնուհետեւ սկսվել է համագործակցությունը ՀՊՖՆ-ի հետ: «Առավոտի»՝ «Նախատեսվա՞ծ է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում անցկացնել վարպետության դասընթաց» հարցին դաշնակահարը պատասխանեց. «Կոնսերվատորիայում՝ ոչ, բայց, ա՛յ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անպայման կլինեմ, որոշել եմ ունկնդրել սաների կատարումները»: Դ. Ֆիլիպսը մտադիր է Հայաստանում «հայտնաբերել» նոր անուններ՝ հետագա համագործակցության ակնկալիքով: Նա նաեւ «Առավոտին» ասաց, որ չնայած բազմազբաղությանը, հույս ունի այցելել Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարան եւ ծանոթանալ աշխարհահռչակ կոմպոզիտորի կենսագրությանն ու վաստակին: Պարզեցինք նաեւ, որ Դեյվիդ Ֆիլիպսը ԱՊՀ երկրներից հյուրախաղերով հանդես է եկել միայն Ռուսաստանում եւ Հայաստանում: 2005-2006 թվականներին համերգաշրջանում դաշնակահարը հանդես կգա Սաքրամենտոյի ֆիլհարմոնիկի հետ, կրկին համերգներ կլինեն Երեւանում՝ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ: Այս տարվա վերջին կթողարկվի Դեյվիդ Ֆիլիպսի նոր ձայնասկավառակը՝ Բախի «Գոլդբերգի վարիացիաներով»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ